Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Առնվազն 26 տարի չստեղծվեցին այն պետական ինստիտուտները, որոնք կզբաղվեն գերիների և անհայտ կորածների հարցերով. քննարկում

February 19, 2021

Գործունեություն | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Dialogue Media Center-ում «Գերիներ և անհետ կորածներ» թեմայով փետրվարի 17-ի քննարկման բանախոսներից էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը։

 

Հայաստանի ու Արցախի իշխանությունների այսօրվա գործողությունների օրակարգի հիմնական հարցերից է պատերազմի ժամանակ և դրանից հետո գերի ընկած և անհայտ կորած զինծառայողների, քաղաքացիական անձանց խնդիրների հրատապ լուծումը, նրանց հայրենադարձման հարցը։ Գերիների և անհետ կորածների հարցի լուծումը նախանշված է նաև եռակողմ հայտարարությամբ, սակայն հստակ ժամկետներ նշված չեն: Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է գերիների վերադարձի գործընթացը, նրանց նկատմամբ հարուցում հիմնազուրկ քրեական գործեր: Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվն անցնում է 200-ը, սակայն ադրբեջանական կողմն այդ թիվը չի հաստատում։

 

Ըստ ՀՔԱՎ խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանի՝ գերիների վերադարձի գործընթացի պատասխանատուն պետությունն է՝ ի դեմս ՊՆ-ի։ Բավականաչափ կազմակերպվածություն չկա այս պաշտպանական գերատեսչությունում․ պատերազմի սանձազերծումից մի քանի օր անց սոցիալական ցանցերում սկսեցին նկարներ հայտնվել՝ քաղաքացիները փնտրում էին իրենց հարազատներին, և պարզ էր, որ քաղաքացիները չգիտեն՝ ում դիմեն և ինչպես դիմեն տարրական տեղեկություններ ստանալու համար։ 

 

ՀՔԱՎ գրասենյակը որոշեց, որ պետք է տեղեկություններ հավաքել քաղաքացիներից։ Մինչ այսօր մեզ դիմել է 680-ից ավելի քաղաքացի՝ իրենց անհայտ կորած հարազատների վերաբերյալ տեղեկություններ հայտնելու հարցով։ Այս պահի դրությամբ մեզ մոտ առկա է 380 անհայտ կորածի մասին տեղեկություն։ Մնացած մասը կամ գտնվել են ողջ, կամ գտնվել է նրանց մարմինը։ 10-ից ավելին գերեվարության մեջ է գտնվում։ Հարցն այն է, որ մինչ օրս քաղաքացիները չգիտեն՝ որ կառույցին դիմել։ Դիմում են մեկ կառույցի, որը ստեղծվել է բավականին ուշ՝ Անհայտ կորածների և գերիների հարցերով զբաղվող հանձնաժողով, այդտեղից ուղարկում են ՊՆ, ՊՆ-ից ուղարկում են Կարմիր խաչի միջազգային կոմիտե։ Վերջինս ունի իր մանդատը և դրա շրջանակներում կարող է աջակցող գործոն հանդիսանալ պետության համար։ Քաղաքացիների հետ հետադարձ կապ չկա, խախտվել է քաղաքացիների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը, նրանք չգիտեն՝ ուր դիմել, և սա ամենակարևոր բացն է պետության կողմից, քանի որ զինծառայության 2 տարիների ընթացքում պետությունը պարտավորություն է ստանձնել քաղաքացիների նկատմամբ, իսկ հիմա երբեմն շատ կոպիտ են արտահայտվում, որ չեն կարող որևէ բան անել։

 

ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը վերահաստատեց այն միտքը, որ այսօր առաջնային խնդիր է օր առաջ գերության մեջ գտնվող անձանց վերադարձը, քանի որ և՛ հանրությունը, և՛ պետական մարմինները, և՛ գերիների հարազատներն ունեն բազմաթիվ տեղեկություններ այլ դեպքերով, որ գերության մեջ գտնվող մարդկանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների և արտադատարանական մահապատիժների ռիսկերը մեծ են։ 

 

Նա նշեց, որ սա առաջին պատերազմը չէր, ըստ էության՝ սա մասշտաբային երրորդ պատերազմն էր՝ Ղարաբաղյան առաջին պատերազմը, Ապրիլյան քառօրյան և սեպտեմբերի գործողությունները։ Առնվազն 26 տարի չստեղծվեցին այն պետական ինստիտուտները, որոնք կզբաղվեն գերիների և անհայտ կորածների հարցերով՝ ելնելով այն հանգամանքից, որ կոնֆլիկտի քաղաքական կարգավորման վերաբերյալ փաստաթուղթը բացակայում է, հետևաբար՝ պատերազմի վերսկսման ռիսկերը մեծ են։

 

Միջգերատեսչական հանձնաժողով կա, որի մեջ ներգրավված էին պետական տարբեր մարմինների ներկայացուցիչներ, ԱԱԾ, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, ՊՆ նախարարն էր հանձնաժողովի նախագահը։ Այս ձևաչափը՝ որպես մարմին, պատերազմական իրավիճակում չի գործում։ Պետք է լինի առանձին ինքնուրույն կառույց, որը կունենա նման հարցերով զբաղվելու իրավասություն։ Ժնևյան կոնվենցիայով, որը վավերացրել են Հայաստանն ու Ադրբեջանը, նախատեսված է, որ հակամարտող կողմերը պատերազմական գործողություններից անմիջապես հետո ստեղծում են տեղեկատվական բյուրո, աշխատում են միմյանց հետ անհայտ կորածների փնտրման և տեղեկատվությունը միմյանց փոխանցման ուղղությամբ։ Սա ենթադրում է առանձին ինստիտուտ։ 

 

Ժամանակին ՀՔԱՎ-ը մշակել էր «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը հեղափոխությունից հետո որպես օրակարգային հարց նորից բարձրացրինք միջգերատեսչական հանձնաժողովում։ Եվ քանի որ չկա իր գործառույթներն ունեցող ու լիազորություններ ունեցող պետական մարմին, նշանակում է, որ պետությունն իր պարտավորությունները չի կատարել քաղաքացիների առջև։ Համապատասխան մարմնի բացակայության պայմաններում մարդիկ չեն իմանում, թե ուր դիմեն, իսկ մնացած մարմինները չունեն մասնագիտական կարողություններ՝ հարցին լուծում տալու նպատակով։ Անհայտ կորածների և գերիների հետ աշխատանքը երկու ուղղություն ունի՝ նրանց հարազատների հետ աշխատանք և նույնականացման, վերադարձի աշխատանք։

 

Գերիների հարցն ունի մանրամասնությունների տեսակետից խորհրդապահական բնույթ, որպեսզի չվտանգվի մարդկանց կյանքը։ Բայց ի՞նչ մեխանիզմ է աշխատում․ լրատվականների միջոցով տեղեկանում ենք, որ ռուսական խաղաղապահ զորքի հրամանատարն է միջնորդում, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում Ադրբեջանի հայեցողությամբ որոնողական աշխատանքներ են իրականացվում։ 

 

Մեզ հայտնի չէ ռազմագերիների հարցով ուղղակի երկխոսությունն Ադրբեջանի հետ, հայտնի չէ Կարմիր խաչի ներգրավվածության ապահովվածությունն ու երաշխավորվածությունը, քանի որ այն աշխատում է պետությունների հետ այն ժամանակ, երբ պետությունների կողմից կա կամք՝ պայմաններ ստեղծել նրանց մանդատն աշխատեցնելու համար։ Մեզ հայտնի չէ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության դերը, ընդհանրապես մեզ հայտնի չեն միջազգային իրավունքի տեսակետից այն մեխանիզմները, որոնք կարող են երաշխիք հանդիսանալ և կարող են չափել միջազգային մարդասիրական իրավունքի իրականացնողների գործողությունները։

 

Առհասարակ պարզ չէ, թե ինչի հիման վրա է որոշվում վերադարձվող գերիների քանակը։ Այս բոլոր հարցերը պահանջում են հստակ պատասխաններ։ Հանրությունը պետք է համոզված լինի, որ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր ջանքերը գործադրվում են բոլոր կառույցների հետ այդ հարցերը լուծելու նպատակով։ Բողոքն առաջ է գալիս, երբ մարդիկ չունեն հստակ պատասխաններ։ Այս առումով մենք անպատրաստ էինք պատերազմին նաև մեր քաղաքացիների ճակատագրի և կյանքի հանդեպ պատասխանատվությունն ապահովող կառույցների բացակայությամբ։ 

 

Մենք այս պահին էլ ենք բարձրաձայնում «Անհայտ կորածի մասին» օրենքի ընդունման հարցը․ գործընթացը պետք է օրենքի ուժով լինի, ոչ թե բարի կամեցողության կամ հանրային պահանջի հիման վրա։ 

 

Ինչ վերաբերում է միջազգային իրավունքի տեսակետից հարկադրման մեխանիզմներին, ապա դրանք, ըստ Սաքունցի, բազմազան են, դրանք իրագործելու համար պետք է հստակ քաղաքական կամք։  Պատերազմի բոլոր ծանր հետևանքները կրելով հանդերձ՝ մենք հապաղում ենք հայտարարել պատերազմի հանցագործությունների մասին։ Արտադատարանական մահապատիժները, խոշտանգումները, արգելված զենք-զինամթերքի կիրառումը, քաղաքացիական ենթակառուցվածքների և մշակութային օբյեկտների թիրախավորումը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը բավարար հիմք են միջազգային հարթակներում՝ ԵԽԽՎ-ում, ՄԱԿ-ում, Միջազգային քրեական դատարանում ակտիվ գործողությունների համար ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի դեմ։ Դիվանագիտական ջանքերը պետք է տեսանելի լինեն հանրության համար, քանի որ միայն այդպես կարելի կլինի ստեղծել վստահության մթնոլորտ։

 

Քաղհասարակությունը պատերազմի առաջին իսկ օրերից բարձրաձայնել է այս ամենը, իր օգնությունը ցուցաբերել և՛ քաղաքացիներին, և՛ պետական մարմիններին։ Հիմա առավել քան երբևէ պետք է լինել սկզբունքային և ունենալ հստակ դիրքորոշումներ՝ գերիների և անհայտ կորածների խնդիրներով արդյունավետ գործողություններ իրականացնելու համար։

 

Քննարկման ամբողջական տարբերակը՝ տեսանյութում․

 

Դիտումներ՝ 141

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????