Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս լուծումներ գտնել

July 2, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, Վահե Գրիգորյանը առաջարկում է ՍԴ ճգնաժամը լուծելու երեք տարբերակ։ Այդ տարբերակներից ո՞րն է ավելի կենսունակ մեր պարագայում։

 

Ես կարծում եմ, որ կարելի էր նաև չգնալ Վահե Գրիգորյանի առաջարկած ճանապարհով։ Այն, ինչ հիմա Վահե Գրիգորյանն առաջարկում է և այն իրավիճակը կամ այն խնդիրները, որոնք բարձրացնում է Վահե Գրիգորյանը, դրանք կարող էին շատ հեշտությամբ լուծված լինել Սահմանադրական փոփոխություններով։ Այսինքն՝ Վահե Գրիգորյանը կոնկրետ որպես պատասխանատու, պետության իրավական համակարգի գոյություն ունեցող խնդիրներով զբաղվող անձ, փորձում է գտնել լուծումներ և տալիս է որոշակի մոտեցումներ՝ ելնելով գործող Սահմանադրության հնարավորություններից կամ դրա շրջանակներում է գործում։ Նման մեթոդի կամ խնդրի նման լուծման անհրաժեշտությունը չէր լինի, եթե փոխվեին այն սահմանադրական կարգավորումները, որոնք գոյություն ունեն և որոնք ստեղծվել են Սերժ Սարգսյանի իշխանության ապահովման տրամաբանության շրջանակներում։

 

Ես կարծում եմ, որ այն աններդաշնակությունը, որ առաջացել է 2015-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում, չի կարող լուծվել այդ նույն Սահմանադրության և նրան համապատասխան ձևավորված օրենսդրության շրջանակներում։ Վահե Գրիգորյանն ընդամենը տալիս է բարեխիղճ գնահատական այդ Սահմանադրության բացթողումների, թերությունների մասին։ Նա նաև դիմում է սահմանադրական մարմիններին, որ նրանք այդ լուծումները գտնեն։ Իսկ այդ մարմինները՝ ԱԺ, կառավարություն, լուծումներ գտնելու մեկ հնարավորություն ունեն՝ նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, որը պետք է անեն։ Ուրիշ տարբերակ, ուրիշ իրավական լուծում չկա, չի էլ լինելու և չի էլ կարող լինել։ Այլ լուծումներ չի տալիս Սերժ Սարգսյանից ժառանգություն մնացած Սահմանադրությունը։ Սա պետք է հստակ հասկանալ։

 

Ի՞նչն է պատճառը, որ ուշանում են սահմանադրական փոփոխությունները, ո՞վ է մեղավոր,  որ այդ քայլերն արագ չեն արվում, որով և ՍԴ-ի հարցը կլուծվեր, և դատական համակարգի բարեփոխումների հարցը։

 

Անկեղծ ասած, չգիտեմ, թե որն է պատճառը, բայց խնդիրն այն է, որ ոչ թե սահմանադրական փոփոխությունների գործընթացը դանդաղ է ընթանում, այլ ընդհանրապես այդպիսի գործընթաց չկա։ Շատ  հստակ է, որ սահմանադրական փոփոխությունների մասին խոսք չկա, նման նախաձեռնություն էլ չկա։ Ես չգիտեմ, թե որն է պատճառը։ Բայց պետք է արձանագրել, որ առանց սահմանադրական փոփոխությունների, առանց միակուսակցական կառավարում ապահովող Սահմանադրության փոփոխությունների ժողովրդավարական, իրավական պետության համար անհրաժեշտ իրավական դաշտ չի կարող ստեղծվել։ Ցանկացած սահմանադրական ինստիտուտ, որը կարող ենք փորձել ձևավորել, միշտ էլ անխուսափելիորեն հանգելու ենք նույն իրավիճակին, այնպիսի իրավիճակի, երբ տեսնենք, որ ըստ էության չկան լուծումներ։ Գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս լուծումներ գտնել։ Լուծումներ կարող են գտնել զուտ անձնական բնույթի, այսինքն՝ անձերի փոփոխման, բայց ոչ ինստիտուցիոնալ փոփոխությունների, որոնք փորձում ենք իրականացնել։

 

ՀՀ-ում ժողովրդավարական, իրավական պետության ամրագրման ցանկացած քայլ, գործողություն արդյունք չի տալու կամ ստեղծելու է իրավիճակներ, որը պայմանավորված է գործող Սահմանադրության և օրենսդրության նորմերի բնույթով, դրանց ավտորիտար իշխանության կարգավորման բնույթով։ Ինչ փոփոխություն էլ անենք, գալու են անխուսափելիորեն դեմ են առնելու պատի։ Դա կոչվում է ավտորիտար կառավարման սահմանադրական խոչընդոտ։ Տարբեր քայլերի, տարբեր գործողությունների ժամանակ անխուսափելիորեն գալու ենք կանգնենք պատի առաջ։

 

Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ եթե դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը կարող է դառնալ թավշյա հեռացում։ Դուք ինչպե՞ս եք գնահատում։

 

Ես չեմ ուզում անդրադառնալ նրան, թե ինչ նկատի ունի Սասուն Միքայելյանը։ Ես կարող եմ ասել, որ ավտորիտար կառավարման կարևոր ինստիտուտներից մեկը հանդիսացել է հենց Երկրապահ կամավորների միությունը, որն իր ստեղծման սկզբից ի վեր ունեցել է քաղաքական նշանակություն։ Այդ կառույցը քաղաքական նպատակներով ներգրավել է պատերազմի մասնակիցներին։ Քաղաքական բոլոր իրադարձությունների ժամանակ ԵԿՄ-ն անմիջական մասնակցություն է ունեցել։ Այդ առումով, իհարկե, դա սահմանադրական փոփոխությունների հետ կապված չէ, բայց երբ մարդը դառնում է ԵԿՄ նախագահ և փոխարինում Մանվել Գրիգորյանին, մոռանում է, որ անձի փոփոխությամբ չի պայմանավորված այդ քաղաքական համակարգը։

 

Ինչ վերաբերում է քրեական ենթամշակույթին, ապա որքան էլ զարմանալի կարող է ընկալվել, այո, քրեական մշակույթի հաղթահարման, վերացման երաշխիք են նաև սահմանադրական փոփոխությունները։ Պատճառը շատ պարզ է, եթե պետության մեջ չկա իշխանությունների փոխզսպման, հակակշռման արդյունավետ մեխանիզմ, ապա նման պարագայում իշխանությունն իր կառուցվածքով լինելով կենտրոնացված սահմանադրական կարգավորումների առումով, խոցելի է լինում ցանկացած գայթակղությունների համար՝ փող, փառք և ռեսուրսներ, որոշումներ կայացնելու լիազորություններ։ Սա պայմանավորված չի անձով։ Այդպիսի իշխանության բնույթով պայմանավորված անձնական գայթակղությունները սահմանափակելու, կանխելու երաշխիքները պետք է ապահովված լինեն Սահմանադրությամբ։ Դա կոչվում է վերահսկողություն։

 

Եթե կա անկախ դատական համակարգ, եթե կան անկախ օրենսդիր մարմնում որևէ կուսակցության գերակայության պայմաններում փոքրամասնության կողմից մեծամասնության նկատմամբ արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ, որպեսզի մեծամասնությունը չունենա բացարձակ իշխանություն։ Եթե գործադիր իշխանության իրականացման լծակները՝ հանձին ոստիկանության, ԱԱԾ-ի, Քննչական մարմինների, հիմնական ուժային կառույցների և իրավապահ մարմինների, ունի անվերահսկելի լիազորություններ, ապա հաշվի առնելով գայթակղությունների օբյեկտիվ փաստը, խոցելի է դարձնում։ Եվ սրա կանխման միակ մեխանիզմը փոխզսպումներն են։ ՀՀ գործող Սահմանադրությունը փոխզսպման մեխանիզմ չի ապահովում։

 

Այսինքն՝ օր առաջ պետք են սահմանադրական փոփոխություններ։

 

Այո, ՀՀ-ում մեր իրական խնդիրը սահմանադրական և ինստիտուցիոնալ երաշխիքներ ապահովելն է, որովհետև իշխանության խոցելիությունը պայմանավորված է իշխանության անվերահսկելիությամբ։ Բացարձակ իշխանության ժառանգությունը ցույց է տալիս, որ դա ամենախոցելին է և իրական երաշխիքը փոխզսպման և հակակշիռների ապահովումն է, բովանդակային և արդյունավետ մեխանիզմների ամրագրումն է, որը հնարավորություն է տալիս փոփոխությունները դարձնել անդառնալի։ Եվ այս մոտեցման չընկալումը, վստահեցնում եմ, անխուսափելիորեն կհանգեցնի այն իրավիճակին, որը մեկ տարի առաջ կարողացանք հաղթահարել։ Խոսքը համակարգի անվստահության մասին է, և մարդիկ, որոնք իրենց անձնական հատկություններով կփորձեն պայմանավորել համակարգի նկատմամբ վստահությունը, չարաչար սխալված և մոլորությայն մեջ կլինեն։

 

Ժողովրդավարական պետության համակարգերն են երաշխիքը, որ իրավական պետության արժեքներով ապրող մարդիկ գործեն արդյունավետ։ Եվ պետք է ոչ թե այսօրվա հնարավորություններով ղեկավարվել, այլ ոգևորության հիմք պետք է լինի համակարգային փոփոխությունը։ Մենք ունենք դրա հնարավորությունը և գտնում եմ, որ մենք այս ջրբաժանը կհաղթահարենք։

 

lragir.am

Դիտումներ՝ 1214

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????