Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պաշտոնատար անձինք կոռուպցիոն գործարքների մեջ չկան, բայց միայն դա չի կարող երաշխիք լինել

March 13, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, դատախազությունը հայտարարել է, որ 2018-ին 3,6 անգամ ավելացել են կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերը, 60 տոկոսով` քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց թիվը, 12 անգամ` պետությանը հասցված հայտնաբերված վնասի չափը։ Ինչպես եք գնահատում այս ցուցանիշները, սա պայմանավորված է երկրում տեղի ունեցող փոփոխություններո՞վ։

 

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը երբ դիտարկում ենք ցուցանիշների աճի տեսանկյունից, իր ոճով և բնույթով կարծես թե շարունակում է նախորդ տարիների իր գործելաոճը, երբ հանրությանը ներկայացվում էին որոշակի թվեր, որ այսքան թվով ավելի շատ քրգործեր են հարուցվել, այսքան ավել գումար բյուջե է մուտք արվել։ Այս տրամաբանության շրջանակներում են թվերը ներկայացված, և կարծես թե որևէ անդրադարձ չկա, թե ընդհանրապես այդ ընթացքում 2018-ին որևէ իրադարձություն տեղի՞ է ունեցել երկրում, թե ոչ։ Ես չեմ կարող դատախազության փոխարեն ենթադրել, թե արդյոք դա պայմանավորված է նրանով, որ քաղաքական իշխանությունը որևէ կոռուպցիոն հանցագործություն կատարող անձի չի հովանավորում, կամ չկա քաղաքական սահմանափակում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։ Կամ ընդհակառակը, կա կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու քաղաքական կամք, և դա բարենպաստ ազդեցություն է ունեցել դատախազության աշխատանքների վրա։ Կամ այդ քրեական գործերից քանի՞սը որ իրավապահ մարմիններն են բացահայտել։ Մենք գիտենք, որ կան ոստիկանության, ԱԱԾ-ի, մաքսային, հարկային մարմինների կողմից արվող բացահայտումներ։ Ի վերջո ո՞ր իրավապահ մարմինների կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա են հարուցված այդ քրգործերը։

 

Շատ ավելի կարևոր է հասկանալ, թե իրապես այս քաղաքական իրավիճակի փոփոխությունը որևէ անդրադարձ ունեցել է իրավիճակի վրա, թե ոչ։ Որովհետև եթե համեմատենք 2017 թվականի ցուցանիշները 2016-ի համեմատ, համոզված եմ, որ կտեսնենք հարուցված քրեական գործերի թվի աճ, պետական բյուջե վերադարձված գումարների աճ, պաշտոնատար անձանց թվի աճ, որոնց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ Այսինքն՝ սա այն մոտեցումը չէ, որը մեզ պետք է ներկայացվեր։ Իսկ ավելի հիմնական խնդիրն այն է, որ մենք ոչ թե պետք է շարժվենք միայն կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, այլ դրանց նվազեցման ճանապարհով։ Այսինքն՝ պետք է մտածել օրենսդրական փոփոխությունների մասին, կառավարության գործունեության թափանցիկությունը, հաշվետվողականությունը բարձրացնելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։ Որովհետև այս ցուցանիշների աճը չի խոսում կոռուպցիայի մակարդակի նվազման մասին։

 

Հիմնական խնդիրը կոռուպցիոն մտածելակերպի, գործելակերպի հաղթահարումն է և հաշվետու, թափանցիկ կառավարումը։ Մենք բոլորովին այլ մոտեցումներ և աշխատանքներ ենք ակնկալում։ Իսկ որ դատախազությունը պետք է իր հաշվետվության մեջ ներկայացնի, թե հաշվի առնելով այս բացահայտված կոռուպցիոն հանցագործությունները, դրանց պատճառները, դրանց հանգեցնող գործոնները, ինքն ի՞նչ առաջարկներ է ներկայացրել գործադիր իշխանությանը կոռուպցիոն հանցագործությունների նվազեցման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, կառավարման մարմինների թափանցիկության, հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ։ Ես մի ուշագրավ փաստ ասեմ, որը, ցավոք սրտի, այդ հաշվետվության մեջ չի տեղավորվում։ Մենք ժամանակին հաղորդում էինք տվել դատախազությանը, որը հետո հասցեագրել էր ոստիկանությանը, և այդպես էլ պատասխան չենք ստացել, թե ինչ են արել։ Խոսքն այն մասին է, որ ՀՀԿ-ն որպես կառավարող կուսակցություն, պաշտոնապես իր ֆինանսական միջոցներով երեք անգամ ավելի էր, քան մնացած բոլոր կուսակցությունները միասին վերցրած, այդ թվում գույքը։ Մենք հարց էինք բարձրացրել, թե որքանով են օրինական այդ միջոցների աղբյուրները, որքանով է օրինական ՀՀԿ գույքի ձեռքբերումը։ Այդ հարցերի վերաբերյալ որևէ բան չենք տեսնում։ Եթե սա լիներ, իմ մոտ կարող էր տպավորություն առաջանալ, որ իսկապես կա բովանդակային պայքար կոռուպցիոն հանցագործությունների, կոռուպցիոն ռիսկերի բացահայտման, կանխման և նրանց հետագա դրսևորումների դեմ։

 

Տեսակետ կա, որ կոռուպցիան թեև վերին օղակներում վերացել է, բայց ներքևում շատ անելիք կա։

 

Մենք վերև-ներքև հասկացություններով չենք մոտենալու խնդրին։ Խոսքը վերաբերում է կոռուպցիայի մակարդակի, կոռուպցիոն դրսևորումների նվազեցմանը հանգեցնող օրենսդրական, ինստիտուցիոնալ լուծումներին։ Խոսքը նաև պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող հայտարարագրերի, ներկայացված թվերի հիման վրա ուսումնասիրությունների, դրանցում բացահայտված օրինաչափությունների ուղղությամբ խորամուխ լինելու, օրենսդրական կարգավորման փոփոխման մասին  է։ Մենք չենք կարող կոռուպցիայի դեմ պայքարը պայմանավորել միայն քրգործերի թվի ավելացման միջոցով։ Սա ճիշտ ճանապարհը չէ։ Եթե  կարճ ժամանակում չստեղծվեն հակակոռուպցիոն ընթացակարգեր, օրենսդրական կարգավորումներ, մարմիններ, մենք կարճաժամկետ արդյունք ենք ունենալու։

 

Այսինքն՝  դեռևս բավարար քայլեր չե՞ք տեսնում կոռուպցիայի դեմ մղվող պայքարի առումով։

 

Ես տեսնում եմ քաղաքական կամք, բայց առայժմ չեմ տեսնում ինստիտուցիոնալացում։ Պետք է լինի հակակոռուպցիոն ռազմավարություն, հայեցակարգ, պետք է լինեն լուրջ օրենսդրական նախաձեռնություններ, ինստիտուցիոնալ փոփոխություններ։ Օրինակ, Ուկրաինայում դատական բարեփոխումները ձախողվեցին, և հիմա այնտեղ գործում է  ինքնակառավարվող կոռումպացված դատական իշխանություն։ Նման պայմաններում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մասին խոսելն ավելորդ է։ Ուկրաինան ձախողվել է հենց դատական իշխանության որակի և բովանդակության առումով փոփոխություն չապահովելու հետևանքով։ Ուկրաինայում դատական իշխանության նկատմամբ վստահությունը շարունակում է շատ ցածր մակարդակի վրա մնալ, իսկ դա կարևոր ինստիտուտ է։ Կոռուպցիոն հանցագործությունների հիմքով հարուցված քրեական գործերը պետք է դատական իշխանությունում իրենց տրամաբանական գնահատականը ստանան։ Բայց եթե դատական իշխանությունը մնա կոռումպացված, ապա ես վստահեցնում եմ, որ կարճ ժամանակ անց մենք չենք ունենա այն նույն ցուցանիշները, որոնք հիմա կան։

 

Վերջին շրջանում մենք նաև ականատես ենք լինում պետությունից գողացված գումարների վերադարձի դեպքերի։ Ինչպե՞ս եք գնահատում այդ գործընթացը։

 

Մենք ժամանակին միշտ ասում էինք, որ խոշոր շնաձկները մնում են դրսում։ Մեր բոլորի աչքի առջև է եղել ՀՀԿ-ի կարկառուն հիմնասյուների ցանկը՝ Սամվել Ալեքսանյան, Ռուբեն Հայրապետյան, ՍԱՍ-ի սեփականատեր Արտակ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Սերժ Սարգսյան, Յուրի Խաչատուրով, Միհրան Պողոսյան և այլն։ Պաշտոնատար անձանց եկամուտների հայտարարագրերի խայտառակ թվեր են ներկայացվում։ Այս ամենի մասին բազմիցս նշվել է, նյութեր են հրապարակվել։ Մենք հիմա կարող ենք ևս մի 10 քաղաքապետի, դպրոցի տնօրենների, գյուղապետների, հարկային տեսուչների պատասխանատվության ենթարկել, բայց խնդիրը այն մեխանիզմներն են, որոնց արդյունքում կոռուպցիոն հանցագործություններ են կատարվել։ Մենք հիշում ենք ռուսական միջպետական շուրջ 500 մլն դոլարի վարկը, «Նաիրիտ»-ի ներդրումների հետ կապված «Հետք»-ի հրապարակումները, կիպրոսյան օֆշորային խայտառակ սկանդալը, որը կապվում էր Տիգրան Սարգսյանի հետ։ Սրանք այն կոռուպցիոն գործարքներն են եղել, որոնք ակնհայտ են եղել, ու այսօր ես դրանց վերաբերյալ ցուցանիշներ չեմ տեսնում, մինչդեռ դրանք պետք է լինեին առաջնահերթ բացահայտման թեմաները։

 

Ես շատ ավելի կարևորում եմ, որ նոր «նեմեց ռուբոներ» չառաջանան, նոր «Լֆիկ սամվելներ» չառաջանան, նոր օլիգարխներ չառաջանան։ Շատ տարօրինակ է, որ Հայաստանում 30 տոկոս աղքատության պայմաններում նման մեծահարուստներ են առաջ գալիս։ Դրանք հո չվերացա՞ն մեկ տարում, աղքատները չդարձան միջին խավի ներկայացուցիչներ։ Վերջին հաշվով, ֆինանսական, նյութական ռեսուրսները մնացել են նույն բաշխվածության, ինչպես կային։ Այստեղ մենք լուրջ խնդիր ունենք լուծելու։ Այո, այսօրվա պաշտոնատար անձինք կոռուպցիոն գործարքների մեջ չկան, դա միանշանակ է, բայց միայն դա չի կարող երաշխիք լինել։ Պետք են օրենսդրական, ինստիտուցիոնալ երաշխիքներ։ Այդ ուղղությամբ մենք պետք է տեսնենք իրավապահ մարմինների գործունեությունը, որը ես չեմ տեսնում։

lragir.am

Դիտումներ՝ 1078

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????