Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԾ-ն չի վերացնում դատարանի արձանագրած խախտումները

December 14, 2021

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Հրապարակումներ | Նորություններ

Վարույթն իրականացնող մարմինը խոշտանգման դեպքի կապակցությամբ բացահայտ անգործություն է դրսևորում

 

2021 թ․ նոյեմբերի 25-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով Գագիկ Կարապետյանի և Ալբերտ Հակոբջանյանի ներկայացուցիչ, ՀՔԱՎ փաստաբան Անի Չատինյանի և Գագիկ Կարապետյանի բողոքները, բավարարել է դրանք՝ պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնել դատական ակտի պատճառաբանական մասում արձանագրված խախտումները։  

 

2017 թ․ մարտի 22-ին Ալբերտ Հակոբջանյանը խոշտանգման դեպքով դիմել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ։ Նա  նշել է, որ դեռ 2016 թ. նոյեմբերին ՀՀ ոստիկանության Ստեփանավանի աշխատակիցներն ատրճանակի սպառնալիքով, առանց պատճառը հայտնելու, իրեն բերման են ենթարկել ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղ մի խումբ ոստիկաններ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պահանջելով տեղեկություններ հայտնել իր ընկերոջ` Ստեփանավան քաղաքի բնակիչ Գագիկ Կարապետյանի կողմից գողություն կատարելու վերաբերյալ։

 

Ահազանգն ստանալուց հետո ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որի հիման վրա 2017 թ․ մայիսի 2-ին հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 309․1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Խոշտանգումը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։

 

Գագիկ Կարապետյանը իր հերթին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ-ին այն մասին, որ 2016 թ. նոյեմբերին ոստիկանության Ստեփանավանի բաժին բերման ենթարկված ընկերոջը՝ Ալբերտ Հակոբջանյանին ազատ արձակելու հարցով վիճաբանել է ոստիկանների հետ, որի ժամանակ նրան ծեծել են, վկաներից մեկին էլ հարկադրել են իր դեմ ցուցմունք տալ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (Պաշտոնեական կեղծիքը) և 309-րդ հոդվածով։

 

2017 թ․ սեպտեմբերի 15-ին նախաքննությունն իրականացնող մարմինը կարճել է գործի վարույթը։ Այս որոշումը տուժողի ներկայացուցիչ Անի Չատինյանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազություն, ապա նաև դատարան։

 

Այս գործով վճռաբեկ դատարանը մի շարք կարևորագույն հանգամանքներ է արձանագրել՝ նշելով, որ խոշտանգման գործով արդյունավետ քննություն չի իրականացվել, և գործը ուղարկել է վարույթն իրականացնող մարմնին՝ նոր քննության։

 

2020 թ․ դեկտեմբերի 15-ին քրեական գործով վարույթը նորից կարճվել է։ Այս անգամ Անի Չատինյանի և Գագիկ Կարապետյանի ներկայացրած դիմում-բողոքը դատարանը նորից բավարարել է և պարտավորեցրել ՀՔԾ-ին վերացնել արձանագրված խախտումները։

 

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում խոշտանգման դեպքով դեռ որևիցե պաշտոնատար անձ քրեական պատասխանատվության չի ենթարկվել։

 

Քանի որ խոշտանգում կիրառած ոստիկանները ՀՀ-ում չեն պատժվում, դեպքերը կրկնվում են․ դրա մասին է փաստում նաև այն, որ Գագիկ Կարապետյանի մասնակցությամբ կրկին նմանատիպ գործ է քննվում․ այս դեպքից հետո էլ ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցների կողմից նա կրկին ենթարկվել է խոշտանգման։

 

Արձանագրում ենք, որ վարույթն իրականացնող մարմինը պատրաստակամ չէ նույնիսկ ՀՀ Վճռաբեկ դատարանի արձանագրած խախտումները և քննության թերությունները վերացնելու հարցում։

 

Ստացվում է, որ չնայած այս մարդիկ 2017 թ․-ից պայքարում են իրենց խախտված իրավունքի վերականգնման համար, իրենց օգտին կայացված երկու դատական ակտ կա, սակայն չկա այդ խախտումները վերացնելու պատրաստակամ մարմին։

 

Դիտումներ՝ 191

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????