Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Արթուր Սաքունցը դեռ չգիտի, թե իշխանությունն ինչո՞ւ է նախաձեռնել Սահմանադրության փոփոխություն

January 15, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Ինչո՞ւ համար է իշխանությունը նախաձեռնում Սահմանադրության փոփոխությունը. այս  հարցը «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի ղեկավար Արթուր Սաքունցը տարբեր առիթներով տվել է եւ հստակ պատասխան չի ստացել: Ուստի նա դեռ որեւիցե գնահատական չի տալիս, նաեւ ձեռնպահ է մնում կարծիք արտահայտելուց, թե ըստ իշխանության տեսակետի, որո՞նք են այն հարցերը, որոնք պետք է լուծվեն նոր Սահմանադրությամբ:

 

2021 թվականի դեկտեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ սկսվել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձեւավորման գործընթացը: Սահմանադրական բարեփոխումների նախորդ խորհրդի գործունեությունը կասեցվել է։

 

Նոր խորհրդի կազմում լինելու են արդարադատության նախարարը, որը կնախագահի խորհուրդը, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, մարդու իրավունքների պաշտպանը, խորհրդարանական խմբակցություններից մեկական անդամ, մեկ ներկայացուցիչ Բարձրագույն դատական խորհրդից, առնվազն երկու անգամ ընտրություններին մասնակցած արտախորհրդարանական ուժերից 3 հոգի, եւս երեքն էլ՝ քաղհասարակությունից։ Օրերս հայտնի դարձավ, որ ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ընդգրկվող ՀԿ-ները և արտախորհրդարանական կուսակցությունները:

 

Հունվարի 17-ին արդեն խորհրդի կազմը պետք է ներկայացվի վարչապետի աշխատակազմին, այն հաստատելուց հետո, խորհուրդը կձեւավորի քաղաքական ուղղվածություն չունեցող 5 գիտնական մասնագետներից կազմված հանձնաժողով, որոնք կզբաղվեն Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակմամբ։

 

ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցն իր հարցազրույցներում հայտարարել է, որ կառավարման համակարգի փոփոխության հարցը օրակարգային է լինելու՝ հավելելով, որ երկու տարի առաջ ստեղծված ու պատերազմի պատճառով կասեցված հանձնաժողովում ընդհանուր համաձայնություն է եղել՝ կառավարման մոդելի փոփոխության հարցը չքննարկվելու վերաբերյալ։ Այժմ, քննարկումների արդյունքում կորոշվի՞ կառավարման համակարգի փոփոխությունը ներառել մշակվելիք նախագծում, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա:

 

Անկախ դրանից, Aravot.am-ի հետ զրույցում, սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Արթուր Սաքունցն ասաց. «Մենք ունենք մեր հիմնական մոտեցումները եւ դրանցից հիմնականը իշխանությունների փոխզսպման եւ տարանջատման սկզբունքի երաշխավորումն է՝ մեր պետության կյանքում՝ տարբեր բնագավառների վերաբերյալ. օրինակ, քննչական մարմինների կամ կառավարությանն առընթեր մարմինների նշանակումը նախկինում նախագահի, այժմ վարչապետի կողմից»: Սաքունցի համար կարեւոր չէ՝ իշխանությունում դրանից բողոքո՞ւմ են, թե՝ ոչ, իրենք գտնում են, որ այդպես չպետք է լինի, պետք է լինի խորհրդարանական արդյունավետ վերահսկողություն՝ գործադիր իշխանության նկատմամբ:

 

Հիշեցնենք, դեռ 2020-ին, 44-օրյա պատերազմի օրերին, Նիկոլ Փաշինյանը խոսել էր կիսանախագահական կառավարման համակարգին անցնելու մասին, ապա, ավելի ուշ, նա հայտարարեց, որ կողմ է խորհրդարանական կառավարման համակարգի պահպանմանը:

 

Հարցին՝ կա՞ մոտավոր պատկերացում կամ առաջարկների փաթեթ, ի՞նչ փոփոխությունների մասին պետք է խոսք գնա, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Մեր պատկերացումներն ու մոտեցումները, մտահոգությունները դեռեւս 2015-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ են շարադրված եղել»: Խնդիրը նոր չի ձեւակերպվում, պարզապես որոշ դրվագներով հավելումներ են եղել. օրինակ, ՀԱՊԿ զորակազմում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Ղազախստան ուղարկելու հետ կապված նոր դրույթ է բացահայտվել, որին այն ժամանակ ուշադրություն չեն դարձրել:

 

Այն է՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը ՀՀ տարածքից այլ պետության տարածք տեղափոխելու վերաբերյալ որոշում կայացնելիս դեր ունենա ԱԺ-ն: Այս համատեքստում, մեր զրուցակիցը նկատում է նաեւ՝ հիմա ակնհայտ է՝ 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ընկած ժամանակահատվածում,  զինված ուժերի կառավարման տեսակետից, հարցեր էին առաջ գալիս: Արթուր Սաքունցը գործող Սահմանադրությունը որակել է, այժմ էլ որակում է իբրեւ ճգնաժամեր առաջացնող, իշխանությունների տարանջատման եւ փոխզսպման սկզբունքը չերաշխավորող Սահմանադրություն, ինչում, ըստ մեր զրուցակցի, լրացուցիչ համոզվեցինք անցած տարիների ընթացքում՝ առանձին պետական նշանակության հարցերի լուծման ժամանակ: «Զարմանալիորեն, այս, մեղմ ասած, բացթողումների մասին այդ Սահմանադրության հայրերը եւ նրանց աջակիցները չեն խոսում»,-ասաց նա՝ մյուս կողմից էլ, գործող իշխանությանը մեղադրելով, որ թավշյա հեղափոխությունից հետո առաջնահերթություն չհամարեցին Սահմանադրության փոփոխությունը: Արթուր Սաքունցն ուրախ է, որ գործընթացը մի փոքր ուշ, բայց կսկսվի:

 

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ բարեփոխումների օրակարգային հարցերը խորհուրդն է որոշելու, իսկ ինքն էլ տրամադրված է արդյունավետ լուծումների որոնման: Այլ մանրամասների մեջ  նա առայժմ չի մտնում:

 

Օրակարգում կառավարման համակարգի փոփոխության հարց մտցնելուն հետամուտ լինելո՞ւ է՝ հարցին եւ դիտարկմանը, որ վարչապետը հակասական հայտարարություններ էր արել այդ մասին, Տիգրան Եգորյանը պատասխանեց. «Խորհրդի կազմում իմ աշխատանքն այսօրվա կամ երեկվա քաղաքական խմբերի օրակարգը չի լինելու: Մնացածը՝ խորհրդի աշխատանքը ցույց կտա: Խորհրդում որոշումներն ընդունվում են քվեարկությամբ եւ յուրաքանչյուր անդամ ունենալու է իր խոսքի եւ մտքի առաջ մղման բոլոր հնարավորությունները՝ ինչպես ներքին, այնպես էլ հրապարակային քննարկումների միջոցով»:

aravot.am

Դիտումներ՝ 43

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????