Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի՝ իրաքյան լրատվամիջոցին տված հարցազրույցը սխալ է մեկնաբանվել և օգտագործվել աջ ծայրահեղական սադրիչի կողմից՝ մեղադրելու նրան «հակապետական» դավադրության մեջ: Մեկ տարի անց Սուլթանյանին սպառնում է երեքից վեց տարի ազատազրկում՝ «ազգային թշնամանք հրահրելու» համար և շուտով կսկսվի դատավարությունը:

September 1, 2021

Գրադարան

«Ինձ առաջադրված մեղադրանքը [ազգային թշնամանքի հարուցում] սովորաբար օգտագործվում է՝ պաշտպանելու խոցելի խմբերին՝ ազգային փոքրամասնություններին, և ոչ թե հակառակը», OC Media-ին ասաց Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավար Սաշիկ Սուլթանյանը:

 

Անցյալ տարի՝ աշնան սկզբին, աջ ծայրահեղական ակտիվիստ Նարեկ Մալյանը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը բողոք է ներկացրել Սուլթանյանի ենթադրյալ «ազգային թշնամանք հարուցելու» կապակցությամբ: Բողոքը հիմնված էր Սուլթանյանի՝ Իրաքում տեղակայված Yezidinewscom. լրատվամիջոցին տված հարցազրույցի վրա: Հարցազրույցում Սուլթանյանը խոսել է այն խնդիրների մասին, որոնց, ըստ նրա, եզդի փոքրամասնությունը բախվում է Հայաստանում:

 

Սուլթանյանի նշած խնդիրները տարբեր էին. եզդի համայնքի դպրոցներում լեզվի մասնագետների պակասից մինչև եզդիական գյուղեր, որտեղ հողատարածքները ապօրինաբար զավթվել են օլիգարխների կողմից, քաղաքական ներկայացվածության պակաս, գյուղական տարածքներում եզդի բնակչության շրջանում տարածված աղքատություն:

 

«Դա պետք է լիներ անձնական զրույց, և ես խոսում էի պարզ լեզվով, որը, գուցե, փոքր-ինչ էմոցիոնալ էր: Սակայն իմ արտահայտած մտքերը հորինված չէին և հեռու են թշնամանք հրահրելուց», ասում է Սուլթանյանը:

 

Նա ավելացրեց նաև, որ լրագրողը զանգահարել էր իրեն, և նա չի հասկացել, որ դա հարցազրույց է, որը ձայնագրվելու և հրապարակվելու է, և կարծել է, թե կիսվում է իր անձնական կարծիքով:

 

Սուլթանյանն ասում է, որ հարցազրույցի հրապարակվելուց հետո կապ է հաստատել լրագրողի հետ, և վերջինս ջնջել է այն: Տեսանյութի կրկնօրինակները, սակայն, հասանելի են առցանց:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իրավական աջակցություն է տրամադրում իրավապաշտպանին: Գրասենյակի իրավաբանները հարցազրույցի թարգմանությունը համարում են «ոչ ճշգրիտ» և ասում են, որ «զրույցի տրամաբանությունը խեղաթյուրվել է և ներկայացվել բացասական համատեքստում»:

 

Հարցազրույցը թարգմանել է «կանխակալ վերաբերմունք ունեցող անձ, որն անգամ թարգմանչի հավաստագիր չունի», նշվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նյութի մեջ:

 

2020թ. հոկտեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես քննություն սկսեց, Սուլթանյանին մեղադրանք առաջադրվեց 2021թ.-ի մայիսի: Մեղադրանքն առաջադրվելուց հետո ԱԱԾ ներկայացուցիչները խուզարկել են Սուլթանյանի տունը և Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի գրասենյակը և առգրավել են երեք համակարգիչ, որոնցից մեկը պատկանում էր ընտանիքի անդամներից մեկին, ինչպես նաև երկու բջջային հեռախոս և մի քանի USB կրիչ:

 

Օգոստոսի 5-ին ՀՀ Գլխավոր դատախազը «պարզաբանում» հայտարարություն արեց, որում արդարացրեց «ազգային թշնամանք հարուցելու» մեղադրանքը, քանի որ Սուլթանյանը ենթադրաբար ասել է, թե «եզդիները Հայաստանում բախվում են խտրականության և չեն կարողանում սովորել իրենց լեզուն կամ զարգացնել իրենց մշակույթը»: Գլխավոր դատախազը նաև անդրադարձավ Սուլթանյանի այն ենթադրյալ հայտարարություններին, թե «հայերը խլում են եզդիների ունեցվածքը» և «պետական համակարգում եզդիներն առաջխաղացման հնարավորություն չունեն»:

 

Թե տոնայնությամբ և թե ձևակերպմամբ այս հայտարարությունը կարծես հայելային արտացոլանքը լինի Նարեկ Մալյանի թարգմանության, որտեղ, օրինակ, «օլիգարխները հողատարածքներ են խլել» արտահայտությունը վերարտադրվում է որպես «հայերը հողատարածք են խլել»:

 

«Աջ ծայրահեղական դատավարություն»

 

Նարեկ Մալյանը հայտնի աջ ծայրահեղական ակտիվիստ և ՎԵՏՕ շարժման հիմնադիրն է: ՎԵՏՕ-ն աջ ծայրահեղական խումբ է, որի նպատակն է, ըստ խմբի նկարագրության, «բացահայտել օտարերկրյա գործակալների ցանցը Հայաստանում»:

 

Երբ ՎԵՏՕ-ն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց Yazidinewscom  կայքին Սուլթանյանի տված հարցազրույցը, այն բառացի թարգմանություն չապահովեց, բայց փոխարենը տեղադրվեց Մալյանի կողմից ամփոփում և դավադրության տեսություն, որ կապում էր Սուլթանյանին հունգարա-ամերիկացի ֆինանսավորող և բարերար Ջորջ Սորոսի հետ, որին ավելացվեց նաև հայոց պետականությունը տապալելու սյուժե:

 

Սուլթանյանը Սորոսի կողմից ֆինանսավորվող Բաց հասարակություններ հիմնադրամից դրամաշնորհ է ստացել, Մալյանի պնդմամբ՝ «Հայաստանում էթնիկ հակամարտություն սերմանելու համար» և «հայոց անկախ պետականությունը տապալելու» գերնպատակով:

 

Սուլթանյանը OC Media-ին ասաց, որ զարմացած է, որ Ազգային անվտանգության ծառայությունը լրջորեն դիտարկել է Մալյանի բողոքը, քանի որ վերջինս պարբերաբար անհիմն մեղադրանքներ էր ներկայացնում օտարերկրյա ֆինանսավորում ունեցող հկ-ների դեմ և սկսել է բազմաթիվ կեղծ դատավարություններ: 

 

Հունիսի 20-ի ընտրություններից հետո, երբ կառավարող Քաղաքացիական պայմանագիրը (որին ՎԵՏՕ-ն կտրականապես դեմ էր) հաղթեց գերակշիռ մեծամասնությամբ, ՎԵՏՕ-ն և այլ հայտնի հայ աջ ծայրահեղական խմբեր, ինչպիսին է Ադեկվադը, սառեցրին իրենց ակտիվությունը:

 

ՎԵՏՕ-ի ֆեյսբուքյան էջի վերջին հրապարակումը հունիսի 14-ին է արվել: Այդ հրապարակմամբ ՎԵՏՕ-ն ողջունում է «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների «անհանդուրժող դիրքորոշումն օտարերկրյա գործակալական ցանցի նկատմամբ»:

 

Միջազգային դատապարտում

 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետներըFreedom House-ը և Human Rights Watch-ը կոչ են արել Հայաստանի իշխանություններին դադարեցնել Սուլթանյանի դեմ հետապնդումը:

 

«Ազգային փոքրամասնությունների իրավունքների առնչությամբ մտահոգությունների բարձրաձայնումը թշնամանքի հարուցում կամ բռնության հրահրում չէ», գրել են ՄԱԿ-ի երեք հատուկ զեկուցողները՝ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից հրապարակված հայտարարության մեջ, և ավելացրել, «Ազգային փոքրամասնությունները, ինչպիսիք են եզդիները, սպառնալիք չեն ազգային անվտանգության համար»:

 

Ըստ նրանց՝ «մեղադրանքները նախագծված են պարզապես ահաբեկելու պարոն Սուլթանյանին և մյուսներին, ովքեր պաշտպանում են փոքրամասնությունների իրավունքները»:

 

Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Հյու Ուիլյամսոնը դիմել է Հայաստանի Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ կոչ անելով հրաժարվել Սուլթանյանին առաջադրված մեղադրանքներից:

 

«Ազգային և էթնիկ թշնամանքի դեմ պայքարը ցանկացած կառավարության գլխավոր առաջնահերթությունն է, սակայն չի կարելի դրան հասնել քրեականացնելով կամ այլապես խախտելով այն մարդկանց իրավունքները, ովքեր բարձրաձայնում են զգայուն հարցեր», ասվում է Դավթյանին հասցեագրված նամակում և շարունակում, «Թեև արդար է չհամաձայնել հարցազրույցի ընթացքում Սուլթանյանի կողմից արված պնդումներին կամ վիճարկել դրանց ճշգրտությունը, այնուամենայնիվ դրանք քրեական քննության ենթարկելը խախտում է Հայաստանի՝ խոսքի ազատության իրավունքը հարգելու և պաշտպանելու պարտավորությունները»:

 

Գլխավոր Դատախազության գրասենյակը պատասխան նամակով հերքեց մեղադրանքները և հայտնեց, որ հետապնդումը «հարուցվել է ներպետական և միջազգային իրավական նորմերին համապատասխան»: 

 

«Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարցուցելու հանգամանքը չի կարող մեկնաբանվել որպես խոսքի ազատության բռնաճնշում կամ իրավապաշտպան գործունեությանը միջամտություն», ասվում է նամակում:

 

Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ասոցացված տնօրեն Գեորգի Գոգիան ասաց OC Media-ին, որ միջազգային չափանիշները և HRW-ի կողմից հարցազրույցի վերլուծությունը ցույց են տալիս, որ «հարցազրույցի ընթացքում  Սուլթանյանի արտահայտած կարծիքները լիովին տեղավորվում են միջազգային իրավունքով պաշտպանվող իրավաչափ խոսքի սահմաններում»:

 

Ըստ Գոգիայի՝ եթե Հայաստանի արդարադատության համակարգը Սուլթանյանին մեղավոր ճանաչի, հարկ կլինի դիտարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու տարբերակը:

 

«Թեև այժմ սա եզակի գործ է, հավանական է, որ այն ունենա շատ ավելի ընդարձակ ազդեցություն, և ես տեսնում եմ, թե ինչպես սա կարող է անհանգստացնել Հայաստանի քաղհասարակությանը», ասաց Գոգիան և ավելացրեց, «Հայաստանի իշխանություններն ունեն միջազգային պարտավորություններ պաշտպանելու ազգային փոքրամասնությունների իրավունքները և ապահովելու խոսքի և միավորումների ազատությունը երկրում»:

 

Դիտումներ՝ 101

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????