Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Անձը թմրանյութից գերդոզավորում է ստացել ոստիկանների ներկայությամբ․այս ծայրահեղ դեպքերը վկայում են՝ պետությունն իր հանձնառությունները չի կատարում»․ Արթուր Սաքունց

November 11, 2022

Տեսադարան

«Կխնդրեմ մի ցուցակ կազմել՝ Վահան Խալաֆյանի գործով քննիչներից, դատավորներից, նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի, դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազներից քանի՞սն են դեռևս շարունակում պաշտոնավարել և գտնվել համակարգում»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված «Ոստիկանության բաժանմունքում մահացած Խալաֆյանի գործով ՄԻԵԴ վճռի ազդեցությունը համակարգի վրա» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

 

Ըստ նրա՝ առանց այս մարդկանցից ազատվելու հղում կատարել բարեփոխումներին, անիմաստ է։ Չարենցավանի ոստիկանության բաժնում 2010-ին մահացած Վահան Խալաֆյանի գործով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել Հայաստանի դեմ։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ 12 տարի առաջ Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում խախտվել են 24-ամյա Վահան Խալաֆյանի կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքները։ Ստրասբուրգյան դատարանը ՀՀ-ին պարտավորեցրել է եռամսյա ժամկետում 50 հազար եվրո վճարել Խալաֆյաններին՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: Ըստ Արթուր Սաքունցի՝ այն, թե այս գործով ներգրավված իրավապահ համակարգի ներկայացուցիչներից քանիսն են համակարգում, կարևոր ցուցիչ է։ Նա մանրամասնեց․ «Դա կարևոր ցուցիչ է բացահայտելու ևս մեկ անգամ, թե իրապես իրավապահ համակարգը շարունակո՞ւմ է ընկալելի համարել նման մարդկանց՝ մարդու իրավունքների խախտումների մի ամբողջ փնջի՝ համակարգում գտնվելը։ Սա ցույց կտա, թե իրապես համակարգը կարողացե՞լ է ժամանակի ընթացքում ձերբազատվել՝ շատ լավ գիտակցելով, որ խախտումեր են կատարվում»։

 

Ի պատասխան հարցի՝ ի վերջո ՄԻԵԴ այս որոշումից հետո համակարգում համապատասխան հետևությունների հանգելո՞ւ են, թե՝ ոչ, Արթուր Սաքունցը բերեց Էդգար Ծատինյանի  և Մարց գյուղի բնակիչների հետ կատարված դեպքերի օրինակը։ Նա նշեց․ «2019-ին՝ հեղափոխությունից հետո՝ ապրիլի 7-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին Էդգար Ծատինյանը բերման է ենթարկվել սպանության կասկածանքով, բռնություն են գործադրում նրա նկատմամբ, այնուհետև ապօրինի թմրամիջոցի օգտագործման կամ պահման հարցեր են բարձրացնում։ Նա՝ որպես վերջին միջոց ստիպված կուլ է տվել թմրամիջոցը, հայտնվել հիվանդանոցում և գերդոզավորումից մահացել։ Փաստորեն, անձը թմրամիջոցից գերդոզավորում է ստացել ոստիկանության ներկայացուցիչների ներկայությամբ։ Այս ոստիկանները աշխատանքից չեն ազատվել, չեն մեկուսացվել, պատասխանատվության չեն ենթարկվել»։

 

Հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ հեղափոխությունից հետո կրկին շարունակվում է քննչական մարմիններում, ոստիկանության բաժանմունքներում նույն գործելաոճը, ի պատասխան Արթուր Սաքունցն այլ օրինակ բերեց․ «Օրինակ՝ Մարց գյուղում ոստիկանության կողմից հետապնդվող անձանց ավտովթարից մահանալու խնդիրը։ Ավտովթարից հետո հարազատները հավաքվում են, և տեղի է ունենում ընդհարում ոստիկանության աշխատողների հետ, ու գյուղից առնվազն 18-20 հոգի բաժին բերման են ենթարկվում, բռնության և ծեծի ենթարկվում։ Այս գործով նախաքննությունը կասեցվել է։ Բռնություն կատարողները չեն բացահայտվել։ Ոստիկանության, քննչական, դատախազական համակարգը ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների փաստերով արդյունավետ քննություն չի իրականացնում։ Այս ծայրահեղ դեպքերը վկայում են, որ բարեփոխումները չեն կարող համարվել արդյունավետ և արդյունք չեն տալիս, եթե մարդու բացարձակ իրավունքի՝ վատ վերաբերմունքից զերծ մնալու, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքների պաշտպանության ուղղությամբ պետությունն իր հանձնառությունները չի կատարում»։

 

Դիտումներ՝ 4

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????