Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատարանը պետք է քրեական գործ հարուցի ռուսական ռազմաբազայի ղեկավարության նկատմամբ

May 3, 2020

Լրատվամիջոցները մեր մասին | Ջուլիետա Ղուկասյան

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Lragair.am-ի հետ զրույցում անդրադարձավ խնդրին, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը խոչընդոտում է, որպեսզի գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության համար մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը ներկայանա հայաստանյան դատարան։

 

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Ռազգիլդեևը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, 2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում՝ Սլաբոտկա  թաղամասում դաժան ծեծի է ենթարկել 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին, ինչի հետևանքով կինը մահացել է։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

 

Ըստ Սաքունցի՝ այս փուլում անհեթհեթ հիմնավորմամբ շատ ցինիկ կերպով ռազմաբազայի ղեկավարությունը հայտարարում է, որ թույլ չի տալու, որ Անդրեյ Ռազգիլդեևին բերեն դատարան։

 

Նա հիշեցրեց, որ այս գործը դատարանում է նախորդ տարվա սեպտեմբերից։ Սկզբում նիստերը հետաձգվում էին այն պատճառով, որ հայկական կողմից էին խնդիրներ առաջանում՝ դատախազը կամ այլ անձինք պարբերաբար գտնվում էին արձակուրդում։ Դրանից հետո նիստերի չանցկացման պատճառ հանդիսացավ Գյումրիի ռուսական ռազմաբազայի հրամանատարության պատճառաբանությունը, թե «քանի որ գտնում ենք, որ Անդրեյ Ռազգիլդեևի անվտանգությունը երաշխավորված չէ, այդ հիմքով նպատակահարմար չենք գտնում նրան ներկայացնել ՀՀ դատարան»։

 

«Ինչո՞ւ եմ  ես սա համարում ցինիկ ու արհամարհական վերաբերմունք ՀՀ և նրա դատական իշխանության նկատմամբ, որովհետև նույն ռուսական ռազմաբազայի ծառայողներն ազատ շրջում են Գյումրի քաղաքում, բնակվում են Գյումրիում, շփվում են մարդկանց հետ, և անվտանգության առումով որևէ խնդիր ընդհանրապես չկա։ Ավելին, որևէ հիմք չկա նման հարց բարձրացնելու»,- ասաց Սաքունցը։

 

Վերջին անգամ այս գործով դատական նիստը նշանակված էր ապրիլինի 30-ին, բայց  ռուսական ռազմաբազայի հրամատարությունը դարձյալ չի թույլատրել, որպեսզի Անդրեյ Ռազգիլդեևը ներկայանա հայաստանյան դատարան։ Հիմնավորումն այն է եղել, որ ռազմաբազայի հրամատարը գործուղման մեջ է, և չեն կարող թույլ տալ, որ ոստիկանությունը ռուսական բազայի տարածքում կալանքի տակ գտնվող Ռազգիլդեևին տեղափոխի դատարան։

 
 

«Բայց եթե ռազմաբազայի հրամանատարը գործուղման մեջ է, ապա, ըստ զինվորական ծառայության կանոնակարգի, նրան պետք է փոխարինի մեկ այլ մարդ՝ իր տեղակալը։ Այսինքն՝ չի կարող ռուսական ռազմաբազան առանց հրամանատարության մնալ։ Եթե հանկարծ արտակարգ իրավիճակ լիներ, այդ դեպքում շատ անհեթեթ կլիներ ասել, որ ռազմաբազայի հրամանատարը գործուղման մեջ է և պետք է սպասենք նրա վերադարձին, հետո նոր սկսենք գործողություններ կատարել։ Այսինքն՝ սա ակնհայտ ծաղր պարունակող վերաբերմունք է»,- նշեց Սաքունցը։

 

Նրա խոսքով՝ իրենք դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն այն հարցով, որ ռուսական ռազմաբազայի ղեկավարության կողմից տեղի է ունենում արդարադատության խոչընդոտում, և դրա հիմքով պետք է քրեական գործ հարուցվի, բայց դատաախազությունը չի պատասխանել։

 

«Եթե նման բան լիներ ՀՀ որևէ պետական մարմնի կողմից, ապա նման պահվածքի դեպքում անպայման քրեական գործ կհարուցվեր։ Էլ չեմ խոսում այն մասին, որ կալանավորի դեպքում, ով չի գտնվում ՀՀ իրավապահ մարմինների հսկողության ներքո, նույնիսկ հետախուզում կհայտարարեին՝ դատական պրոցեսից խուսափելու համար։ Այսինքն՝ այստեղ և կալանավորի, և նրան հովանավորողի նկատմամբ քրեական գործի հարուցումն արդեն իսկ բխում է մեր օրենսդրության պահանջներից։ Քանի որ դատախազությունը չի պատասխանել, մենք մտել ենք դատարան՝ պահանջելով, որ դատարանը պետք է քրեական գործ հարուցի ռուսական ռազմաբազայի ղեկավարության նկատմամբ, բայց դատարանն այս պահին դեռ հապաղում է։ Մի կարևոր բան նշեմ՝ ի սկզբանե, երբ մենք հարցը բարձրացնում էինք, որ մեր դատարանի կողմից խափանման միջոց կալանքը կիրառելուց հետո Ռազգիլդեևը պետք է գտնվի ՀՀ քրեակատարողական հիմնարկում, բացի արդար դատաքննության հարցից, նաև արդարադատության իրականացման տեսակետից հարց կար։ Եվ հիմա մենք առնչվում ենք այդ հարցին, երբ ի սկզբանե թույլ տրված սխալը կամ օրենսդրության պահպանման առումով ոչ պահանջատեր լինելը հանգեցնում է երկրորդ խնդրին։ Այս անգամ արդեն մեղադրյալին չեն տրամադրում՝ դատարան ներկայացնելու խոչընդոտելու տեքով»,-նշեց Սաքունցը։

 

Իրավապաշտպանի խոսքով՝ քանի որ գործ ունենք այլ պետության կառույցի՝  ռուսական ռազմաբազայի հետ, որը գործում է միջպետական պայմանագրով, ապա այստեղ արդեն հարցը տեղափոխվում է քաղաքական իշխանության տիրույթ։

 

«Մենք ժամանակին հարց էինք բարձրացրել, որ հայ-ռուսական պայմանագրերում, որոնք կարգավորում են ՌԴ զինված ուժերի ներկայությունը ՀՀ-ում, կան հարցեր։ Այդ պայմանագրերի հետ կապված Ռուսաստանից հայտարարություն տարածեցին, որ՝ որոշ կազմակերպություններ սեպ են խրում հայ-ռուսական հարաբերություններում։ Բայց, կներեք, այստեղ սեպ խրելու մասին չէ խոսքն ընդհանրապես։ Խոսքը վերաբերում է ՀՀ քաղաքացու կյանքի իրավունքի պաշտպանության խնդրին։ Եվ երբ մենք հարց ենք բարձրացնում, որ այդ հայ-ռուսական պայմանագրերը չեն կարգավորում նմանատիպ խնդիրները, չեն տալիս լուծումներ, դա վերաբերում է նրան, որ եթե մի կողմը չի կատարում իր պարտականությունը, ապա այստեղ խնդրի հասցեատերը հանդիսանում է ՀՀ քաղաքական իշխանությունը, որն ինքը պետք է ջանքեր գործադրի։ Ինքը պետք է ելնի ՀՀ ինքնիշխանության, ժողովրդավարական պետության շահերից և հետամուտ լինի, որպեսզի ՀՀ օրենսդրության պահանջներն իրագործվեն, և քայլեր կատարի, որոնք ելնում են ՀՀ քաղաքացու՝ տվյալ դեպքում Ջուլիետա Ղուկասյանի օրինական շահերի պաշտպանության տեսակետից»,- նշեց Սաքունցը։

 

lragir.am

Դիտումներ՝ 342

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????