Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Խոշտանգում եղել է, բայց խոշտանգողին ԱԱԾ-ն չի գտնում․ Մարցի գործով առաջընթաց չկա, ոստիկանական անպատժելիությունը ՀՀ-ում դեռևս չի հաղթահարվել

April 8, 2022

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Հրապարակումներ | Նորություններ

Մարց գյուղի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների և մասնակցելու մեջ կասկածվողների նկատմամբ բռնություն գործադրելու հիմքով հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ենթակա անձը վարույթն իրականացնող մարմնին «հայտնի չէ», մինչդեռ տուժողը հստակորեն մատնացույց է արել մեղավորներին։ ԱԱԾ-ն էլ տուժողին հնարավորություն չի տալիս ծանոթանալու գործի բոլոր նյութերին և հրաժարվում է դատահոգեբանական փորձաքննություն նշանակելուց։

 

Քրեական գործը հարուցվել էր խոշտանգման հիմքով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և տուժողներից մեկի հաղորդման հիման վրա։

 

Դեպքը տեղի էր ունեցել 2021 թ․ օգոստոսի 14-ին․ ոստիկանության ավտոմեքենայի հետապնդելու ընթացքում Մարց գյուղի մոտակայքում վթարի էր ենթարկվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով երկու անձ մահացել էր: Դրանից հետո հրկիզվել է ոստիկանների վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որի պատճառով էլ ոստիկանները սկսել էին ահաբեկել Մարցի և հարակից գյուղերի բնակիչներին, բռնության ենթարկել արական սեռի ներկայացուցիչներին։

 

ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդման մեջ նշել էր, որ բացի ցուցմունք կորզելու համար խոշտանգում, հոգեբանական ճնշում գործադրելուց՝ ոստիկանները նաև անհրաժեշտ մասնագիտական հմտություններ չեն դրսևորել հուզական լարված վիճակում գտնվող անձանց հետ աշխատանքում, ինչպես նաև՝ ճիշտ գնահատելու հետապնդման հնարավոր հետևանքները և արդարացվածության աստիճանը՝ ստեղծելով վթարային իրավիճակներ ու վտանգ ներկայացնելով նաև գյուղի երեխաների կյանքի համար, չեն ապահովել և խոչընդոտել են անձանց բժշկական օգնություն ստանալու իրավունքը, առևանգել են բնակիչների իրերը, խաթարվել է Մարց գյուղի բնականոն կյանքը։

 

Ոստիկանների ապօրինի գործողությունների մասին ՀՔԱՎ-ը նաև առանձին տեղեկանք  է ներկայացրել։

 

2021թ սեպտեմբերի 24-ին հարուցված քրեական գործի շրջանակում բռնության ենթարկված Ս․ Գ․-ը տուժող է ճանաչվել, նրա իրավունքների պաշտպանությունն իրականացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սամսոն Գալստյանը։

 

Վերջինս նախ 2022 թ․ փետրվարի 17-ին դիմել էր գործը քննող ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Վ․ Կարապետյանին՝ տուժողին քրեական գործի բոլոր նյութերին ծանոթանալու հնարավորություն տալու համար, որովհետև տուժող Ս․ Գ․-ը հնարավորություն էր ստացել ծանոթանալու միայն իր մասնակցությամբ իրականացված քննչական գործողություների արձանագրություներին և փորձաքննության եզրակացություններին։ Գործի բոլոր նյոթերին հասանելիություն չունենալը խոչընդոտում է տուժողի իրավունքների արդյունավետ իրականացմանը։ ՀՔԱՎ փաստաբան Սամսոն Գալստյանը նույն օրը տուժողի նկատմամբ դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու միջնորդություն էր ներկայացրել, քանի որ հոգեբանական փորձաքննությունը կարող է ապահովել խոշտանգման զոհերի՝ բռնության ենթարկված լինելու հանգամանքը հաստատող կարևոր ապացույցներ։ Մինչդեռ այս քրեական գործի շրջանակում նշանակվել է միայն դատաբժշկական փորձաքննություն։

 

Չնայած այս հիմնավորումներին՝ վարույթն իրականացնող քննիչ Վ․ Կարապետյանը և մերժել է դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը, և հրաժարվել է տուժողին տրամադրել գործի բոլոր նյութերը՝ դրանք համարելով նախաքննության գաղտնիք։

 

Դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը քննիչ Կարապետյանը մերժել է նաև այն հիմքով, որ գործի վարույթը վերսկսվել է և նշել է, թե դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու ողջամիտ հիմքեր միջնորդության մեջ չկան։ Դա այն դեպքում, երբ նույն քննիչը արձանագրում է հետևյալը․ «Վարույթն իրականացնող մարմինը փաստել է, որ Ս․ Գ․-ի նկատմամբ կատարվել է առերևույթ խոշտանգման դեպք, վերջինիս ցուցմունքները արժանահավատության տեսանկյունից կասկածներ չեն հարուցել, մինչդեռ հայտնի չէ այն անձը, ով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ»։ Անհասկանալի է, թե ինչպես է քննիչն արձանագրում խոշտանգվելու հանգմանքը, դրա վերաբերյալ ցուցմունքները համարում արժանահավատ, բայց այդ ցուցմունքներով նկարագրված անձանց չի կարողանում գտնել, երբ տուժողը հստակորեն մատնացույց է արել մեղավորներին։

 

Իսկ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու ողջամիտ հիմքեր չի տեսնում այն դեպքում, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փաստել է․ «Վարույթն իրականացնող մարմինը վատ վերաբերմունքի գործի քննության ընթացքում պետք է պարզի վախի, տագնապի և թերարժեքության զգացողության առկայությունը և դրա ազդեցությունը տուժողի կամքի վրա», այսինքն՝ խոշտանգման համատեքստում դիտարկվում է ոչ միայն ֆիզիկական, այլև՝ հոգեբանական մասը, իսկ դատաբժշկական փորձաքննությամբ հնարավոր է պարզել միայն ֆիզիկականը։ Այսինքն՝ ստացվում է, որ մի կողմից քննիչն արձանագրում է, որ խոշտանգում եղել է, բայց չեն կարողանում գտնել խոշտանգողին։ Սա խոսում է այն մասին, որ քննությունը արդյունավետ չի եղել, քննիչը պատշաճ ջանքեր չի գործադրել այն դեպքում, երբ աղաղակող փաստեր կան, որոնք տեղ են գտել նաև ՀՔԱՎ պատրաստած տեղեկանքում։ Տուժողը ևս հստակորեն մատնացույց է արել մեղավորներին։ Քրեական գործի վարույթը կասեցնելով՝ քննիչը փորձ է անում պաշտպանելու ոստիկաններին քրեական պատասխանատվությունից, իսկ տուժողը զրկվում է քրեական գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունից, և հայտնի չէ, թե երբ և ինչ հանգամանքներում կվերսկսվի։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վարույթն իրականացնող մարմնի որոշումը կբողոքարկի վերադասության կարգով։ 

 

Դիտումներ՝ 308

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????