Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դիլիջանի պետական քոլեջի աշխատակցին աշխատանքից ազատելու հրամանը անվավեր է ճանաչվել, նա նաև հատուցում կստանա հարկադիր պարապուրդի և նախկին աշխատանքում չվերականգնվելու համար

August 27, 2022

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

2022 թ․ օգոստոսի 8-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է բավարարել Դիլիջանի պետական քոլեջի նախկին աշխատակից Ա․ Խ․-ի հայցն ու պարտավորեցնել Քոլեջին Ա․ Խ․-ին վճարել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ և հատուցում՝ նախկին աշխատանքում չվերականգնելու համար, քանի որ նրա զբաղեցրած հաստիքն այլևս գոյություն չունի։

 

Տավուշի մարզի դատարանի դատավոր Ա․ Ջավախյանը այս վճիռը կայացրել է այն բանից հետո, երբ նույն դատարանի դատավոր Ս․ Արմենակյանի՝ 2021 թ․ փետրվարի 22-ի վճիռը Վերաքննիչ դատարանը մասնակի բեկանել և հետ է ուղարկել նոր քննության։ Սա արդեն Ա․ Խ․-ի գործով երկրորդ բավարարված հայցն է․ ՀՔԱՎ աջակցությամբ նա բողոքարկել է նաև մյուս հաստիքից ազատման հրամանը և կրկին հաջողության հասել։ 

 

Ա․ Խ-ը «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում աշխատել է 2014 թ. դեկտեմբերից, նախ՝ որպես պարետ, ապա համակարգչային օպերատոր և համատեղության կարգով դասախոս։ Իսկ 2020 թ. փետրվարին նա ստացել է գրություն այն մասին, որ «ՊՈԱԿ»-ի հաստիքացուցակում կատարվել է փոփոխություն, ըստ որի՝ հանվել է համակարգչային օպերատորի հաստիքը, սակայն նույն հաստիքացուցակում նախատեսվել են մի շարք այլ աշխատանքներ, այդ թվում` համակարգչային-տեխնիկական սպասարկողի, հավաքարարի և այլն, որոնք, ըստ օրենքի, չեն առաջարկվել Ա.Խ.-ին, ինչի  արդյունքում իր հետ «համակարգչային օպերատորի»  աշխատանքային պայմանագիրը  լուծվել է, և նա ազատվել է աշխատանքից։ 

 

Պայմանագրի լուծումը ոչ իրավաչափ և օրենքի խախտմամբ կազմված համարելով` Ա.Խ.-ն դիմել է դատարան. նրա աշխատանքային իրավունքների պաշտպանությունն ստանձնել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։ 

 

Հարկ է նշել, որ, նախ՝ աշխատանքից հեռացման պահին Ա.Խ.-ին չի վճարվել արձակման նպաստ, որը չի տրվում միայն այն դեպքում, եթե լուծվում է համատեղությամբ աշխատանքային պայմանագիրը, իսկ նա ազատվել է  հիմնական աշխատանքից և պետք է նրան վճարվեր արձակման նպաստ` մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով։ Նրան չի առաջարկվել «ՊՈԱԿ»-ում առկա՝ իր մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, ինչը նախատեսված է օրենսդրությամբ։ 

 

Բացի դրանից՝ հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ ԿԳՄՍ գրությունը, որը ՊՈԱԿ-ը ներկայացրել է որպես պայմանագիրը լուծելու ևս մի օրինական հիմք, միայն շրջաբերական էր, և ոչ իրավական նորմ․  ներկայացվել էր  ընդամենը քննարկման նպատակահարմարությունը որոշելու համար։ 

 

Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան են ներկայացվել Ա.Խ.-ի օրինական պահանջները` աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ գանձելու, աշխատանքում չվերականգնելու դեպքում` միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցում գանձելու մասով։ 

 

Առաջին ատյանի դատարանը 2021 թ․ հունվարի 22-ին վճռել էր Ա.Խ.-ի հայցը բավարարել մասնակի` ՀՀ ԿԳՄՍՆ «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ից հօգուտ Ա․ Խ․-ի բռնագանձելով մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով գումար՝ որպես արձակման նպաստ, իսկ մնացած մասով` հայցը մերժվել էր։  

 

Դատարանի վճռի դեմ Ա․Խ․-ն ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պահանջների մյուս մասով։ 2021 թ․ հուլիսի 7-ին Վերաքննիչ դատարանը ազատման հրամանը ճանաչել է անվավեր, իսկ Ա.Խ.-ին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ բռնագանձելու, աշխատանքում չվերականգնելու դեպքում միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափ հատուցում բռնագանձելու պահանջներին վերաբերող մասով վճիռը բեկանել և գործն ուղարկել  է նոր քննության։

 

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գործն սկսել է քննել 2022 թ․ փետրվարից և արդեն օգոստոսի 8-ին վճռել է հայցը բավարարել՝ «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ից հօգուտ Ա․ Խ․-ի բռնագանձել միջին աշխատավարձ հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար և միջին աշխատավարձի 12-ապատիկի չափով հատուցում, քանի որ նախկին աշխատանքում վերականգնելն անհնար է։

 

ՀՔԱՎ-ը շարունակում է տրամադրել աշխատանքային իրավունքներին վերաբերող ամենօրյա իրավախորհրդատվություն նաև «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում։ Եթե խախտվել են ձեր աշխատանքային իրավունքները կամ հարցեր ունեք, զանգեք 041 123302 հեռախոսահամարով։ Իսկ աշխատանքային իրավունքների վերաբերող հաճախ տրվող հարցերի պատասխանները կարող եք գտնել այստեղ։

 

Դիտումներ՝ 599

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????