Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Քաղաքապետի հրաժարականի պահանջը հիմնավորում եմ ոչ թափանցիկ և ոչ հաշվետու կառավարման սկզբունքից նահանջով». Արթուր Սաքունց

December 1, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը

 

- Պարո՛ն Սաքունց, նախօրեին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը անդրադարձել է վերջին օրերին ծավալվող բուռն քննարկումներին, որոնք վերաբերում են քաղաքապետարանի նվիրատվություններին։ Քաղաքապետն ասել է, որ ինքը չի կարող «Ալեքս հոլդինգ» ընկերությունը նույնականացնել Սամվել Ալեքսանյանի հետ։ Եվ եթե վաղը Սամվել Ալեքսանյանը նվեր տա Երևան քաղաքին, Երևան քաղաքը մեծ հաճույքով կընդունի այն։ Այս հայտարարությունից հետո դուք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում արեցիք՝ պահանջելով քաղաքապետի հրաժարականը։ Հիմնավոր չէի՞ն քաղաքապետի փաստարկները։

 

- Երևանի քաղաքապետի ելույթը ես լսեցի և նաև ծանոթացա «Հետք»-ում այն կազմակերպություններին, որոնք Երևանի քաղաքապետարանին աղբահավաք ավտոմեքենաները նվիրել են։ Ինչո՞ւ եմ այդ եզրակացությանը հանգել, շատ պարզ պատճառով. առաջին՝ առնվազն յուրաքանչյուրին է հայտնի այն պարզ ճշմարտությունը, որ երկար տարիներ Հայաստանում այսպես կոչված մեծահարուստները կամ օլիգարխները իրենց կարողությունը կարող էին ստեղծել միմիայն իշխանության աջակցությամբ կամ հովանավորությամբ կամ իշխանության մասնակցությամբ բիզնես ունենալու կամ ծավալելու դեպքում։ 

 

Ավելին՝ այդ մեծահարուստ, օլիգարխ կոչված կառույցները ոչ թե մեկ իրավաբանական անձի տեսքով են հանդես գալիս և հանդես եկել, այլ բազմաթիվ կառույցների, կազմակերպությունների ցանցի տեսքով։ 

 

Ընդ որում, այդ տարբեր կազմակերպությունները գրանցվում էին կա՛մ մտերիմների, կա՛մ ընտանիքի անդամների անուններով, այսինքն՝ իրենց հետ փոխկապակցված անձանց միջոցով։ Եվ այս համակարգն իր էությամբ եղել է քրեական, և դրա համար ենք մենք անվանում քրեական օլիգարխիա։ 

 

Այդ հարստությունը դիզվել է ոչ միայն իշխանության հովանավորությամբ կամ աջակցությամբ, այլ նաև այս ծառայությունը օգտագործվել է քաղաքական իշխանությունը պաշտպանելու, քաղաքական իշխանությունը վերարտադրելու նպատակով։ Ավելին՝ հիշեցնեմ հայտնի «ՍԱՍ գրուպի» աշխատակիցների հետ հանդիպման ձայնագրությունը, որն ուղղակի ապացույց է, թե ինչպիսին է եղել աշխատակիցների նկատմամբ վերաբերմունքը, իսկ մենք բազմիցս ենք նշել, որ աշխատակիցները շարունակում են գտնվել իրենց գործատուներից ստրկական կախվածության մեջ, ավելին՝ պնդում եմ, որ ՀՀ հպարտ քաղաքացին իր աշխատանքային իրավունքների առումով դեռևս չի ազատագրվել այն ստրկական վիճակից, որում եղել է տարիներ շարունակ։

 

Երևանի քաղաքապետի այն փաստարկը, թե անձամբ Սամվել Ալեքսանյանի կողմից չի տրվել նվերը, բացարձակապես ընդունելի չեմ համարում վերը նշված մոտեցումների տեսանկյունից, որովհետև, այո՛, ուղղակի չի նվիրաբերվել, բայց նրա հետ փոխկապակցված անձի կողմից ստեղծված ընկերության կողմից է նվիրաբերվել։ 

 

Երկրորդ՝ պարոն քաղաքապետը ներկայացրեց մի քանի փաստաթղթեր տարբեր շինթույլտվությունների մասին, որ տրվել են մինչև քաղաքապետ ընտրվելը։ 

 

Կներեք, մինչև քաղաքապետ ընտրվելը նախորդ ռեժիմի օրոք նաև մանկապարտեզներ են սեփականաշնորհվել, տարածքներ են իրացվել, ի վերջո, Հյուսիսային պողոտայի, Բուզանդի փողոցի հայտնի դեպքերն են տեղի ունեցել, և պարոն քաղաքապետի ջանքերի շնորհիվ առնվազն գոնե մանկապարտեզները, որոնք օտարվել էին, վերադարձվել են որպես համայնքի սեփականություն։ 

 

Այսինքն՝ երբ հղում ենք կատարում, որ արվել է մինչ նոր իշխանության ձևավորումը, ապա այդ դեպքում մենք ի՛նչ ենք անում մնացածի հետ կապված։ 

 

Հարցն այն է, որ չպետք է այնպես լինի, որ զուտ փաստաթղթերը ներկայացվեն, որոնք վկայում են, որ շինթույլտվությունները տրվել են մինչև նոր քաղաքային իշխանության ձևավորումը, այլ պետք է ներկայացվեն ստուգման արդյունքները, թե որքանո՛վ են այդ շինթույլտվությունները եղել օրինական, և այդ ստուգման արդյունքները պետք է ներկայացվեն։ 

 

Եվ սա այն մոտեցումը չէ, որը մենք ակնկալում ենք հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանություններից։ Բացի այդ, այստեղ կա ուղերձ՝ մենք ընդունելի՞ ենք համարում մարդկանց ստրկական շահագործման արդյունքում ձեռք բերված միջոցների ընդունումը որպես նվեր։ Այստեղ հստակ բարեվարքությանն առնչվող մոտեցում է։

 

- Արդյոք բոլորին մերժելը ճի՞շտ մոտեցում կլինի։

 

- Կրկնում եմ՝ մարդկանց ստրկական շահագործման արդյունքում ձեռք բերված կարողությունը որպես նվեր ընդունելը կոնկրետ հանրային նշանակություն ունեցող խնդիրների լուծման նպատակով ամենևին այն ուղերձը չէ, որը տեղավորվում է բարեվարքության և ժողովրդավարական, իրավական կառավարման, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի տրամաբանության շրջանակներում։ 

 

Բացի այդ, հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքը պահանջում է, որ ամեն մի գործողություն, որոշում կայացնելուց առաջ տրվեն համապատասխան տեղեկություն, պարզաբանումներ, հիմնավորումներ և ոչ թե միայն վերջում, երբ հարցերը ի սկզբանե պետք է կանխված լինեին։ 

 

Այսպիսին է թափանցիկ և հաշվետու կառավարման սկզբունքը և տրամաբանությունը, որպիսին մենք պահանջում ենք, որ լինի ցանկացած իշխանություն։ Եվ չեմ գտնում, որ պարոն քաղաքապետի ներկայացրած պարզաբանումներն ընդունելի են։ 

 

- Կարծում եք՝ անձնական շա՞հ է հետապնդել քաղաքապետը։

 

- Բացարձակապես, փոքր-ինչ կասկած չունեմ, որ քաղաքապետը ինչ-որ անձնական շահ հետապնդած լինի, ավելին՝ համոզված եմ, որ որևէ անձնական շահ կամ եկամուտ չի էլ եղել, բայց դա չի կարող արդարացում համարվել վերը նշված հանգամանքների համար՝ որպես գործելակերպ, որովհետև մենք ընդունում ենք ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձի մասին օրենք հենց ա՛յդ տրամաբանության տեսանկյունից, որ ոչ թե մենք ենթադրյալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված կարողությունը կարող ենք ընդունել այն տիրապետողից, այլ այն պետք է վերադարձվի պետությանը և նոր որպես պետական բյուջեի ռեսուրս, թափանցիկ և հաշվետու կառավարման սկզբունքի համաձայն իրացվի՝ «Գնումների մասին» օրենքի համաձայն, մրցութային կարգով, և լուծվեն այն խնդիրները, որոնք առկա էին։ 

 

Ուզում եմ հիշեցնել, թե աղբահանության հետ կապված վիճակն ինչ քաղաքական շահարկումների թեմա դարձավ, և այն ժամանակ ինչպիսի աջակցություն ստացավ քաղաքապետը։ Իրապես դա քաղաքական շահարկման թեմա էր, և նա հանրային մեծ աջակցություն ստացավ, ինչը պատասխանատվության մեծ զգացում և վստահության մեծ պաշար էին քաղաքապետի համար։

 

- Քրեական գործի հարուցման խնդիր կա՞, ընդդիմադիր ավագանիներն են պնդում։ 

 

 - Չեմ կարծում, որ այստեղ քրեական գործի հարուցման խնդիր կա, որովհետև, նորից եմ կրկնում եմ, չկա բացարձակապես անձնական շահ, բայց, իմ մոտեցմամբ, երբ արտոնյալ պայմաններ են տրվում որոշակի խմբի, որովհետև այդ նվիրատուների մեծ մասի հետ կապված շատ այլ բնույթի հարցեր կան և այդ հարցերը պետք է օրակարգում պահվեն։ Նույն այդ նվեր տվողները իրենք հարկայինի հետ կապված հարցեր ունեն, գույքի ձեռքբերման օրինականության հետ կապված հարցեր ունեն, իրենց աշխատողների իրավունքների խախտման հետ կապված հարցեր ունեն։ 

 

- Անխուսափելի՞ է քաղաքապետի հրաժարականը։

 

- Ես քաղաքապետի հրաժարականի պահանջը հիմնավորում եմ ոչ թափանցիկ և ոչ հաշվետու կառավարման սկզբունքից ակնհայտ նահանջով։ Իհարկե, որոշում կայացնողը քաղաքական թիմն է, և քաղաքական թիմն ինքն է որոշելու՝ ինչպես վերաբերվել այս ամենին։ 

 

Հետևություններ անպայման պետք է արվեն։ Թավշյա հեղափոխության պատճառներից մեկը ոչ հաշվետու և ոչ թափանցիկ կառավարումը, սոցիալական անարդարության առկայությունն է եղել։ Ինձ՝ որպես ՀՀ քաղաքացու համար պետք է հստակ լինի ուղերձը, որ հեղափոխությունից հետո նախկին քրեական օլիգարխիայի ներկայացուցիչները չպետք է գտնվեն արտոնյալ պայմաններում։

 

medialab.am

Դիտումներ՝ 437

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????