Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վիճակի ելակետային ուսումնասիրության արդյունքներ

February 18, 2022

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Համատեղ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակներում «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) ՀԿ-ի կողմից իրականացվել է ելակետային ուսումնասիրություն, որի նպատակն է պարզել ՀՀ-ում բնակչության աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ընդհանուր վիճակը:

 

Ծրագիրն իրականացվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ ՀԿ-ի, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի ու Կրթություն և համերաշխություն արհմիության հետ համատեղ:

 

Քանակական հետազոտությունն իրականացվել է ՀՀ բոլոր մարզերում և Երևանում՝ 1062 աշխատող անձանց շրջանում՝ դեմ առ դեմ հանդիպումների միջոցով: Ներկայացուցչական ընտրանքը թույլ է տալիս 95% վստահության միջակայքում ±3% ճշգրտությամբ տվյալները տարածել աշխատող բնակչության վրա: Մարզերում ու համայնքներում ընտրանքը բաշխվել է բնակչության թվի համամասնությամբ: Հարցումներն անցկացվել են համակարգչային տեխնոլոգիաների միջոցով, ինչը հնարավորություն է տվել ապահովել դաշտային աշխատանքների վերահսկման բարձր աստիճանը:

 

Ստորև ներկայացնում ենք մի քանի դրույթներ և այդ առումով ծրագրի շրջանակներում նախատեսվող միջամտությունները։

 

Ուսումնասիրությունն ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ

 

  • Հարցվածների 16․7%-ը չունի աշխատանքային պայմանագիր, իսկ ևս 13․9%-ի դեպքում միայն տրվել է աշխատանքի ընդունման հրաման։ Աշխատանքային փոխհարաբերությունների իրավական ամրագրման բացակայության պայմաններում աշխատողները դուրս են մնում աշխատանքային օրենսդրությամբ պաշտպանված լինելու հնարավորությունից: Նման դեպքերում գործատուները չեն ջանում ապահովել արժանապատիվ աշխատանքային պայմաններ և համապատասխան վերաբերմունք: Հարցվողների 7.2%-ը նշել է, որ ամեն օր իրականացնում է արտաժամյա աշխատանք։ Արտաժամյա աշխատանքի դիմաց հավելավճար ստանում է այն երբևէ իրականացնողների միայն 28.4%-ը։ Հարցվողների 7.8%-ն աշխատում է հերթափոխով՝ օրական 24 ժամ: Գիշերային աշխատանք կատարողների 39.2%-ը երբեք չի ստացել հատուցում։ Գիշերային աշխատանքի հատուցումը այդ խմբի հարցվողների 8,5%-ի հավաստմամբ թողնված է գործատուի հայեցողությանը, իսկ 12,8%-ը դժվարանում է պատասխանել: Հարցվողների 27,5%-ը գրեթե միշտ կամ հաճախակի աշխատում է ոչ աշխատանքային օրերին, ևս 26.8%-ը՝ հազվադեպ։ Նրանց 54.4%-ը նշել է, որ դա համարվում է սովորական աշխատանքային օր, որի դիմաց հավելյալ չեն վճարվում։

 

✅Անհրաժեշտ է բարձրացնել հանրային իրազեկության մակարդակը աշխատանքային իրավահարաբերությունների երաշխիքների վերաբերյալ՝ խթանելով, որպեսզի աշխատանքի անցնելիս գործատուից պահանջեն կնքել պայմանագիր և հետամուտ լինեն աշխատել ամրագված իրավահարաբերությունների սահմաններում:

 

  • Աշխատանքում առողջության համար վտանգավոր կամ վնասակար գործոնների ազդեցության բարձր մակարդակի առկայության մասին նշել է հարցվողների 6.8%-ը, իսկ 16.9%-ը այդ գործոնները բավականին բարձր չեն գնահատում: Իրենց աշխատանքային պայմաններն առավել վտանգավոր են գնահատվել պաշտպանության ոլորտում, այնուհետև՝ շինարարության, վերամշակող արտադրության, առողջապահության ոլորտներում աշխատողները: Որպես աշխատանքում առկա առողջության համար վտանգավոր ազդեցություն ունեցող գործոններ են նշվել փոշին, խոնավությունը, գոլորշին (30.3%), թույլատրելիից բարձր աղմուկը (18.7%), ճառագայթումը (16.6%): Մտահոգիչ է, որ առողջության համար վտանգավոր ազդեցությունների առկայության դեպքում աշխատող հարցվողների 79.2%-ը չի ստանում որևէ փոխհատուցում: Ավելին՝ այդ հարցվողների մոտ 40%-ը գործատուի կամ վերադասի հետ չի քննարկել աշխատանքային պայմանների վտանգավորության կամ վնասակարության հարցը։ Թեև կորոնավիրուսային համավարակի կանխարգելման միջոցառումներ չեն ձեռնարկվել հարցվածներից միայն 2,9%-ի աշխատավայրերում, հիվանդությամբ վարակվել են հարցվածների 46․7%-ը։ Համավարակով պայմանավորված չի աշխատել կամ պարապուրդի է մատնվել հարցվածների 36․4%-ը, որոնցից այդ ժամանակահատվածում ամբողջությամբ վարձատրվել է 54,7%-ը։

 

✅Անհրաժեշտ է տրամադրել իրավախորհրդատվություն և ուղղորդում, ինչպես նաև համագործակցել համապատասխան մարմինների, մասնավորապես Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ՝ նման խնդիրների հատային և համակարգային լուծման ուղղությամբ:

 

  • Աշխատողների 9․8%-ը տեղյակ չեն, որ ունեն ամենամյա վճարովի արձակուրդից օգտվելու իրավունք, իսկ կեսը իրազեկված չեն դրա տևողության և պայմանների վերաբերյալ, լավատեղյակ չեն, թե ինչպես է հաշվարկվում աշխատավարձը, չգիտեն, թե ինչ պետք է կամ ինչ կարող են անել, երբ իրականացնում են աշխատանքային պայմանագրով կամ պայմանավորվածությամբ չնախատեսված աշխատանք: Աշխատողները միշտ չէ, որ կարողանում են արտահայտել իրենց դժգոհությունն աշխատանքային պայմանների, աշխատանքային փոխհարաբերությունների, աշխատանքի վարձատրության, արձակուրդի կամ այլ հարցերի շուրջ:

 

✅Անհրաժեշտ է կազմակերպել դասընթացներ աշխատողների և աշխատողների ներկայացուցիչների համար՝ օգտագործելով ինչպես հասարակական կազմակերպությունների, այնպես էլ պետական կառույցների, նաև արհմիությունների ներուժը:

 

  • Հարցվողների 8.7%-ը (92 մարդ) ունեցել է առողջական խնդիրներ (խեղումներ, մասնագիտական հիվանդություններ)՝ մասնագիտությամբ, աշխատանքի առանձնահատկությամբ կամ աշխատանքի վատ պայմաններով պայմանավորված։ Գործատուի կողմից փոխհատուցում ստացել է այդ խմբի միայն կեսը: Միաժամանակ հարցվողները վստահ են, որ առողջական վիճակով պայմանավորված՝ հղիության (57.8%) կամ հաշմանդամություն ունենալու դեպքում (49.7) աշխատավայրերում գերակշռում է տարբերակված դրական վերաբերմունք, իսկ գենդերային պատկանելությամբ (ներառում է նաև սեռական կողմնորոշումը և ինքնությունը) պայմանավորված՝ տարբերակված բացասական վերաբերմունքը (49.0%):

 

✅Բոլոր աշխատողների համար աշխատանքային հավասար հնարավորություններ ապահովելուն ուղղված ջանքերը պետք է լինեն հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների և գործատուների ուշադրության կենտրոնում: Այդ գործողությունները պետք է իրականացվեն բոլոր բնագավառներում՝ սկսած աշխատավայրի ֆիզիկական հարմարեցումից մինչև մտածելակերպի, աշխարհայացքի փոփոխություն: Այս առումով անհրաժեշտ է լավագույն փորձի տեղայնացման և հանրայնացման գործությունների իրականացում և քաղաքականությունների մշակում։ Անհրաժեշտ է, որպեսզի հասարակության մեջ արմատանա այն մոտեցումը, որ աշխատողը գնահատվում է իր մասնագիտական կարողությունների և կատարած աշխատանքի շնորհիվ, որտեղ որոշիչ չեն կարող լինել այնպիսի գործոններ, ինչպիսիք են սեռը, տարիքը, գենդերային պատկանելությունը, ֆիզիոլոգիական կառուցվածքը և այլն:

 

  • Աշխատանքային պայմանների հետ կապված դժգոհությունը գործատուին, անմիջական վերադասին կամ վերադաս մարմնին արտահայտելու փորձ ունեցողների ընդամենը 15.2%-ի մոտ է խնդիրը լուծվել դդժգոհությունն արտահայտելու արդյունքում, 45.8%-ի մոտ այն լուծվել է մասնակիորեն 35.6%-ի խնդիրը մնացել է չլուծված: Հարցվողների մեծ մասը (85.7%) նշել է, որ աշխատավայրում որևէ խնդրի լուծման կամ աշխատանքային իրավունքների պաշտպանության համար աշխատողները չունեն ընդդեմ գործատուի համախմբման փորձ: Միևնույն ժամանակ, եթե նման ակցիաներ լինեն, հարցվողների կեսի վստահությամբ դրանք կհանգուցալուծվեն ի շահ աշխատողների: Արհմիություն առկա է հարցվողների միայն 28.3%-ի աշխատավայրերում: Հարցվողների կեսը կարևորում է արհմիությունները որպես նյութական ու հոգևոր աջակցություն տրամադրող ինստիտուտ, միայն 10.9%-ը՝ որպես խախտված իրավունքների վերականգնման միջոց, 4.5%-ը՝ անվճար խորհրդատվության, իսկ 4.1%-ը՝ միայնակ չլինելու միջոց: Հարցվողների 23.2%-ը նշել է, որ արհմիությունը ոչինչ էլ չի տալիս իրենց կամ դժվարացել է պատասխանել այն հարցին, թե ինչ է արհմիությունն իրենց տալիս: Հարցին, թե ում կդիմեն իրենց իրավունքների պաշտպանության համար, ընդհանուր ստացվել է 1215 պատասխան, որոնց 51.8% եղել է անմիջական ղեկավարին կամ գործատուին, 10.3%-ը՝ գործընկերներին, 4.7%-ը՝ իրավաբանին, 3.6%-ը՝ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, 2,7%-ը դատարան և 2․4%- ը արհմիությանը։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին դիմելու պատրաստակամություն է հայտնել 0,9%-ը։ Արհմիությանը դիմելու տարբերակը նշողների մեջ ամենաշատը կրթության (58.6%) և առողջապահության (10.3%) ոլորտներում ներգրավված հարցվողներն են: Առողջապահական և աշխատանքի պետական տեսչական մարմիններին տարբերակը նշողների մեջ ամենաշատը կրթության (36.4%) և առողջապահության (27.3%) ոլորտներում ներգրավված հարցվողներն են:

 

✅Թեև հարցվողների պնդմամբ գործատուին անմիջականորեն դիմելը հիմնականում դրական արդյունք է ունենում, այնուամենայնիվ բողոքի ներկայացումը կարող է նաև աշխատանքից ազատման պատճառ դառնալ։ Այս առումով անհրաժեշտ է համագործակցել ոլորտային արհմիությունների հետ, բարձրացնել նրանց կարողությունները աշխատանքային իրավունքների կոլեկտիվ պաշտպանության ոլորտում և նպաստել աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների կիրարկմանը և համապատասխան օրենսդրական ու իրավակիրառ պրակտիկայի ներդրմանը:

 

——————————————

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ հասարակական կազմակերպությունը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

Դիտումներ՝ 338

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????