Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Բարեվարք ու պրոֆեսիոնալ ոստիկան ունենալու համար ոստիկանության ծառայողների ատեստավորումն անհրաժեշտ է

January 22, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքը, որը գործում էր մինչև 2012 թվականի հունվարի 7-ը, սահմանում էր ոստիկանական համակարգում ծառայողների ատեստավորման հստակ կարգը: Մասնավորապես՝  «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված էր հետևյալը.

 

«1․ Յուրաքանչյուր տարի ոստիկանության ծառայողների առնվազն 1/3-ը ենթակա է պարտադիր ատեստավորման»,
2․ Ոստիկանության ծառայողների հերթական ատեստավորումն անցկացվում է 3 տարին 1 անգամ,
3․ Ոստիկանության ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն 1 տարի հետո»:

 

Վերոհիշյալ 15-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչվեցին «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նոր օրենքով, որն ընդունվեց  2011 թ. դեկտեմբերի 8-ին և ուժի մեջ մտավ 2012 թ. հունվարի 7-ին։

 

Համաձայն օրենքի փոփոխությունների և լրացումների՝ մասնավորապես` 15-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ. «Ոստիկանության ծառայողի ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա, բայց ոչ ավելի, քան տարին 1 անգամ»։ 

 

Հաշվի առնելով այս փոփոխությունները՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2019-ի նոյեմբերի 11-ին գրավոր հարցումներով դիմել է նախ ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանին (իր ենթակայության ներքո գտնվող ոստիկանության ծառայողների մասով), ապա ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանին՝ պարզելու՝ ինչ կարգով և ինչ պայմաններում է ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը կայացնում որոշում՝ ոստիկանության ծառայողի ատեստավորման  մասին: 


Պատասխան գրությամբ ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայությունը տեղեկացրել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ ՀՕ-218-Ն օրենքով ուժը կորցրած է ճանաչվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը՝ «ոստիկանության միջին և կրտսեր խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է տվյալ պաշտոնում առնվազն 1 տարի ծառայելուց հետո»:  Ինչ վերաբերում է օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա ոստիկանության ծառայողի ատեստավորման իրականացմանը, ծառայությունից պարզաբանել են, որ վերոհիշյալ 14-րդ հոդվածի 4-րդ մասի ուժը կորցնելու արդյունքում, այլևս անհրաժեշտություն չի առաջացել ոստիկանության ծառայողի ատեստավորում անցկացնելու։  

 

Ոստիկանապետի պաշտոնակատարին հասցեագրված գրությանն էլ արձագանքելով՝ ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունից պատասխանել են, որ ոստիկանության ծառայողների ատեստավորում չի անցկացվել, որովհետև  «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը  ոստիկանության ծառայողների ատեստավորման հերթական՝ պարտադիր կարգ չի նախատեսում։


Չնայած այն հանգամանքին, որ 2011 թվականից «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարվել են ոստիկանության ծառայողի նկատմամբ ատեստավորման անցկացման վերաբերյալ համապատասխան դրույթների  բազմաթիվ փոփոխություններ, այդուհանդերձ, օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա ոստիկանության ծառայողի ատեստավորման իրականացման կարգ, որը, սակայն, գործնականում չի կիրառվում։ 

 

Ավելորդ չէ նշել, որ  ոստիկանության ծառայողների  ատեստավորման իրականացման անհրաժեշտության մասին է վկայում ոստիկանության ծառայողների անվայելուչ պահվածքը օրենքի փոփոխությունների ընդունումից հետո ընկած ժամանակահատվածում՝ հատկապես ցույցերի՝ ինչպես օրինակ՝ «Էլեկտրիկ Երևան», «Դեմ եմ պարտադիրին», ՊՊԾ գնդի գրավման, Սարի թաղի դեպքերի, Սևազգեստ մայրերի բողոքի ակցիաների ժամանակ։ Բազմաթիվ լրատվամիջոցներ  լուսաբանեցին  2019 թ. նոյեմբերի վերջին Երևանում՝ ՊԵԿ-ի դիմաց, ավտոներկրողների բողոքի ակցիան՝ անդրադառնալով նաև  ոստիկանության ծառայողների կողմից «ցույցը ցրելու» պրոֆեսիոնալիզմի բացակայությանը: 

 

Այս կապակցությամբ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՔԱՎ գրասենյակը գրությամբ դիմել էր ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին՝ պահանջելով օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դրույթների հիման վրա, տեսանյութում ակտիվ դերակատարում ունեցող ոստիկանության ծառայողների նկատմամբ իրականացնել ատեստավորում՝ վերջիններիս մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու նպատակով։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը մերժել է այն անցկացնել՝ պատճառաբանելով, որ օրենքի 15-րդ հոդվածով  պարտադիր ատեստավորում նախատեսված չէ։ 

 

Ելնելով վերոգրյալից՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պնդում է իր դիրքորոշումը՝ ոստիկանության ու ոստիկանի հանդեպ հանրային վստահության մեծացման, ոստիկանության համակարգում որակյալ, բարեվարք ու պրոֆեսիոնալ կադրեր ունենալու համար ոստիկանության ծառայողների նկատմամբ ատեստավորում անցկացնելն անհրաժեշտ է։

 

Դիտումներ՝ 1748

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????