Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Հայաստանը պետք է մերժի մահապատիժ կիրառող պետության արտահանձնման պահանջը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իրավական պաշտպանություն է տրամադրում Բելառուսի Հանրապետության (պետություն, որտեղ դեռևս մահապատիժը գործում է որպես պատժի միջոց) քաղաքացի Վլադիմիր Բալանդինին։

Վլադիմիր Բալանդինի նկատմամբ իր քաղաքացիության երկրում հարուցված է քրեական հետապնդում՝ Բելառուսի քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի հատկանիշներով։ Քրեական գործը հարուցվել է, երբ Բալանդինը մասնակցել է անհնազանդության ակցիաներին։ Բալանդինը ՀՀ-ում անազատության մեջ է գտնվում 2024 թ․ մարտի 10-ից, իսկ ապրիլի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Բալանդինին արտահանձնելու մասին միջնորդություն։

Արդեն 2024 թվականի մայիսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կայացրել է հանձնումը թույլատրելու մասին որոշում, նշելով, որ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունը տրամադրել է միջազգային պայմանագրերով նախատեսված Բալանդինի իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքներ։

Այսինքն ՀՀ Գլխավոր դատախազությունը, անտեսելով Բելառուսում մարդու իրավունքների զանգվածային և անմարդկային խախոտումների փաստերը (կան հարյուրավոր զեկույցներ, հայտարարություններ միջազգային կազմակերպությունների, կառույցների, առանձին պետություննների կողմից) , հիմք է ընդունում  բռնապետական ռեժիմի հավաստիացումները երաշխիքների մասին և կայացնում հանձնումը թույլատրելու մասին որոշում։

Հատկանշական է այն հանգամանքը, որ 2024 թ․ հունիսի 4-ին Կազմակերպությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ ապաստանի վարույթ հարուցելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ինչը ենթադրում է, որ այս պահին առնվազն պետք է կասեցվի կայացված որոշման կատարումը։

Համաձայն ՀՀ Սահմանադրության, ներպետական օրենսդրության և ՀՀ-ի կողմից վավերացրած միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների՝ ոչ ոք չի կարող հանձնվել օտարերկրյա պետությանը, անգամ եթե դա անձի քաղաքացիության պետությունն է, եթե լուրջ հիմքեր կան կասկածելու, որ այդ պետությունում անձը կարող է ենթարկվել խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի:  

Ուստի, պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ապօրինի ձերբակալված և անազատության մեջ գտնվող Վլադիմիր Բալանդինին և հստակ իրավաքաղաքական դիրքորոշմամբ մերժել վերջինիս Բելառուսի Հանրապետություն արտահանձնելու միջնորդությունը՝  հիմքով, որ առկա է իրական վտանգ վատ վերաբերմունքի և խոշտանգման ենթարկվելու։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր