COVID-19 | Լրատվամիջոցները մեր մասին | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում
Մի շարք հասարակական կազմակերպություններ ՀՀ կառավարությանն ու պարետ Տիգրան Ավինյանին առաջարկում են առաջիկա 14 օրվա համար սահմանել խիստ կարանտինային ռեժիմ՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածումը նվազեցնելու համար:
Այս առաջարկի հեղինակներից «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոանիսյանն այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց՝ այս առաջարկն առաջին հերթին առողջապահական համակարգի շահերից է բխում, դա կբերի համակարգի բեռնաթափմանը, բայց կառավարությունն առաջին հերթին առաջնորդվում է տնտեսական շահերով. «Ենթադրում եմ, որ իրենք փորձում են ինչ-որ ձեւ բալանսավորել»: Իոաննիսյանը նկատեց՝ կորոնավիրուսի ամենօրյա դեպքերով ՀՀ-ն արդեն ռեկորդ է խփում. «10 մլն բնակչությամբ երկրների թվում, մի երկիր կա, որ օրական բացարձակ թվերով մեզանից առաջատար է: Մենք պարտվում ենք»:
Իոաննիսյանը նաեւ ասաց՝ դիմակ կրելն արդեն պարտադիր է, բայց մարդիկ չեն կրում դիմակներ. «Սա է իրողությունը, կարճ ժամանակում հնարավոր է փոխել հասարակությանը: Երեկ խանութում մի տարեց մարդ առանց դիմակ էր, ես նրան նոր դիմակ առաջարկեցի, հրաժարվեց, խանութի աշխատողներն էլ չկարողացան ստիպել դիմակ կրի, եւ նա առանց դիմակ մտավ, առեւտուր արեց ու դուրս եկավ»:
Այսօր դրսում, այգիներում, հանրային վայրերում, ինչպես նշեց Իոաննիսյանը, մարդիկ են հավաքվում են, սոցիալական հեռավորությունն էլ չեն պահում: Իոաննիսյանը հիշեցրեց Արցախում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից հետո կազմակերպած խնջույքին եւս առանց դիմակ էին եւ սոցիալական հեռավորությունն էլ չէին պահում. «Դա խայտառակություն է, դա, ֆորմալ առումով, Արցախի պարետի որոշման խախտում էր, եւ պետք է պատասխանատվության ենթարկվեն այդ անձինք, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ»:
Այս առումով, ըստ Իոաննիսյանի, որքան էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ասի, որ ամեն մեկն իր մասնաբաժին պարտավորություն պետք է վերցնի ու պահպանի կարանտինային միջոցները, բայց մարդիկ չեն կրում դիմակներ, կամ կրում են բերանի վրա, քիթը չեն փակում. «Երեկ սուպերմարկետում տեսա ոստիկանության զորքերի սերժանտը ոչ քիթն էր փակել, ոչ բերանը: Էլ չեմ ասում որ մի քանի ժամը մեկ պետք է դիմակը փոխեն, մարդիկ իրար կրած դիմակ են տալիս: Մարդիկ նաեւ ձեռնոց հագնում են ու ամեն ինչ անում են՝ դեմքին են ձեռք տալիս, տարբեր առարկաներին են ձեռք են տալիս: Այս միջոցը չի գործում: ՀՀ ոստիկանությունը չի կարողանում կատարել իր վրա դրված պարտականությունները: Այս տեմպերը, եթե շարունակվեն, մենք շուտով վերակենդանացման բաժանմունքներում տեղ չենք ունենալու: Արդեն քննարկում են սելեկտիվ բուժօգնության մասին»:
ՀԿ-ների առաջարկին միացել է նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որի ղեկավար Արթուր Սաքունցն այս քննարկմանն ասաց՝ ՀՀ-ում մասնագետների խոսքը, թեկուզ միջազգային մասնագետների խոսքը չերեւաց. «Գիտական եւ քաղաքական որոշումներ կայացնողների անջրպետը լավ բանի մասին չի խոսում»: Սաքունցի կարծիքով՝ գործարարներին պետք է տային արտոնություններ, ասենք՝ վարկային արձակուրդ եւ այլն, որպեսզի խրախուսանք լիներ՝ իրենց աշխատողների համար դիմակ, ձեռնոց ապահովելու համար:
Ըստ Սաքունցի. «Այստեղ գործ ունենք քաղաքացիների կյանքի իրավունքի ապահովման պոզիտիվ պարտականության հետ: Այստեղ տեսնում ենք հետեւյալը՝ երբ թիվ են հայտարարում, որ բժշկական աշխատակիցների շրջանում բավական մեծ թվով կա վարակակիր, սա խոսում է այն մասին, որ այստեղ նույնիսկ բժշկական հաստատությունում պատշաճ չեն գիտակցել, եթե գիտակցել են՝ միջոցներ չեն ձեռնարկել»: Սաքունցը կասկածով է մոտենում Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Չինաստանի վարակակիրների մասին տվյալներին, իսկ Վրաստանի օրինակը՝ շատ լավն էր, ֆինանսական աջակցությունն էլ տեղին:
Իոաննիսյանը վրացական օրինակին անդրադարձավ. «Շոուի կոմպոնենտներ էի տեսնում, տեսնում էինք միջոցառումներ, որոնք սիրուն էին, բայց հաստատ կանխարգելիչ չէին: Բայց ես ուրախ եմ, որ այնտեղ վերակենդանացման բաժանմունքներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա: Բայց իրենց մոտ կարանտինը շատ խիստ էր, նաեւ՝ տեւողությամբ, եւ որոշ դրսեւորումներում «պերեբոր» էր»:
Իոաննիսյանի խոսքերով՝ Վրաստանը ԵՄ-ից լուրջ աջակցություն է ստացել, որովհետեւ ստորագրել են ասոցացման համաձայնագիրը. «Իսկ մենք Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռքով՝ ոչ, ու ֆինանսական աջակցությունը քիչ էր»: Ըստ Իոաննիսյանի, իրենց առաջարկով՝ երկու շաբաթ խիստ կարանտինը լուրջ վնասներ չի բերի տնտեսությունում, ամեն տարի հունվարին գրեթե երկու շաբաթ, ինչպես Իոաննիսյանն ասաց, տնտեսությունը չի աշխատում. «Մի Նոր տարի էլ քիչ քեֆ կանենք, կաշխատենք: Երկու շաբաթվա խիստ կարանտինում տնտեսության՝ բացառիկ դեպքում, որոշ ոլորտներ կարող են աշխատել, հիմա մենք տեսնում ենք՝ սրճարաններում, մոլերում շատ մարդիկ, մի երկու շաբաթ էլ թող չաշխատեն: Մենք աշխարհի ամենավատ տասնյակում ենք, ինչպե՞ս կարող ենք համակերպվել, որ մարդիկ կարող են մահանան առանց պատշաճ բուժօգնություն ստանալու, որովհետեւ հիվանդանոցներում տեղ չի լինելու:
Իշխանությունը իրավիճակի լրջությունը չի գիտակցում»: Արթուր Սաքունցը Իոաննիսյանի հետ չհամաձայնվեց ԵՄ ասոցացման համաձայնագրով պայմանավորված Վրաստանին օգնություն տրամադրելու հարցում: Սաքունցի կարծիքով՝ ՀՀ իշխանությունը պատշաճ ջանքեր պիտի գործադրեր, պետք է աշխատեր ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ. «Որովհետեւ ֆինանսավորումը կոնկրետ ծրագրերի համար են տալիս: Եթե չունես հայեցակարգ, ծրագիր, իրենք են առաջարկում, ասում են՝ լավ յոլա գնացեք, ու քիչ փող են տալիս»:
Քննարկման մասնակից «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի կարծիքով՝ հնարավոր չէ, Վրաստանում հազարավոր վարակակիրներ լինեին, մահեր լինեին ու թաքցնեին: