Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ աջակցությամբ քաղաքացին դատարանում վիճարկել է պաշտպանության նախարարի՝ օրենքի խախտմամբ ընդունված որոշումն ու վերականգնել իր իրավունքը

July 10, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ

2019 թվականին 29-ամյա Գ.Գ.-ը դիմել է ՀՔԱՎ գրասենյակին՝ խախտված իրավունքները վերականգնելու նպատակով: 

 

Նա գրասենյակին պատմել է, որ 2007 թ.-ին զինվորական կցագրում է անցել Կենտրոնական զինկոմիսարիատում: 2008թ.-ին ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարան: Ուսումը շարունակելու հիմքով ստացել է տարկետում 3 տարով և ուսումը շարունակել է մինչև 2013 թ.-ը: 2013թ.-ին անցել է բուժզնություն և ներկայացվել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին: Հանձնաժողովի եզրակացությամբ ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի և դարձյալ ստացել է 3 տարով տարկետում: 2013-2015թթ.-ին, առողջական վիճակի պատճառով ունենալով տարկետման իրավունք, Գ.Գ.-ն շարունակել է սովորել մագիստրատուրայում: Եռամյա տարկետման ժամկետի ավարտին, որպես զորակոչի ենթակա, 2016թ.–ին, կրկին անցել է բուժզննություն, ներկայացվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին, որի նոյեմբերի 28-ի եզրակացությամբ էլ ճանաչվել է ոչ պիտանի զինծառայությանը՝ խաղաղ ժամանակ: Դրա հիման վրա 2017թ.-ին Գ.Գ.-ը ստացել է զինգրքույկ և հաշվառվել պահեստազորում: Ազատվելով պարտադիր ժամկետային զինծառայությունից՝ 2016-2018թթ.-ին Գ.Գ.-ը սովորել է համալսարանի օրդինատուրայում: Չնայած զինծառայությանը ոչ պիտանի ճանաչվելու և պահեստազորում հաշվառվելու իրավաչափ հանգամանքին՝ 2018 թ.-ի նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նրան շնորհվում է  բ/ծ լեյտենանտի կոչում: Նոյեմբերի 20-ին Գ.Գ.-ը ծանուցվել է 2018թ. պահեստազորի սպայական կազմի զորակոչին ներկայանալու մասին, բայց հրաժարվել է ներկայանալուց: Զորակոչին չներկայանալու հիմքով նյութեր են նախապատրաստվել և 2019թ. փետրվարի 1-ին հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Գ.Գ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քննիչն առաջարկել է հաջորդ զորակոչին մասնակցության մասին համաձայնություն ստորագրել և կարճել քրեական գործը: Գ.Գ.-ն հրաժարվել է՝ գտնելով, որ ստորագրելը նշանակում է համաձայնել զինվորական կոչում շնորհելու իրավաչափության հետ:  

 

2018 թ. դեկտեմբերի 5-ին նա վերադասության կարգով բողոքարկում է ՊՆ-ի 2018 թ. նոյեմբերի 14-ի հրամանն իրեն «բ/ծ լեյտենանտ» սպայական կոչում շնորհելու մասով՝ խնդրելով վերացնել այն, սակայն ՊՆ-ից բողոքի  պատասխան ստանում է ամիսներ անց՝ 2019 թ. ապրիլի 4-ին, երբ Գ.Գ.-ն արդեն դիմել էր ՀՀ Վարչապետի ու  Նախագահի աշխատակազմերին:

 

Գտնելով, որ իր նկատմամբ թույլ է տրվել ոչ իրավաչափ մոտեցում և ՊՆ-ի այս հրամանն ընդունվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ, Գ.Գ.-ը դիմել է ՀՔԱՎ գրասենյակ: Նրա համոզմամբ այդ հրամանի հետևանքով խախտվել են իր իրավունքները. մասնավորապես՝ իր վրա ոչ իրավաչափորեն դրվել է  պարտականություն, որը չկատարելու հետևանքով քրեական պատասխանատվության ենթարկվելը նույնպես անհիմն է: 

 

Գ.Գ.-ի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀՔԱՎ փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը 2018թ.-ի մայիսի 8-ին գրությամբ դիմել է ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանին՝ խնդրելով տրամադրել Գ.Գ.-ին բ/ծ լեյտենանտի կոչում շնորհելու հրամանի պատճենը, ինչպես նաև այդ հրամանի հիմքում ընկած բոլոր փաստաթղթերի՝ ներառյալ վարչական վարույթի նյութերի պատճենները:  

 

Նրան պատասխանել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը: Ըստ պարզաբանումների՝ Գ.Գ.-ին մինչև 35 տարեկանների պահեստազորի 1-ին խմբի բժշկական կազմի սպաների 2018 թ.-ի զորակոչին ներգրավելը եղել է իրավաչափ, իսկ բ/ծ լեյտենանտի կոչում շնորհելու հիմքերի մասին հարցը քննարկվել է զինկոմիսարիատում: 2018թ.-ի հոկտեմբերի 22-ին ՊՆ-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ պահեստազորի 1-ին խմբի բժշկական կազմի սպաների 2018թ.-ի զորակոչի նախապատրաստման նպատակով: Աշխատանքային Խումբը ուսումնասիրել է Գ.Գ.-ին զորակոչին ներգրավվելու իրավաչափությունը և պարզել է, որ դեռ բժշկական համալսարանում սովորելու տարիներին նա ճանաչվել է ոչ պիտանի զինծառայությանը, բայց ուսման ընթացքում անցել ռազմական պատրաստություն առարկան: Հիմք ընդունելով այդ մասին համալսարանի տեղեկանքը, նաև այն, որ նա ատեստավորվել է՝ աշխատանքային խումբը որոշել է Գ.Գ.-ին ներգրավվել 2018թ.-ի զորակոչին և ՊՆ-ի հրամանով շնորհել բ/ծ լեյտենանտի զինվորական կոչում: Ուշագրավ է, որ Աշխատանքային խումբն այս հարցը քննարկել է մի քանի նիստերում և արժանացրել հավանության:   

 

Այս պարզաբանումները ստիպում են Գ.Գ.-ին դատական կարգով վերականգնել իր խախտված իրավունքները: 

 

Դատարանում Գ.Գ.-ի շահերը ներկայացնում են ՀՔԱՎ փաստաբաններ Սյուզաննա Սողոմոնյանը, այնուհետև Հայկ Հակոբյանը:   2019 թ.-ի մայիսի 27-ին Սյուզաննա Սողոմոնյանը ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացնում՝ պահանջելով անվավեր ճանաչել Գ.Գ.-ին բ/ծ լեյտենանտի կոչում շնորհելու  մասով՝ 2018 թ.-ի նոյեմբերի 14-ի ՊՆ-ի հրամանը: Փաստաբանը պնդում է, որ վերոհիշյալ հրամանն ընդունվել է օրենքի խախտմամբ: 

 

Ըստ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի՝  ««լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է`
1) ռազմաուսումնական հաստատություն կամ սպայական դասընթաց ավարտած` սպայական կոչում չունեցող զինծառայողներին, ընդ որում` ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություն ավարտած զինծառայողին՝ ինտերնատուրան ավարտելուց հետո.
2) բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած քաղաքացիներին` սույն օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո(…):

 

Նույն օրենքի 73-րդ հոդվածի 5-րդ մասով էլ՝ «Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցած և օրդինատուրայում ուսումը շարունակելու համար տարկետում ստացած անձանց վրա տարածվում են «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ 2002 թ.-ի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները, որոնք գործում են մինչև 2020 թ.-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ և ուժը կորցրած ճանաչվում 2021թ.-ի հունվարի 1-ից»։
Համաձայն այդ դրույթների՝ «լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է`                                                                 1) ռազմաուսումնական հաստատություններ կամ սպայական դասընթաց ավարտած՝ սպայական կոչում չունեցող զինծառայողներին, ընդ որում, ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություն ավարտած զինծառայողին՝ ինտերնատուրա ավարտելուց հետո,           2)բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած քաղաքացիներին` ՀՀ  կառավարության սահմանած կարգով։ 

 

ՀՔԱՎ փաստաբանը դատարանի ուշադրությունը հրավիրել է հանգամանքին, որ 2016թ.-ին՝ խաղաղ ժամանակ զինծառայությանը ոչ պիտանի ճանաչված Գ.Գ.-ին 2018թ.-ին բ/ծ լեյտենանտի կոչում շնորհելն արդեն իսկ ոչ իրավաչափ է եղել, որովհետև Գ.Գ.-ն, առողջական խնդրով պայմանավորված, չի անցել զինծառայություն: Բացի այդ, նա չի սովորել ինտերնատուրայում,  օրդինատուրայում սովորելու համար էլ չի ունեցել տարկետման իրավունք, քանի որ ազատված է եղել զինծառայությունից: Ուսումը Գ.Գ-ն ավարտել է 2018 թ.-ի սեպտեմբերին, այսինքն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ  օրենքն ուժի մեջ մտնելուց հետո։

 

Նրա դիպլոմի հավելվածում  ռազմական պատրաստություն անցնելու մասին նշումը նույնպես օրենքի խախտմամբ է կիրառվել, որովհետև նրա ուսման ընթացքում գործել է ՀՀ Կառավարության 1994 թ.-ի մայիսի 19-ի թիվ 232 որոշումը, որով սահմանվել է ԲՈւՀ-երում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և սպայական կոչում շնորհելու կարգը։ Կարգի համաձայն՝ (…)ըստ առողջական վիճակի շրջանային զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովների եզրակացության հիման վրա շարային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված ուսանողները(…)ազատվում են ռազմական պատրաստությունից:

 

Գ.Գ.-ը չի մասնակցել ուսումնական հավաքների, չի անցել զինվորական ստաժավորում, մինչդեռ Կառավարության որոշմամբ, միայն հավաքներին մասնակցելուց հետո է ուսանողը հանձնում քննություն ռազմական պատրաստության գծով և համարվում ռազմական պատրաստություն անցած։


Սրանից զատ,  2009 թ.-ին ընդհանուր ռազմական գործ սովորելիս չի ստուգվել Գ.Գ.-ի` շարային զինծառայությանը պիտանիության հարցը, 2013 թ.-ին էլ՝ արդեն ռազմական պատրաստության մյուս փուլում՝ ռազմադաշտային թերապիա և վիրաբուժություն առարկաներն ուսանելիս, նա Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի՝ շարային զինծառայությանը։ Այսինքն՝ իրավահարաբերության պահին, գործող օրենսդրությամբ, ռազմական պատրաստությունից պետք է ազատվեն այն ուսանողները, ովքեր, ելնելով առողջական վիճակից, զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովների եզրակացությամբ ոչ պիտանի են ճանաչվել շարային ծառայությանը: Հետևաբար՝ Գ.Գ.-ն ևս պետք է ազատված լիներ ռազմական պատրաստությունից։

 

Ստացվում է, որ  «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ 2002 թ.-ի օրենքի 31-րդ հոդվածով անհրաժեշտ 3 պայմանների միաժամանակյա առկայությունը, այն է` քաղաքացին պետք է ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցած լինի, օրդինատուրայում սովորելու համար պետք է տարկետում ստացած լինի և այս 2 պայմանը պետք է առկա լինեն մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը, այն է` մինչ 2017 թ.-ի դեկտեմբերի 16-ը, Գ.Գ.-ի դեպքում չի եղել։
Հետևաբար, վերոնշյալ դրույթները նրա նկատմամբ կիրառելի չեն:  

 

Վերոնշյալ վերլուծությունից պարզ է դառնում, որ ո՛չ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 11-րդ  և ոչ էլ «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածները չեն կարող տարածվել Գ.Գ.-ի վրա և չեն կարող դրվել նրան զինվորական կոչում շնորհելու հրամանի հիմքում։ 

 

Դատարանն առանձնակի ուշադրության է արժանացրել ՀՀ ՊՆ-ի պաշտոնական պարզաբանումը նույնաբովանդակ խնդրով մեկ այլ դիմումատուի հարցին, որով նա խնդրել էր պաշտոնապես պարզաբանել մի շարք հարցեր: Մասնավորապես՝ պետական բժշկական համալսարանում ուսման ընթացքում ռազմական պատրաստություն անցած շրջանավարտների համար բժշկական ծառայության լեյտենանտի զինվորական կոչում ստանալը իրավունք է, թե՞ ոչ, նրանք պարտադիր զինծառայության պետք է զորակոչվեն որպես պահեստազորի սպա՞, թե որպես շարքային, զորակոչվելուց անմիջապես հետո իրավունք ունե՞ն լեյտենանտի կոչում ստանալ և ծառայել որպես լեյտենանտ, թե՞ չունեն, զորակոչվելուց հետո քանի՞ ամիս է կազմելու նրանց զինվորական ծառայության ժամկետը։
 

Ըստ պարզաբանման  պատճառաբանական մասի` «(...) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը չի կարգավորում պարտադիր զինծառայության՝ զորակոչի հետ կապված հարաբերությունները, իսկ նշված հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է արդեն իսկ զինծառայող հանդիսացող անձին «լեյտենանտի» զինվորական կոչում շնորհելու իրավական հիմքը։ 

 

Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` պահեստազորում հաշվառվում են ԲՈւՀ-երում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած և սույն օրենքով սահմանված կարգով «լեյտենանտ» զինվորական կոչում ստացած քաղաքացիները։ 

 

Օրենքի 73-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն էլ՝ «Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցած և օրդինատուրայում ուսումը շարունակելու համար տարկետում ստացած անձանց վրա տարածվում են «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ 2002 թ.-ի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները, որոնք գործում են մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ և ուժը կորցրած են ճանաչվում 2021 թ.-ի հունվարի 1-ից»։

 

«Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` «լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած քաղաքացիներին` ՀՀ  Կառավարության սահմանած կարգով։ 

 

Համադրելով վերոնշյալ օրենքների մի շարք դրույթներ, ակնհայտ է դառնում, որ պարտադիր զինծառայություն չանցած անձին մինչև պարտադիր զինծառայության զորակոչելը «լեյտենանտ» զինվորական կոչում շնորհելու, պահեստազորի սպայական կազմում հաշվառելու և պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինծառայության զորակոչի կարգավորումներն առնչություն չունեն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կարգավորման հետ։ 

 

Ստացվում է, որ ՊՆ-ը ներկայացնում է պաշտոնապես պարզաբանում է, բայց չի առաջնորդվում իր իսկ պարզաբանումներով:

 

Զորակոչին ներկայանալ հրաժարվելու հիմքով  հարուցված և հանցակազմի բացակայության հիմքով կարճված քրեական գործի մանրամասները նույնպես  դատարանն արժանահավատ է համարել: Հատկապես որ 2019թ.–ին քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման շրջանակներում քննիչը փաստական տվյալներ ձեռք բերելու նպատակով դիմել է  Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովին, որտեղից պատասխանել են, որ Գ. Գ.-ը ոչ պիտանի է զինծառայությանը:

 

Լսելով կողմերի բացատրությունները, գործով ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ հաստատված համարելով, Վարչական դատարանը եզրահանգել է, որ Գ.Գ.-ին պահեստազորի առաջին սպայական «բ/ծ լեյտենանտ» զինվորական կոչում շնորհելու մասով՝ ՊՆ-ի 2018 թ. նոյեմբերի 14-ի հրամանը կայացվել է օրենքի խախտմամբ: 

 

2020 թ.-ի  հուլիսի 2-ին դատարանն ամբողջությամբ բավարարել է ՀՔԱՎ փաստաբանի  հայցը, գտնելով որ Գ.Գ.-ի մասով ՊՆ-ի հրամանը ենթակա է վերացման։

Դիտումներ՝ 1279

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????