Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մարդու իրավունքների մարտահրավերները առավել ցայտուն են դառնում ճգնաժամային իրավիճակներում

December 10, 2020

Գործունեություն | Հայտարարություններ | Սեփական

Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների միջազգային օրն է։

 

1948 թվականի դեկտեմբերի 10-ին  ՄԱԿ-ի  Գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանում ընդունվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը թարգմանվել է աշխարհի 375 լեզուներով ու բարբառներով: Այն հանդիսանում է  մարդու իրավունքների առաջին գլոբալ սահմանումը: 1950 թվականին ՄԱԿ-ը դեկտեմբերի 10-ը հռչակեց Մարդու իրավունքների օր: 

 

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ձևավորվեց մինչ այդ երկու համաշխարհային պատերազմի պատճառների և նրանց հետևանքների վերլուծության արդյունքում։ Միջազգային հանրությունն ամրագրեց, որ պատերազմները ծագում են  պետությունների կողմից մարդու արժանապատվության հանդեպ պատշաճ հարգանքի և պատասխանատվության բացակայության հետևանքով։  

 

Հռչակագրի ընդունումից հետո ավելի քան 80 տարիների ընթացքում միջազգային հանրությունը շարունակում է ջանքեր գործադրել՝ մարդու իրավունքների սպառնալիքները կանխող արդյունավետ մեխանիզմների ձևավորման ուղղությամբ, սակայն շատ անդամ պետություններ դեռևս պատշաճ ջանքեր չեն գործադրում Մարդու իրավունքների հռչակագրով սահմանված սկզբունքների ապահովման ուղղությամբ։

 

Մարդու իրավունքների սպառնալիքներ են շարունակում մնալ պատերազմները, համավարակները, որոնք ավելի ցայտուն դրսևորվեցին 2020 թ․ Covid-19 համավարակի տարածմամբ։ Հայաստանի ու հայ ժողովրդի համար, բացի կորոնավիրուսի համավարակից, լրջագույն սպառնալիք հանդիսացավ Արցախի/Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը՝ Թուրքիայի հրապարակավ աջակցությամբ և վարձու ահաբեկիչների ներգրավմամբ։

 

Պատերազմ, որի հետևանքները մարդկային ողբերգություններն ու Հայաստանում և Արցախում առաջացած մարդասիրական ճգնաժամն էին։

 

Մենք ավելի վաղ առանձին զեկույցներով ու հրապարակումներով անդրադարձել ենք ՀՀ-ում Covid-19-ով պայմանավորված իրավիճակին ու այդ համատեքստում մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերներին, պետության պարտավորություններին ու դրանց կատարման վիճակին։

 

Առանձին հրապարակումներով և գործընկերների հետ համատեղ հայտարարություններով անդրադարձել ենք նաև պատերազմի հետևանքով ստեղծված անվտանգային և մարդասիրական ճգնաժամի պայմաններում քաղաքացիների նկատմամբ Հայաստանի իշխանությունների պարտավորությունների կատարման վիճակին։ 

 

Ստեղծված ճգնաժամով պայմանավորված մարդու իրավունքների մարտահրավերների, սպառնալիքների ոչ պատշաճ դիմագրավումը պայմանավորված է պետության կողմից վերցրած պարտավորությունների շարունակական չկատարմամբ, այդ պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ, օրենսդրական, տնտեսական և անվտանգային այլ անհրաժեշտ արդյունավետ համակարգերի բացակայությամբ։ Տարիներ շարունակ իշխանությունները հետևողական և սկզբունքային ջանքեր չգործադրեցին պետության վերցրած պարտավորությունները կատարելու ուղղությամբ։ 

 

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից տարիներ շարունակ ներկայացվել են բազմաթիվ առաջարկություններ՝ պետության կողմից մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ձևավորման, դրանց հզորացման և ի վերջո պետության կողմից վերցրած պարտավորությունները պատշաճ կատարելու ուղղությամբ։ 

 

Ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ուղղությամբ նույնպես ներկայացվել է այն ամենահրատապ գործողությունների ցանկը, որոնք օր առաջ պետք է ձեռնարկել՝ 44-օրյա պատերազմի հետևանքով մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու, քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու և պետության անվտանգային ճգնաժամը հաղթահարելու համար։ 

 

Արցախի հազարավոր քաղաքացիներ կորցրել են իրենց տունը, աշխատանքը, ապրելու նվազագույն պայմանները, Հայաստանի և Արցախի հազարավոր ընտանիքներ ունեն զոհեր, վիրավորներ, հաշմանդամություն ձեռք բերած ընտանիքի անդամներ, հասարակությունը հոգեբանական ծանր վիճակում է։ 

 

Ցավով պետք է արձանագրենք, որ պետությունը պատշաճ չի կատարում իր ստանձնած պարտավորությունները։ 

 

Պետությունը հետևողական չէ ինչպես 2018 թ․ Թավշյա հեղափոխությունից հետո, և հատկապես՝ պատերազմական գործողությունների հրադադարից հետո մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների խեղաթյուրմանը, կեղծմանը և արժեզրկմանն ուղղված գործողությունները կանխելու և պատշաճ գնահատակններ տալու, այնպես էլ իրավապաշատպան գործունեության ապահովման և երաշխավորման համար վերցրած պարտավորությունները կատարելու հարցում։

 

Նման գործողությունները որակում ենք որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական անվտանգությանը, ինքնիշխանությանն ուղղված անմիջական սպառնալիքներ, որոնց կանխումը պետության պարտավորությունն է։

  

Ստեղծված ճգնաժամային իրավիճակում ՀՀ իշխանությունները պետք է կատարեն իրենց պարտավորությունները՝ ապահովելու և երաշխավորելու համար մարդու իրավունքների պաշտպանության, հատկապես՝ կյանքի դժվարին պայմաններում հայտնված քաղաքացիների, խոցելի խմբերի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը։

 

Համարժեք արձագանքել և կանխել Հայաստանի Հանրապետության անվտանգության հիմնարար սկզբունքի՝ մարդու իրավունքների արժեզրկման և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ու անհատների թիրախավորման փորձերը։

Դիտումներ՝ 576

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????