Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վարչական դատարանը պարտավորեցրեց Շիրակի մարզպետարանին ՀՔԱՎ-ին տրամադրել գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկերը

February 22, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հաջողության պատմություններ | Նորություններ | Պետական կառույցներ | Տեղեկատվություն փնտրելու, ստանալու իրավունք | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2019թ. փետրվարի 8-ին ՀՀ վարչական դատարանը, Է. Նահապետյանի նախագահությամբ, բավարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցը՝ Շիրակի մարզպետարանին տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով: Դատարանի վճիռը ստացել ենք փետրվարի 18-ին:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018թ. մարտի 23-ին դիմել էր Շիրակի մարզպետարան՝ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի պատճենն ստանալու հարցով: Կազմակերպությունը հղում էր արել ՀՀ Սահմանադրական դատարանի 2012թ. մարտի 6-ի՝ ՀՔԱՎ դիմումի հիման վրա կայացրած որոշմանը: Այդ որոշմամբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասը՝ «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթը այնքանով, որքանով այն չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկատվության:

 

Չնայած դրան՝ Շիրակի մարզպետարանը կրկին հիմնվել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի վրա, եզրակացրել, որ ցանկը բացահայտում է պետական և ծառայողական գաղտնիք, և հրաժարվել է տեղեկատվություն տրամադրելուց:

 

2019թ. ապրիլի 11-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջվող տեղեկատվությունն ստանալու հարցով դիմել է դատարան: Հայցադիմումում նշել է, որ Շիրակի մարզպետարանը, տեղեկատվության տրամադրումը մերժելով, խախտել է ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված  տեղեկատվություն ստանալու՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավունքը:

 

Միաժամանակ նշվել է, որ սահմանափակում կարող է կիրառվել այն տեղեկությունների նկատմամբ, որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել ՀՀ համար: Մինչդեռ գերատեսչական ցանկերը ոչ թե նման տեղեկատվություն են բացահայտում, այլ ուղղակի մանրամասնում են ոլորտները, բացառությամբ այն դեպքերի, երբ վերնագիրն ինքնին կարող է գաղտնի տեղեկատվություն պարունակել:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի շահերը դատարանում ներկայացրել է Կազմակերպության փաստաբան Արայիկ Զալյանը:

 

Ավելի քան 10 ամիս հայցը քննելուց հետո Վարչական դատարանը 2019թ. փետրվարի 8-ին վճռել է բավարարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը:

 

Դատարանը դիրքորոշում է հայտնել, որ «գերատեսչական ցանկերի գաղտնագրումը դուրս է տեղեկությունների գաղտնագրման «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորման տրամաբանության շրջանակից»:

 

Վարչական դատարանը հատուկ ընդգծել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 2012թ. մարտի 6-ի որոշմամբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի հակասահմանադրական և անվավեր ճանաչելուց հետո պետական մարմինները պարտավոր են գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկերը գաղտնազերծել և հրապարակել:

 

Դիտումներ՝ 1389

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????