Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Սա հերթական արտահերթ ընտրությունն է, որից հետո կլինեն էլի արտահերթ ընտրություններ

June 11, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ կիսում է Հայաստանի ՄԻՊ-ի մտահոգությունները նախընտրական շրջանում հայաստանյան քաղաքական գործիչների կողմից օգտագործվող բռնություն ու ատելություն պարունակող խոսքի հետ կապված:

 

Freedom House-ի բնորոշմամբ՝ սա նպաստում է կործանարար բևեռայնացմանն ու ատելության խոսքի տարածմանը, քանի դեռ Հայաստանը վերականգնվում է Լեռնային Ղարաբաղի պատերազմից ու պատրաստվում է պատմական խորհրդարանական ընտրություններին:

 

Այս խնդրի առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Միանշանակ է, որ քարոզչությունն ընթանում է այնպիսի բառապաշարով, որ հանրության կողմից քաղաքական գորըծընթացների մասնակցության մակարդակը ծրագրային, բովանդակային խնդիրներից իջեցվում է մինչև կենցաղային մակարդակի և նպաստում լյումպենացմանը: Սա տխուր պատկեր է, որովհետև մենք ակնկալում ենք, որ այն մարտահրավերները, որն ունի Հայաստանը պատերազմից հետո ՝ անվտանգային, ժողովրդավարության, մարդու իրավունքների,  պետության զարգացման և հետագա գոյատևման հետ կապված, դրանց լուծման մեթոդների, մեխանիզմների ուղղությամբ պետք է գնար բանավեճը, քննարկումը: Դա են ակնկալում քաղաքացիները: Հանրությանը պետք չի ներկայացնել, թե ինչ խնդիրներ ունենք, պետք է ասել, թե ինչպես են լուծվելու դրանք և ով ինչ առաջարկներ ունի:


Ցավոք սրտի, այդ հարթության մեջ չի տեղի ունենում հանրային խոսքը, ու դա շատ մտահոգիչ է: Մտահոգիչ է նաև, որ ատելության խոսքը շեղում է բուն օրակարգային հարցերից: Քաղաքացիները պետք է  ընտրություն կատարեն ոչ թե նայելով, թե ով ում խոսքով հաղթեց, ով ավելի շատ կարող է դիմացինին վատ վիճակի մեջ դնել  այդ բառապաշարի տեսակետից, այլ գաղափարական, բովանդակային մոտեցումներով: Սա հեռացնում է հանրությանը բովանդակային ընտրություն կատարելուց»:

 

Նրա խոսքով, երկար ժամանակ քաղաքական համակարգը գտնվել է կաղապարների մեջ, և այն փաստը, որ 25 ուժեր են առաջադրվել, խոսում է այն մասին, որ գործող իշխանությունները, այն նույն մեթոդները չեն կիրառում, ինչ նախկինները:. «Նախկինում իշխանությունից բացի այլ կուսակցությունները առաջադրվում էին նախնական պալատական և գրասենյակային համաձայնությունների արդյունքում: Եզակի դեպքերը, որոնք համաձայնություններից դուրս էին, ենթարկվում էին հետապնդումների, կամ էլ համակարգային ընդդիմության կարգավիճակում էին գտնվում: Սա կարծես առաջին ընտրությունն է, երբ նման վերահսկողություն քաղաքական գործընթացների նկատմամբ իշխանության կողմից չկա: Սա ազատության մասին է խոսում: Բայց սա այնպիսի ազատություն է, որը բնորոշ է երկար ժամանակ պարփակված վիճակում գտնված  և ազատության մեջ հայտնվածներին, երբ քաղաքակիրթ քաղաքական մշակույթը չունեն:

 

Մյուս կողմից, սրան նպաստում է այն մոտեցումը, որ իբր իշխանությունը գտնվում է փողոցում և ով ասես, կարող է վերցնել: Նախկինները, որոնք մնացին անպատիժ, բայց զգացին, որ հեղափոխական փոփոխությունները վտանգում են իրենց գոյությունը, նրանք ամեն քայլի դիմելու են, որ այս ընտրությունն օգտագործեն իրենց ռեինկարնացիայի համար»,-ասաց Արթուր Սաքունցը:

 

Նա ցավով նկատեց, որ այս վարքագիծն իր  ազդեցությունն ունենում է գործընթացների վրա, և իշխանությունը, որը պետք է համակարգային փոփոխություններ կատարեր, որպեսզի խոսույթը այս պայմաններում ունենար բոլորովին այլ բովանդակություն, այդ վարքագիծը նրա մոտ առաջացնում է էմոցիոնալ պոռթկում և դրանով է պայմանավորված, որ փորձ է արվում նման հռետորաբանությամբ լրացնել իր չարածը:

 

«Կրկնեմ, որ սա երկար ժամանակ ավտորիտար կառավարման, մեր կառավարման համակարգի չկայացած լինելու  հետևանքն է: Այսպիսի իրավիճակ կար անկախությունից հետո, երբ խորհրդային ռեժիմից հետո տեղի ունեցան առաջին ընտրությունները: Այդ ժամանակ էլ շատ մեծ թվով ուժեր էին ներգրավված: Բայց մեր ավտտորիտար ուժերը նույնիսկ գերազանցեցին Խորհրդային ռեժիմին կոռումպացվածության մակարդակով»,-ընդգծեց Սաքունցը:

 

Նա բացառեց, որ կարող է բանը հասնել քաղաքացիական պատերազմի. «Չի լինի նման բան, որովհետև ՀՀ-ում քաղաքացիներն իրենց մեծամասնությամբ շատ ավելի պատասխանատու են երկրի ճակատագրի հանդեպ, քան որոշ քաղաքական ուժեր: Բայց որ փորձ կանեն թեժացնել և պղտոր ջրում ձուկ բռնելուն ուղղված քայլեր կլինեն, դա միանշանակ է: Ես խիստ կասկածում եմ, որ իրենք որևէ արդյունք կունենան, ինչպես օրինակ աջակցություն չստացան այն մարդիկ և ուժերը, որոնք նոյեմբերի 9-ի գիշերը հարձակվեցին պետական շենքերի վրա:

 

Այն մեթոդները, որոնք փորձեցին կիրառել՝ շահարկելով խնդիրները, զուտ իրենց իշխանատենչության համար, դա աջակցություն չստացավ քաղաքացիների կողմից: Սա պետք է հստակ դաս լինի որոշ ուժերի համար:Այստեղ նաև իշխանությունն իր պատասխանատվությունն ունի այն առումով, որ պետք է բավական լուրջ վերանայի իր գործելաոճը, վստահի ՀՀ քաղաքացիներին, որը երբեք տուրք չի տա արկածախնդրությանը և չգնա այդ սադրանքներին, չօգտագործի այն բառամթերքը, որ հիմա օգտագործում է»:

 

Արթուր Սաքունցը համոզմունք հայտնեց, որ հունիսի 20-ի ընտրությունները վերջին արտահերթ ընտրությունը չի լինելու. «Սա հերթական արտահերթ ընտրությունն է, որից հետո կլինեն էլի արտահերթ ընտրություններ: Մենք գտնվում ենք ժողովրդավարության կայացման ցավոտ գործընթացի մեջ և ձևավորվում է նաև քաղաքական մշակույթը, քաղաքական համակարգը, քաղաքական բառապաշարը: Միշտ էլ հետավտորիտար ժամանակահատվածում, հեղափոխությունից հետո գործընթացներն ունեցել են նման դրսևորումներ, սա անխուսափելի է: Բայց Հայաստանն այսօր ունի այնպիսի լուրջ մարտահրավերներ, որ կուզենայինք տեսնել բոլորովին այլ բովանդակության ու մակարդակի մրցապայքար»,-ընդգծեց նա:

 

1in.am

Դիտումներ՝ 39

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????