«Գործադիր իշխանության ամենաբարձր մակարդակով իրավունքի գերակայության նշանակությունը չգիտակցվեց»,-«Հոդված 3» ակումբում Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նրա վստահեցմամբ, եթե դա գիտակցվեր, ի սկզբանե կփոխվեր սահմանադրությունը կամ անցում կկատարվեր նոր սահմանադրության ձևավորման գործընթացի: Նա հիշեցրեց՝ առաջարկել են պետության զավթման քաղաքական գնահատական տալ: Սակայն ցավով նշեց, որ առաջարկները չեն լսել, և քայլեր չեն ձեռնարկվել: Այս առիթով ասաց. «Սահմանադրությունն ինքնին այս պետության զավթման սահմանադրություն է: Դրա համար ասել ենք՝ այս պատճառով սահմանադրությունը պետք է փոխվի: Այս սահմանադրությամբ սահմանված կանոնները չեն կարող երաշխավորել համակարգային փոփոխությունները: Իրավունքի, ժողովրդավարության, պետության ձևավորման նշանակություն չտրվեց: Դրա համար հիմա օրակարգում դրված է մեկ խնդիր՝ Նիկոլ Փաշինյանի փոխարեն գալիս է մեկ ուրիշը, քանի որ Սահմանադրությունը մնացել է անձնակենտրոն, քանի որ փոփոխություն պահանջողները պատրաստի ամեն մեխանիզմներն ունեն: Դատարանը, ՍԴ-ն էլ են նույնը մնացել. մեկ-երկու հոգով չէ»:
Արթուր Սաքունցը հիշեցրեց՝ դեռ դեկտեմբերին են ասել ԱԱԾ-ի մասին, բայց չեն լսել: Այնուհետև վրդովվեց. «Լռել են, անտարբեր մնացել, անտեսել են այդ մարտահրավերները, բայց ամենամեծ խնդիրը չլսելն է: Հետևողականորեն առաջարկները չլսելը, առնվազն առաջարկությունների շուրջ երկխոսություն չծավալելը, դրանց ուղղությամբ քայլեր չանելը: Երբ մենք վեթինգն առաջարկում ենք, մեզ դեմ են տալիս մի այնպիսի մեխանիզմի, որը վեթինգի հետ առնչություն չունի, դա օքե՞յ է: Ուղղակի անհասկանալի է: Ամեն ջանք գործադրվել է, որպեսզի գործողությունները, որոշումները կատարվեն հենց այդ տրամաբանությամբ: Այո, իշխանությունը պատասխանատվություն ունի»:
Պատասխանատվության մասին խոսելիս Արթուր Սաքունցը հիշեցրեց ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի, պատերազմական հանցագործությունների վերաբերյալ պետության պարտավորությունները ու ասաց. «Ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի, պատերազմի հանցագործությունների հետ կապված նախաձեռնողը միջազգային ատյաններում պետք է լինի իշխանությունը: Բայց վստահեցնում եմ՝ ԱԳՆ մակարդակով, կառավարության մակարդակով ռազմական հանցագործություններին ուղղված հարցերի բարձրացումն այն մարմիններում, որոնց նաև անդամակցում են Ադրբեջանը, Թուրքիան, չկա այդ նախաձեռնությունը: Քաղհասարակության ներկայացուցիչների բազմաթիվ գրություններ ամենատարբեր հարցերով, բայց միջազգային կառույցները չեն տեսնում կառավարության կողմից այդ քայլերը: Սա պատասխանատվության խնդիրն է: Երբ ասում են՝ Թուրքիան ոչ մի խախտում չի կատարել, և դա ընդունվում է՝ որպես մոտեցում, ես դա չեմ հասկանում»:
Մինչդեռ Արթուր Սաքունցի հավաստմամբ՝ պետությունը պետք է գիշեր ու ցերեկ աշխատեր այս հարցերով: Ըստ նրա՝ գերիների հետ կապված հարցը միայն ՄԻԵԴ-ում ներկայացնելու մասին չէ խոսքը, այլ ահաբեկիչների, վարձկանների հետ կապված հարցերը, ռազմական հանցագործությունները: Դրանք շարան են, որոնց հիմքով պետությունն օրնիբուն պետք է աշխատի: