Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատարանը բավարարել է ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի ներկայացուցիչների բողոքը՝ պարտավորեցնելով վերացնել տուժողի իրավունքների խախտումները

December 15, 2020

Արթուր Քոչարյան | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ

2019 թվականի հոկտեմբերի 14-ին 2005 թվականից ցմահ դատապարտված Արթուր Քոչարյանի գործով վարույթն իրականացնող մարմինն ընդունել էր որոշում՝ ռազմական ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Ա. Քոչարյանի խնդրին ՀՔԱՎ-ն անդրադարձել է նախորդ հրապարակումներում:

 

Որոշման դեմ Ա. Քոչարյանի պաշտպաններ, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանը և Անի Չատինյանը բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Գլխավոր դատախազության` Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության պետի որոշմամբ այն մերժվել էր:

 

Գտնելով, որ վարույթն իրականացնող մարմնի որոշումն ընդունվել է քրեադատավարական նորմերի խախտմամբ, հանգեցրել Ա. Քոչարյանի իրավունքների և ազատությունների խախտման և ենթակա է վերացման, փաստաբանները դիմում-բողոք են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան:

 

Վկայակոչելով Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ, Ա. Զալյանը և Ա. Չատինյանը ներկայացված բողոքում ծանրակշիռ հիմնավորումներ են ներկայացրել: Դրանք որոշիչ կարող էին լինել գործի ելքի հարցում, եթե հաշվի առնվեին վարույթն իրականացնող մարմնի կողմից: 

 

Բողոքում, մասնավորապես, ներկայացվել են Ա. Քոչարյանի՝  խոշտագումներից  զերծ մնալու, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտումները հավաստող փաստարկներ:

 

Բացի նյութական իրավունքների խախտումների հիմնավորումներից` ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանները մատնանշել են նաև վատ վերաբերմունքի գործերով քննությանն անհրաժեշտ դատավարական պայմանները չպահպանելու փաստը։ 

 

Վարույթն իրականացնող մարմինը չի իրականացրել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, այնպիսի գործողություններ, որոնք միտված կլինեին հանցագործության ու մեղավորների բացահայտմանն ու  պատժելուն:

 

Իր տրամադրության տակ ունենալով քրեական գործով տուժողների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին ցուցմունքներ՝ քննիչը պատշաճ ջանասիրություն չի ցուցաբերել՝ վատ վերաբերմունքի և անազատության մեջ պահվելու իրավունքի խախտման փաստը ճանաչելու, արդյունավետ քննություն անցկացնելու և միջադեպի ողջ մանրամասները պարզելու ուղղությամբ: 

 

Փաստաբաններն առանձնակի անդրադարձել են գործով վկաների ցուցմունքներին: Գործի նյութերի ուսումնասիրությունից  տպավորություն է ստեղծվում, որ վարույթն իրականացնող մարմինը նրանց չի հարցաքննել: Պարզապես կազմվել են միմյանց կրկնող արձանագրություններ՝ նույն տպագիր բլանկի վրա:

 

Դրանց նույնաոճ, անփույթ, նույն բառերով ու նախադասություններով շարադրանքը վկայում է ձևական բնույթի քննության իրականացման մասին: Քննիչն անհիմն մերժել է գործով անցնող ամբաստանյալներից մեկին հարցաքննելու բազմաթիվ միջնորդությունները: Մինչդեռ այն կարող էր էապես փոխել գործի ելքը: Բացի սրանից՝ իրավական գնահատական չի տրվել նաև Ա. Քոչարյանի և մյուսների գործով անցնող բոլոր դատավորների և մեղադրանքը պաշտպանող դատախազների անգործությանը, ովքեր, դատարանում տեղեկանալով բռնության, ծեծի և ստիպողաբար ցուցմունքներ կորզելու մասին հայտարարություններին, համարժեք քայլեր չեն ձեռնարկել: Ներկայացված և բազմաթիվ այլ քննչական ու դատավարական գործողություններ էական դերակատարում կարող էին ունենալ թե՛ գործի ելքի, թե՛ խոշտանգման, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի բացահայտման գործում: 

 

Ըստ փաստաբանների՝ իրականացված քննչական ու դատավարական գործողություններն իրենց բնույթով ու կատարման տեխնիկայով չեն հանգեցրել հանցագործության բացահայտմանը. կարևոր հանգամանք, որը պետք է դառնա դատական քննության առարկա և արդյունավետ քննություն ապահովելու պարտականությունը դրվի  վարույթն իրականացնող մարմնի վրա: 

 

Շուրջ 1 տարի ուսումնասիրելով բողոքն ու վերջինիս առնչվող նյութերը, լսելով կողմերին՝ Դատարանը գտել է, որ այն հիմնավոր է ու ենթակա է բավարարման: 

 

Վկայակոչելով ՀՀ Սահմանադրության ու քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ՝ Դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուրն ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: 

 

Հիշատակելով նման գործերով ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ իրավական դիրքորոշումներից՝ Դատարանը նաև կարևորել է, որ քննություն վարելու՝ պետության պոզիտիվ պարտավորությունը ենթադրում է, որ այն պետք է անցկացվի արագ և մանրամասն: Իրավասու մարմինները պետք է գործադրեն լրջագույն ջանքեր՝ բացահայտելու կատարվածը և չկայացնեն չպատճառաբանված, թույլ հիմնավորումներով շտապողական որոշումներ: Նրանք պարտավոր են ձեռնարկել բոլոր ողջամիտ քայլերը՝ ապահովելու միջադեպի հետ կապված բոլոր ապացույցները, այդ թվում՝ բժշկական, ականատեսների հարցաքննություն և այլն:  

 

Այս առումով Դատարանն առանձնակի ուշադրություն է դարձրել վարույթը կարճելու մասին որոշման պատճառաբանությանը, ըստ որի՝ «…չեն հիմնավորվել ՌՈ աշխատակից քննիչների  կողմից Ա. Մեսրոպյանի սպանության քրեական գործով խոստովանական ցուցմունք տալու համար Արթուր Քոչարյանին, Ավետիք Թումանյանին և Սուրիկ Չոբանյանին բռնության, ծեծի ենթարկելու հանգամանքները, սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները»:      

 

Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրել է Ա. Քոչարյանի իրավունքների խախտման հանգամանքը: Պատճառաբանությանը, թե քրեական գործով սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները, Դատարանը նկատել է, որ այն չի բխում  քրեական գործով առկա նյութերից և իրավակարգավորումներից:

 

Անդրադառնալով քննության առարկա որոշմամբ արձանագրված՝ խոշտանգումների վերաբերյալ չափանիշների պահպանման և կատարման հարցին՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից,  Դատարանը եզրահանգել է, որ նախաքննության մարմինը պատշաճ կերպով չի ապահովել արդյունավետ քննության չափանիշները և գործով անհրաժեշտ ապացույցները՝ չիրականացնելով մանրամասն քննություն: Սա հակասում է Վճռաբեկի արտահայտած դիրքորոշմանը, այն է՝ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի գործերով առանցքային նշանակություն ունի ոչ թե ենթադրյալ զոհի ներկայացրած տեղեկության հաստատումը, այլ այդ տեղեկության մանրամասները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների համալիրը, ինչն էլ հնարավորություն կտա լիարժեք պատկերացում կազմելու դեպքի հանգամանքների վերաբերյալ:

 

Դատարանն արձանագրել է, որ, ի թիվս քննչական ու դատավարական գործողությունների, դատահոգեբանական փորձաքննություն չնշանակելը (ինչպես փաստաբաններն են նշել բողոքում) ինքնին վկայում է, որ տարվել է թերի քննություն: Տարբեր անձանց նույնաբովանդակ ցուցմունքներն էլ օբյեկտիվորեն ստեղծում են ձևական լինելու մասին պատկերացում: 

 

Դատարանը եզրահանգել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն պահպանվել գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չափանիշների միաժամանակյա առկայության պահպանմամբ քննություն իրականացնելու, ինչպես նաև Վճռաբեկի՝ խոշտանգումների գործերով արդյունավետ քննություն վարելու վերաբերյալ արձանագրված չափանիշները:   

 

Հիմք ընդունելով, որ քննիչը չի ձեռնարկել բոլոր միջացառումները՝ մեղավորներին բացահայտելու և պատժելու համար՝ խախտելով Ա. Քոչարյանի նկատմամբ խոշտանգումների դեպքով օբյեկտիվ, ամբողջական ու բազմակողմանի քննություն իրականացնելու իրավունքը,  դատարանը որոշել է բավարարել ՀՔԱՎ գրասենյակի փաստաբաններ Ա. Զալյանի և Ա. Չատինյանի բողոքը: Որոշմամբ դատարանը պարտավորեցրել է նաև վարույթն իրականացնող մարմնին վերացնել Ա. Քոչարյանի իրավունքների խախտումները: 

 

Վերահսկողություն իրականացնող դատախազի կողմից դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ 

Դիտումներ՝ 763

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????