Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Որևէ մեկը թող չմտածի և հույս չունենա, որ ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը վայելելու է». Արթուր Սաքունց

November 30, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

- Պարո՛ն Սաքունց, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախկին իշխանության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնում պետությանը նվիրել իրենց ունեցվածքի մի մասը՝ ակնկալելով այդպիսով ազատվել պատասխանատվություն կրելուց: Մասնավարապես, ըստ Փաշինյանի, մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել է և ցանկություն է հայտնել իրենց պատկանող և Ծաղկաձորում գործող «Գոլդեն փելես» հյուրանոցը նվիրել պետությանը: Նաև Փաշինյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, պատրաստակամություն է հայտնել պետբյուջե վճարել 30 մլն դոլար: Ի՞նչ գործընթացի հետ գործ ունենք, պե՞տք է արդյոք այդ մարդիկ, այսպես ասած, գողացած գումարները վերադարձնեն ու մնան անպատիժ: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գողացված գումարների 98 տոկոսը վճարելուց հետո կմտածեն նրանց ներելու մասին:

 

- Միջազգային պրակտիկայում հետևյալ մոտեցումը կա: Օրինակ՝ ԱՄՆ-ում կա այնպիսի իրավական կարգավորում, որ եթե անձը, ով ունի ինչ-որ ունեցվածք, գույք, և պետության մոտ այդ գույքի ձեռքբերման օրինականության վերաբերյալ կասկած է հարուցվում, ապա հարցադրում է գրվում՝ անկախ քրեական գործի հարուցումից՝ հիմնավորելու դրանց ծագման աղբյուրի օրինականությունը: Եվ եթե սեփականատերը չի կարողանում հիմնավորել, թե ի՛նչ միջոցներով է ձեռք բերված այդ գույքը, երկրորդ՝ նաև չի կարողանում հիմնավորել դրա օրինականությունը, ապա պետությունն այն ազգայնացնում է:

 

Մենք նման իրավական կարգավորում չունենք, և այդ առումով օրենքի տեսանկյունից խնդրահարույց է: Եվ կարծում եմ, որ առաջին հերթին տեղին կլիներ, որ օրենսդրության մեջ այդ համապատասխան փոփոխությունը կատարվեր: Եթե չունես փաստեր կամ ապացույցներ՝ հիմնավորելու, որ այդ եկամուտները, միջոցները ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով, դա չպետք է խոչընդոտի պետությանը՝ պահանջներ ներկայացնելու սեփականության ձեռքբերման օրինականության վերաբերյալ:

 

Սոցիալական արդարության սկզբունքը կարևոր գործիքներից մեկն է: Մենք գիտենք նաև, որ նման հանցագործությունների բացահայտումը բավական բարդ պրոցես է: Երբ դու չունես այդ համապատասխան միջոցները, ապա դժվար է լինում ապացուցել, թե դրանք ինչքանո՛վ են օրինաչափ, և, ընդհանրապես, օրինակա՞ն են ձեռքբերման աղբյուրները, թե՞ չէ:

 

- Դա՞ է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը կարևորում է անցումային արդարադատության ստեղծումը: Նա կրկին հայտարարեց, որ նման դեպքերում պետք է գործի անցումային արդարադատությունը:

 

- Անցումային արդարադատության շրջանակում դա կարող է ընդգրկվել, բայց խնդիրն այն է, որ դեռևս այդ անցումային արդարադատությունը մշակված չէ: Բայց ակնհայտ է, որ կան բավական լուրջ հարցեր, որոնք չունեն պատասխաններ: Իհարկե, Հայաստանը փոքր երկիր է, ամեն ինչ մեր աչքի առաջ է տեղի ունենում, բայց կարծում եմ՝ այստեղ օրինականության հետ կապված մտահոգություններ ունենք, մինչև ո՞ւր է գնալու դա, մինչև ո՞ր աստիճան է հասնելու՝ Սաշիկ Սարգսյան, գյուղապետներ, մարզպետ և այլն, մինչև ո՞ւր են հասնելու շրջանակները:

 

Եվ այստեղ պետք է նկատի ունենալ, որ բացի այդ օդիոզ ֆիգուրներից կան նաև այլ անձինք, որոնց մենք չենք ճանաչում: Ենթադրենք, ՊԵԿ-ի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը Հայաստանում չունի գույք, բայց հետաքննող լրագրողների հրապարակած նյութերի համաձայն՝ նա բավական մեծ ունեցվածք ունի արտերկրում: Բա այդ դեպքո՞ւմ ոնց ես անելու, չէ՞ որ չես կարող այդ պահանջները ներկայացնել: Այսինքն՝ մենք ունենք հարցեր, և այդ հարցերի լուծման համար, ես կարծում եմ, պետք է համապատասխան իրավական դաշտ ստեղծվի:

 

- Դուք կո՞ղմ եք այն թեզին, որ պետք է գողացած ունեցվածքը վերադարձնողներին ներել, թե՞ նաև պետք է պատիժներ լինեն:

 

- Ենթադրենք՝ նույն Արմեն Ավետիսյանը գույքը նվիրել է, դա չի նշանակում, որ ինքը պատասխանատվություն չի կրելու, եթե իր կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների հիմքով քրեական գործ է հարուցված: Խոսքը մարդու կյանքի դեմ, անձնական կյանքին միջամտելու, բռնությունների, խոշտանգումների, անազատության մեջ պահելու հետ կապված դեպքերով հանցագործությունների մասին է: Այսինքն՝ կան մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ, որոնց հետ կապված չի կարող ներում շնորհվել:

 

- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանցագործությունները երկու խմբի է բաժանում՝ մեկը պետությունից գողությունն է, մյուս խումբը արյան հետ կապված հանցագործություններ են: Նա հայտարարեց, որ արյան հետ կապված հանցագործությունների հարցով չի կարող որևէ կոմպրոմիս լինել:

 

- Ամբողջ խնդիրն այն է, որ պետք է այդ ամենին տրվեն իրավական հիմնավորումներ, այսինքն՝ իրավական դաշտ լինի: Հիմա հարուցված քրեական գործի շրջանակներում մարդիկ, որպեսզի գնան պատասխանատվությունից ազատվելու ճանապարհով, իրենց կողմից քայլ են կատարում և ունեցվածքը նվիրաբերում են: Բայց արդյո՞ք դրա հետ կապված կան ծանր հանցագործություններ, թե՞ ոչ: Օրինակ՝ մենք լսել ենք, որ Սաշիկի 50-50-ի հետ կապված կա պատմություն, որ մարդկանց նկատմամբ բռնություն է կիրառվել, խոշտանգել են, ստիպել, որ մարդն ունեցվածքը նվիրաբերի: Պարզ է, որ մարդուն անազատության մեջ են պահել, հիմա այդ գույքի նվիրաբերումը չի կարող նրանց ազատել նման հանցագործությունների համար պատասխանատվություն կրելուց: Մեկը մեկի հետ չպետք է կապել:

 

- Նաև կարևոր է հարցը, որ երկրում ապահովվի այն իրավիճակը, որ այնպես չլինի՝ հետագայում էլ գողանան, հետո վերադարձնեն ու անպատիժ մնան: Եթե հիմա դա կիրառվի, արդյո՞ք նախադեպ չի լինի:

 

- Ո՛չ, պետությունն արդեն հստակ դիրքորոշում է հայտնում, որ որևէ մեկը թող չմտածի և հույս չունենա, որ ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը վայելելու է: Սա շատ կարևոր մոտեցում է, անկախ նրանից՝ քրեական գործով ապացուցվե՞լ է այդ միջոցների ձեռքբերման ապօրինությունը, թե՞ ոչ: Բայց մյուս կողմից էլ՝ դու չպետք է հարցը տեղափոխես այն հարթություն, որ եթե հանցագործություն է կատարվել, և չեն կարողացել բացահայտել, դա չի նշանակում, որ այդ հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքը պետք է վայելես, որովհետև այնուամենայնիվ դա օդից չի առաջացել, դրանք հանրային ռեսուրսներ են:

 

Ենթադրենք՝ մարդը թմրամիջոցների առևտրից մեծ միջոցներ է կուտակել, այդ հանցագործությունը բավական դժվար է բացահայտել, բայց դա չի նշանակում, որ պետք է ասենք՝ դե լավ, չի բացահայտվել: Այսինքն՝ անպատժելիություն ասածը մի քանի կոմպոնենտներ ունի: Գողությամբ կամ կոռուպցիոն հանցագործություններով ձեռք բերված գույքը վայելելու և տիրապետելու մասով էլ պետք է սահմանափակում լինի: Բայց այդ ամենը պետք է սահմանվի օրենքով, չպետք է այնպես լինի, որ Նիկոլ Փաշինյանը կամ որևէ մեկը որոշում կայացնի, այդտեղ կամայականությունների լայն դաշտ կա: Ինչքան էլ մենք վստահենք մարդկանց, դա պետք է իրականացվի օրենքով սահմանված մեխանիզմների հիման վրա:

 

Դիտումներ՝ 1081

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????