Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայտարարություն Սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ

September 5, 2020

Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ

2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ քաղաքացիների ապակենտրոն, խաղաղ, ոչ բռնի,  հանրապետության ողջ տարածքում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում իրականացվեց թավշյա հեղափոխություն և վերջ տրվեց պետության շարունակական զավթմանը: 2018թ. դեկտեմբերին տեղի ունեցան ԱԺ արտահերթ ընտրություններ, որոնք տեղական և միջազգային դիտորդների գնահատմամբ, միջազգային չափանիշներին լիովին համապատասխան, ժողովրդավար, ազատ և արդար էին: Ընտրությունների արդյունքում ձևավորված լեգիտիմ իշխանությունը կրում է քաղաքական պատասխանատվություն՝ վերականգնելու ժողովրդավարական և իրավական պետության սահմանադրական կարգը և երաշխավորելու հանրապետությունը իշխանության զավթման վտանգից:

 

Չնայած հանրային պահանջին՝ Կառավարությունը ժողովրդավարական և իրավական պետության սահմանադրության ձևավորմանը ձեռնամուխ եղավ միայն 2020թ. սկզբին, երբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվեց «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով»: Թեև նոր սահմանադրության նախագծի մշակումը ներկայացվում է որպես մասնագիտական հանձնաժողովի աշխատանքի հնարավոր ելքերից մեկը միայն, անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը սկզբունքորեն չի կարող լինել գործող սահմանադրության հերթական փոփոխություն, այլ պետք է ավարտվի Նոր Սահմանադրության ընդունմամբ, քանի որ գործող սահմանադրության ընդունման և փոփոխությունների գործընթացը և բովանդակությունը երբևէ չի արտահայտել Հայաստանի քաղաքացիների իրական կամքը, այլ պարտադրվել է՝ սպասարկելով օրվա իշխանությունների քաղաքական շահերը:  

 

Մտահոգիչ է սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացի ոչ թափանցիկությունը: Մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ կցկտուր տեղեկություններ են հասանելի հանրությանը, ինչը բացարձակապես չի նպաստում հանձնաժողովի,  գործընթացի և դրա արդյունքում ստեղծվող արդյունքի նկատմամբ վստահության և հանրային իմաստալից մասնակցության ապահովմանը: Նոր սահմանադրության հայեցակարգի՝ որպես ձևակերպված խնդրի բացակայության պայմաններում մասնագիտական հանձնաժողովն ակամա վերածվել է քաղաքական դեբատների և շահերի պաշտպանության փակ հարթակի: Ավելին, հանձնաժողովի կողմից պետական ինստիտուտների վերաբերյալ հատվածային հայեցակարգերի մշակումն՝ ընդհանուր տեսլականի բացակայության պայմաններում անհասկանալի է դարձնում փոփոխությունների հեռահար նպատակն ու դրանց համակարգային միասնությունը:

 

Օրվա իշխանությունների վերարտադրման սահմանադրական մեխանիզմների ներդրման տեղապտույտից դուրս գալու համար պետք է ջանքեր գործադրել նոր սահմանադրության հայեցակարգի մշակման գործընթացը մասնակցային, թափանցիկ և հրապարակային դարձնելու համար ստեղծել տեղեկատվության փոխանակման և քննարկման բաց ու հասանելի հարթակ, և նոր անցնել Նոր Սահմանադրության տեսլականը կյանքի կոչելու աշխատանքին: ՀՀ քաղաքացիները պետք է լիիրավ և իմաստային մասնակցություն ունենան երկրի մայր օրենքի մշակմանը, իսկ նրանց քվեն հանդիսանա բովանդակային ընտրություն՝ անկախ օրվա իշխանությունների հանդեպ համակրանքից կամ հակակրանքից: 

 

Թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած քաղաքական ուժն անմիջական քաղաքական պատասխանատվություն ունի նվազագույն ժամկետներում ապահովելու պետության զավթումը կանխող, իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը երաշխավորող նոր սահմանադրության ընդունումը: Միաժամանակ, առանց նշված արժեքային հիմքերի և մասնակցային գործընթացի ապահովման նոր սահմանադրության ձևավորման դեպքում լուծված չի լինի հեղափոխության հիմնական պատճառի՝ պետության հերթական զավթումը կանխող սահմանադրական երաշխիքների ձևավորման խնդիրը: 

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ ժողովրդավարական և իրավական Հայաստանի սահմանադրության մշակման համար անհրաժեշտ է.

 

1.վերանայել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի վերաբերյալ ՀՀ Վարչապետի որոշումը՝ ամրագրելով Նոր Սահմանադրության նախագծի մշակումը որպես հստակ վերջնանպատակ 

 

2ախտորոշել գործող սահմանադրության մեջ առկա խնդիրները և մեխանիզմները, որոնք նպաստել են պետության զավթմանը, սահմանադրական կարգի ոտնահարմանը և դատական իշխանության անկախության խաթարմանը՝ Նոր Սահմանադրությունում դրանք բացառելու և լրացուցիչ երաշխիքներ սահմանելու նպատակով,

 

3շարադրել Նոր Սահմանադրության նախագծի արժեքային ուղենիշերը և տեսլականը իշխանությունների տարանջատման ու փոխզսպման, իրավունքի գերակայության, դատական իշխանության անկախության սկզբունքների, աշխարհիկ պետության, խորհրդարանական արդյունավետ վերահսկողության, տեղական ինքնակառավարման և ուղիղ ժողովրդավարության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ հիմնարար խնդիրների վերաբերյալ, 

 

4.ապահովել սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացի թափանցիկությունը, հայեցակարգային փաստաթղթերի հրապարակայնությունն ու հասանելիությունը, մասնակցային քննարկման և միջանկյալ որոշումների կայացման հնարավորությունը,

 

5.երաշխավորել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի անցկացումը ողջամիտ սեղմ ժամկետներում՝ 2022 թվականի առաջին կեսից ոչ ուշ՝ Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները Նոր Սահմանադրության պայմաններում և սկզբունքների լույսի ներքո պատշաճ կազմակերպելու և իրականացնելու նպատակով: 

 

Նոր Սահմանադրությունը պետք է հանդիսանա նոր սոցիալական պայմանագիր պետության և քաղաքացիների միջև, հետևապես՝ դրա ընդունման գործընթացը պետք է լինի անխոցելի, իսկ փաստաթուղթը՝ ընդունելի և ենթակա չլինի յուրաքանչյուր նոր քաղաքական ուժի կողմից փոփոխության։ 

 

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Կարեն Թումանյան, փաստաբան

Ռոբերտ Ռևազյան, փաստաբան

Դիտումներ՝ 365

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????