Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Քանի դեռ չկա հաշվետվողականություն, նշանակումներն ու ազատումներն ընկալվում են կամայականություն. Սաքունց

Կառավարության կադրային փոփոխությունների և իրավապահ համակարգի շուրջ վերջին զարգացումների մասին «Ա1+»-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

 

Պարո՛ն Սաքունց, վերջին շրջանում ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում նշանակվեց ՊՎԾ պետի ժ∕պ Արգիշտի Քյարամյանը, պաշտոնից ազատվեց Շրջակա միջավայրի նախարարը: Դուք պարբերաբար բարձրաձայնում եք հաշվետվողականության և թափանցիկության անհրաժեշտության մասին՝ հատկապես, երբ խոսքը կադրային փոփոխությունների մասին է:  ԱԺ-ում վարչապետի ներկայացրած հիմնավորումները ձեզ բավարարե՞ցին:

 

-Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կադրային նշանակումների համար պետք է տրվեն հիմնավորումներ, քանի որ նրանց գործունեությունը բովանդակային ազդեցություն է ունենում իրենց ղեկավարած  գերատեսչության բնագավառում և անխուսափելիորեն առնչվում է հանրային շահին:

 

Այն, որ որոշում կայացնողը իր լիազորությունն է  իրականացնում, պարզ է, բայց թափանցիկ և հաշվետու կառավարման սկզբունքն այն է, որ այդ լիազորության իրականացման դրդապատճառները հանրությունը պիտի իմանա:

 

Ոստիկանապետի, ԱԱԾ պետի նշանակում-ազատում, նախարարի պաշտոնից հեռացում, սրանք այն պաշտոններն են, որոնց գնահատումը կատարվում է նշանակողի կողմից և վերջինս պարտավոր է իրազեկել, թե ինչի հիման վրա է նշանակում կամ ազատում: Պետք է հասկանալ, թե կառավարման հիմքում ինչ արժեքներ և մոտեցումներ են դրված:

 

Օրինակ՝ եթե մարդը իր պաշտոնավարման ընթացքում ընդունել է որոշումներ, կատարել է գործողություններ, որոնց հետևանքով խախտվել են մարդու իրավունքները, սա համարվո՞ւմ է կարևոր ցուցանիշ, մարդուն՝ պաշտոնին համապատասխան համարելու կամ չհամարելու համար, կամ համարվո՞ւմ է որոշիչ, պաշտոնատար անձի գործունեությունը գնահատելու համար: Սա հանրային վստահության մեկնակետն է:  Քանի դեռ չկա հաշվետվողականություն, նշանակումներն ու ազատումները ավելի շատ ընկալվում են կամայականություն:

 

Իսկ ինչո՞ւ  իշխանությունը չի գնում Ձեր մատնանշած ճանապարհով: Գուցե համարո՞ւմ է, որ հանրային բարձր լեգիտիմություն ունեցող Կառավարություն է և ժողովրդի վստահության պայմաններում կարող է որոշումներ կայացնել:

 

_Վստահությունը կամ լեգիտիմությունը մեկընդմիշտ տրված չեն լինում: Եթե ընտրվել են ազատ և արդար ընտրություններով, որը շատ կարևոր մեկնակետ է, ապա դա վերջը չէ: Վստահությունը պետք է հաստատել ամեն մի գործողության միջոցով, ինչը պետք է ամեն անգամ հիմնավորվի: Կադրային նշանակումների վերաբերյալ բացատրություն չտալը չի կարող մեկնաբանվել արդեն ի սկզբանե ունեցած վստահությամբ: Վստահությունը պետք է կարողանան պահպանել անընդհատ, ամենօրյա պարբերական հաշվետվությունների և թափանցիկության միջոցով, եթե դա չի ապահովվում, վստահությունը կորում է և սա ակնհայտ  նահանջ է թափանցիկ և հաշվետու կառավարման սկզբունքներից, նաև ակնհայտ չարաշահում եմ համարում այն վստահության, որը տրվել է ընտրության ժամանակ:

 

Կխնդրեի նաև իրավապահ համակարգին անդրադառնաք: Վարչապետը ասում է, որ խոստացածի համաձայն կադրային ջարդ չեն արել, բայց համակարգում դեռ կան մարդիկ, ովքեր փորձում են խաբել կառավարությանը: Վարչապետի այս արձանագրումներից, ինչպես նաև, օրինակ, Գագիկ Խաչատրյանի որդու անհետացումից հետո համակարգում կտրուկ փոփոխություններ սպասո՞ւմ եք:

 

_Մենք, երբ խոսում ենք կտրուկ փոփոխությունների մասին, ամենևին նկատի չունենք կադրային ջարդը: Ավելին՝ այս արտահայտությունը այն մոտեցումը չէ, որը կարող է ընդունելի լինել կտրուկ փոփոխությունների տեսանկյունից: Երբ մենք խոսում ենք արմատական, խորքային, համակարգային փոփոխությունների մասին,  հաշվի ենք առնում հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածը, երբ ավտորիտար կառավարման համակարգից պետք է անցում կատարել ժողովրդավարական կառավարման և իրավական պետության համակարգի: Սա ենթադրում է, մի քանի անհրաժեշտ պայման:

 

Առաջին՝ բոլոր այն պաշտոնատար անձինք իրավապահ մարմիններում, ովքեր ակնհայտորեն  փաստագրված մասնակից են եղել մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, օրինակ՝ ցուցարարների նկատմամբ բռնությունների գործադրմանը, այդ մարդկանցից պետք է ազատվել, սա կադրային ջարդ չէ, այլ համակարգի հրատապ համապատասխանեցումն է այն պահանջներին, որոնք առաջադրում է իրավական պետությունը: Դու չես կարող համակարգում  ունենալ մարդիկ, ովքեր բառացիորեն մի քանի տարի առաջ քաղաքացիների նկատմամբ իրենց իրավունքների իրացման ընթացքում բռնություն են գործադրել:

 

Երկրորդը՝ պետք է լինեն պահանջներ, չափանիշներ, որոնց հիման վրա որոշվում է կադրի կամ մասնագետների ընտրությունը, կամ համապատասխանեցումը այն գործառույթներին, որի համար նա պետք է նշանակվի աշխատանքի:

 

Երրոդը՝ պետք է ընդունվի ինստիտուտների (Ոստիկանություն,  ԱԱԾ, դատախազություն, քննչական մարմիններ, ՊԵԿ, ՊՆ)  լիազորությունները, պարտականությունները կարգավորող օրենսդրություն  և նրանց նկատմամբ պետք է սահմանվի խորհրդարանական վերահսկողություն:

 

Այս պարագայում արդեն կադրային ջարդ հասկացությունը տեղ չի ունենա, որովհետև կադրային ջարդը ենթադրում է կամայականություն, իսկ սա լինում է, երբ գործողությունները չափելի և հիմնավոր չեն:

 

a1plus.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ