Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Բռնություն իրականացրած ոստիկանները հերթական անգամ պատասխանատվության չեն ենթարկվել․ ՀՔԾ որոշում

August 27, 2021

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) որոշմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցակազմի բացակայության հիմքով ոստիկանների նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է։

 

2021 թ․ հունիսի 2-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին առ այն, որ Կազմակերպություն էր դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ Ա․Հ․-ն։ Նրա խոսքերով՝ 2021 թ․ մայիսի 30-ին Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցում նկատել է, թե ինչպես է քաղաքացիական համազգեստով ոստիկանը իր ընկերոջը՝ Ս․Հ․-ին, վերջինիս մեքենայով բերման ենթարկում Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին, որտեղ ականատես է եղել իր ընկերներին՝ Ս․Հ․-ին և Հ․Մ․-ին, ոստիկանների կողմից ֆիզիկական բռնության ենթարկելուն, այնուհետև, Ա․Հ․-ին ոտիկանության աշխատակիցները դուրս են հրավիրել բաժնից։ Նույն օրը բերման է ենթարկվել նաև Է․Մ․-ն․ ինչպես Ս․Հ․-ն և Հ․Մ․-ն, նույնպես գողություն կատարելու կասկածանքով։

 

Դատաբժշկական եզրակացությամբ նրանց մոտ հայտնաբերվել են տարբեր մարմնական վնասվածքներ։ 

 

2021 թ․ հունիսի 14-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հովածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Ս․ Հ․-ն, Հ․Մ․-ն և Է․ Մ․-ն ճանաչվել են տուժող, սակայն հրաժարվել են ցուցմունքներ տալ ու մասնակցել քննչական գործողությունների, ինչը հետագայում մեկնաբանվել է ի վնաս վերջիններիս։ 

 

Ակնհայտ է, որ տուժողների մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, որոնք, ըստ Ա․Հ․-ի, առաջացել են հենց ոստիկանների կողմից հարվածներ հասցնելու պատճառով, սակայն ըստ ոստիկանների՝ տուժողների մարմնական վնասվածքները հետևանք են բերման ենթարկելու ժամանակ նրանց՝ ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելուն, ինչի պատճառով նրանց նկատմամբ կիրառվել են մարտական հնարքներ, հագցվել են ձեռնաշղթաներ․ այդ ընթացքում նրանք կատարել են տարբեր անկանոն շարժումներ, ինչի արդյունքում դիպել են մեքենայի տարբեր հատվածներին և գետնին։ Ոստիկանները հիմնականում նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել՝ պնդելով՝ բաժնում ոչ ոք ծեծի չի ենթարկվել, և այդ օրը Ա․Հ․-ին բաժնում չեն տեսել։

 

Հատկանշական է նաև, որ ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն և Ոստիկանության Տարոնի բաժին կատարված հարցումներով պարզվել է, որ Ոստիկանության Տարոնի բաժնում տեղադրված տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները չեն պահպանվել։

 

Այսպիսով՝ Ա․Հ․-ի հայտնած տեղեկությունները դիտարկվել են որպես կասկածներ, որոնք չեն հիմնավորվել նախաքննության շրջանակներում և մեկնաբանվել են հօգուտ պաշտոնատար անձանց։

 

Արդյունքում՝ 2021 թ․ օգոստոսի 2-ին կայացվել է որոշում՝ դեպքին մասնակից ոստիկանների արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին։ 

 

Կարող ենք արձանագրել, որ, փաստացի, գործի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն չի իրականացվել, ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործությամբ, ցուցաբերված ակնհայտ անհետևողական և շահագրգիռ մոտեցմամբ՝ դեպքի մանրամասները չեն բացահայտվել։ Բացի դրանից՝ իրավական պետության էությանը ոտնձգող արարքներ և հակաօրինական գործողություններ իրականացրած, իրենց պաշտոնի և կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեություն ծավալած ոստիկանների  պատասխանատվություն չկրելը խոսում է  ՀՀ ոստիկանության համակարգում առկա արմատական խնդիրների մասին։

 

Դիտումներ՝ 236

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????