0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Դատարանը մեղավոր է ճանաչել ոչ պատշաճ բուժզննության ենթարկված ու զինծառայությանը ոչ պիտանի ճանաչված զորակոչիկին՝ պարտադիր ժամկետային զինծառայությունից խուսափելու համար

March 21, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

Զորակոչիկ Ա. Դ.-ի իրավունքների խախտմամբ կայացված դատավճիռը ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանը բողոքարկել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան

 

2016 թվականից ՀՔԱՎ գրասենյակն զբաղվում է վանաձորցի Ա. Դ.-ի իրավունքների պաշտպանությամբ, ով, չնայած առողջական խնդիրներին, ճանաչվել է պիտանի զինծառայությանը՝ սահմանափակումով: Համաձայն չլինելով Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությանը՝ Ա.Դ.-ը չի մեկնել զինծառայության: 2016 թ. սեպտեմբերին նրա նկատմամբ հարուցվել  է քրեական գործ: Իրավական աջակցության նպատակով նա դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Լոռու մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում  Ա. Դ.-ի շահերը ներկայացնող ՀՔԱՎ փաստաբաններ Սյուզաննա Սողոմոնյանը, ապաև Հայկ Հակոբյանը, գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզել  են, որ 2016 թ. զորակոչի ժամանակ Ա․Դ.-ը առողջական վիճակի պատշաճ ու համալիր հետազոտություններ չի անցել, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ քաղաքացին  չհամաձայնի Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշման հետ ու չմեկնի զինծառայության։ 

 

2020 թվականի փետրվարի 7 –ին Լոռու մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նիստը նախագահող դատավոր Մուշեղ Հարությունյանի գլխավորությամբ, կայացրել է վճիռ՝ մեղավոր ճանաչելով  Ա. Դ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը…1. Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում)  նախատեսված  հանցագործության կատարման մեջ և դատապարտել  ազատազրկման՝ 1 տարի ժամկետով: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Սահմանվել է փորձաշրջան՝ ՀՀ ՔՕ 70-րդ հոդվածի համաձայն (Պատիժը պայմանականորեն չկիրառելը): Ա. Դ.-ի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դրվել է Արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության՝ զորակոչիկի բնակության վայրի համապատասխան ստորաբաժանման վրա, միաժամանակ կիրառվել խափանման միջոց՝  ստորագրություն չհեռանալու մասին: 

 

ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը 2020 թ. մարտի 2-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Լոռու մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թ. փետրվարի 7-ի դատավճիռն ու արդարացնել Ա.Դ-ին՝ նրան մեղսագրված արարքում՝ հանցակազմի բացակայության հիմքով

 

Հ. Հակոբյանը գտնում է, որ  Լոռու մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը  կայացրել է չհիմնավորված վճիռ՝ թույլ տալով դատական սխալ՝ նյութական ու դատավարական իրավունքի խախտում, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա: Մասնավորապես՝ վարույթն իրականացնող մարմինը գործով մի շարք կարևոր հանգամանքներ պարզելու ուղղությամբ չի իրականացրել պատշաճ քննություն, չի պարզել՝ որքանո՞վ են իրավաչափ եղել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործողությունները: 

 

 Ա.Դ-ի գործով նշանակված և անցկացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ նա զինծառայությանը պիտանի չէ: 2018-ին նշանակված փորձաքննության արդյունքներով, կան բավարար հիմքեր պնդելու, որ 2016 թ.-ի ամառային զորակոչին ևս, Ա.Դ-ը պետք է ճանաչվեր ոչ պիտանի զինծառայությանը, այնինչ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ: 

 

Հայկ Հակոբյանի այս  պնդման հիմքում մի շարք անհերքելի փաստեր կան: Թե՛ 2018թ.-ի, թե՛ 2016թ.-ի ամառային զորակոչերի ժամանակ Ա.Դ.-ն ողնաշարի գոտկասրբանային հատվածի հետ կապված ունեցել է նույն բողոք-գանգատները, ավելին՝ 2016թ.-ի զորակոչից հետո նրա առողջական վիճակում որևէ դրական փոփոխություն չի նկատվել, նա որևէ բժշկական միջամտության չի ենթարկվել, չի ստացել բուժում, մինչդեռ, եթե 2016թ.-ին անցներ ողնաշարի գոտկասրբանային հատվածի ՄՌՏ հետազոտություն, հենց միայն այդ արդյունքներով  կճանաչվեր ոչ պիտանի զինծառայությանը: Ստացվում է, որ դեռ 2016թ.-ին չի իրականացվել նրա առողջական վիճակի պատշաճ բուժզննություն:



Բացի այս, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանը վերաքննիչ բողոքում նաև համոզմունք է հայտնել,  որ մինչ անձի արարքում զինծառայությունից խուսափելու հատկանիշների առկայության կամ բացակայության մասին դատողություն անելն, անհրաժեշտ է ժխտել կամ հաստատել նրա մոտ ժամկետային զինծառայությունից ազատվելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմք(եր)ի  առկայությունը կամ բացակայությունը

 

Ա.Դ.-ի դեպքում հաստատվել է ժամկետային զինծառայութունից ազատվելու՝ օրենքով սահմանված հիմքը, այն է՝ առողջական վիճակ, որի պատճառով ոչ պիտանի է ճանաչվել զինծառայությանը: Նախաքննության և դատաքննության ընթացքում, Ա.Դ.-ն իր ցուցմունքներում մշտապես հավաստել է, որ չի հրաժարվում պարտադիր զինծառայությունից, բայցև համաձայն չէ ԿԲՀ-ի որոշման հետ, որով ճանաչվել է պիտանի զինծառայությանը՝ սահմանափակումով: Ընդ որում Ա. Դ.-ի անհամաձայնությունը եղել է հիմնավոր: ԿԲՀ-ը 2016թ.-ի զորակոչի ընթացքում չի իրականացրել Ա.Դ-ի առողջական վիճակի անհրաժեշտ հետազոտություններ, որոնք օբյեկտիվորեն կարտացոլեին նրա առողջական իրական վիճակը: ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Հ. Հակոբյանը, Վերաքննիչ դատարանի ուշադրությունը հրավիրել է հանգամանքին, որ քրեական պատասխանատվության միակ հիմքն այնպիսի արարք կատարելն է, որ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները՝ վկայակոչելով նման գործերով վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներից՝ ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերի վերաբերյալ, և ներկայացրել է բոլոր այն փաստերը, որոնք վկայում են Ա.Դ.-ի գործով հանցակազմի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ կողմերի ակնհայտ բացակայությունը: Ա.Դ-ն չի խուսափել զորակոչվելուց, մշտապես ներկայացել է զինկոմիսարիատ և պատրաստակամություն հայտնել զինծառայության մեկնելու. «Անվիճելի է, որ Ա.Դ-ը մշտապես ներկայացել է իր հաշվառման վայրի զինկոմիսարիատ, այնտեղից տրված ուղեգրերով անցել բազմաթիվ բուժհետազոտություններ: Անհերքելի է նաև այն, որ նա մշտապես ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, մշտապես մասնակցել թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում նշանակված բոլոր դատաբժշկական փորձաքննություններին,  ներկա գտնվել բոլոր դատական նիստերին: Այս ամենն ակնհայտորեն վկայում են, որ Ա.Դ-ի գործում բացակայում է քննության առարկա հանցագործության օբյեկտիվ կողմը»,- ասում է Հայկ Հակոբյանը: Ինչ մնում է սուբյեկտիվ կողմին՝ Հակոբյանը հղում է արել  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին, որով պարտադիր զինծառայությունից ազատվում է այն քաղաքացին, ով առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինծառայությանը: Այնինչ՝ այս գործով նախաքննական մարմինն ամբաստանյալի գործողություններին տվել է սխալ  քրեաիրավական որակում, դրա հետևանքով հանգել սխալ քրեաիրավական դիրքորոշման՝ արդյունքում Ա.Դ-ին առաջադրել անհիմն մեղադրանք: Դատարանն էլ վճիռ կայացնելիս՝ թույլ է տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի խախտում, հաշվի չի առել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչը նույնպես ազդել է այս գործի ելքի վրա: Վարույթն իրականացնող մարմինն, ամբաստանյալի ցուցմունքներում ներկայացված հանգամանքները պարզելու ուղղությամբ պատշաճ քննություն իրականացնելու փոխարեն, արժանահավատ չի համարել դրանք՝ խախտելով Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները՝ (Գործի արդարացի քննությունը… 3. Քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող, ինչպես նաև նրանց պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները): Հետևաբար, հիմնավոր է փաստաբան Հ. Հակոբյանի պնդումը, որ 2016թ.-ի զորակոչի, ապաև քրեական գործի նախաքննությամբ համալիր ու մանրակրկիտ բուժհետազոտություն չի իրականացվել, իսկ նման հանգամանքներում հնարավոր չէր ապացուցված համարել Ա.Դ-ի մեղքը՝ ՔՕ համապատասխան հոդվածով նախատեսված արարքի կատարման մեջ: 2016թ. ԿԲՀ-ն, առանց լրացուցիչ հետազոտություններ անցկացնելու, հիմնվելով ընդամենը կրկնակի դատաբժշկական հանձնաժողովի փորձաքննության եզրակացության վրա, Ա.Դ-ին նորից պիտանի է ճանաչել զինծառայությանը՝ սահմանափակումով: 

 

Փաստաբանի խոսքերով՝ ԿԲՀ-ը զորակոչիկին զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչելու համար չի ունեցել անհրաժեշտ ու բավարար հիմքեր, հետևաբար, հիմնավորված չէ, որ ամբաստանյալը զինծառայությունից խուսափել է՝ առանց օրենքով սահմանված հիմքերի առկայության:


Դատաքննությունն այդպես էլ չի ապացուցել  վերոհիշյալ հոդվածով նախատեսված հանցագործության կատարումն ամբաստանյալի  կողմից, ինչն իր հերթին ազդել է դատավճռի ելքի վրա: Վարույթն իրականացնող մարմինն էլ իր հերթին է թերացել՝ չիրականացնելով պատշաճ քննություն՝ պարզելու որքանո՞վ են  ԿԲՀ-ի գործողությունները իրավաչափ եղել: Ավելին՝ մեղադրական եզրակացության հիմքում այն վկաների ցուցմունքներն են, որոնք իրավասություն ունեին  եզրակացություն տալու միայն Ա.Դ.-ի առողջական վիճակի վերաբերյալ, ոչ թե որոշելու զինծառայությանը նրա  պիտանիության, առավել ևս՝ զինծառայությունից խուսափելու հարցերը:  Հետևաբար, վարույթն իրականացնող մարմինը չպետք է հիմնվեր նրանց ցուցմունքների վրա և մեղադրանք  առաջադրեր ՔՕ 327-րդ հոդվածի 1-ին մասով, հատկապես, որ այդ ցուցմունքները, ըստ որոնց իբր, Ա.Դ-ին անհրաժեշտ չի եղել ողնաշարի գոտկասրբանային  հատվածի ՄՌՏ հետազոտություն, հերքվել են դատաքննության ընթացքում: 

 

ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Հ.Հակոբյանը վերահաստատել է իր այն պնդումը, որ ԿԲՀ-ն թերացել է իր գործողություններում, չի իրականացրել ամբաստանյալի առողջական վիճակի օբյեկտիվ ու համակողմանի հետազոտություն և չի ունեցել նրան սահմանափակումով պիտանի ճանաչելու հիմք: Ելնելով նման իրավիճակից՝ պնդել, որ Ա.Դ-ն խուսափել է զինծառայությունից՝ առանց օրենքով սահմանված հիմքերի առկայության, առնվազն անհիմն է: 

 

Ամփոփելով վերաքննիչ բողոքում արտացոլված հիմնավորումները՝ Հայկ Հակոբյանը  խնդրել է ՀՀ վերաքննիչ դատարանին ամբողջությամբ բեկանել Լոռու մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թ. փետրվարի 7-ի վճիռը, փոխել այն՝ արդարացնելով Ա.Դ-ին՝ ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մեղադրանքում՝ միաժամանակ ճանաչելով նրա անմեղությունն այդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝  նրան մեղսագրվող արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Դիտումներ՝ 245

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը