Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Արթուր Սաքունց. Ռուսաստանն արդեն դարձել է Մարտի 1-ի և ՀՀ-ում տարբեր այլ քրեական հանցագործություններում ներգրավված անձանց պատսպարելու միակ տեղը. «Ժամանակ»

November 27, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է, որ Ռուսաստանն արդեն դարձել է Մարտի 1-ի և ՀՀ-ում տարբեր այլ քրեական հանցագործություններում ներգրավված անձանց պատսպարելու միակ տեղը։ «Հատկապես մարտի 1-ի հանցագործության հետ կապված անձանց մասով ՌԴ իշխանությունները շատ ավելի հետամուտ են գործով ներգրավված մեղադրյալներին հովանավորելու և քրեական արդարադատությունից նրանց զերծ պահելու առումով»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

 

Մեր դիտարկմանը՝ որն է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալներին իր երկրում պահելու և չարտահանձնելու Ռուսաստանի միտումը, պատճառը, Սաքունցը պատասխանեց. «Իմ սուբյեկտիվ կարծիքով, որը հիմնված է որոշ օբյեկտիվ տվյալների վրա, Մարտի 1-ի գործողությունները սկսվել են Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա այցելությունից հետո։ Կրեմլն ամենայն հավանականությամբ մասնակցություն ունի ՀՀ քաղաքացու դեմ պետական ահաբեկչության գործում։ Իմ կարծիքով՝ հենց դրանով է պայմանավորված Ռուսաստանի ներկայիս գործելակերպը։ Իրենք չեն ցանկանում, որ քրեական գործը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ բացահայտվի։ Իրենք ստիպված են լինելու որոշ հարցերի պատասխաններ տալ, որոնք ի հայտ են գալու Մարտի 1-ի գործի քննության ընթացքում»։

 

Ի պատասխան հարցի՝ տեսնո՞ւմ է նախաքննական մարմնի թերացումն այն հարցում, որ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալները լքում են Հայաստանը, հետո նոր նրանց մեղադրանք է առաջադրվում, ասաց. «Ես չեմ կարող ասել՝ նախաքննական մարմինը, ասենք, 5 ամիս առաջ ունեցե՞լ է բավարար ապացույցներ այդ անձանց մեղադրանք առաջադրելու համար, թե՞ ոչ, բայց որ նկատվում է հստակ օրինաչափություն, արդեն մի քանի հոգու դեպքում նույն պատկերն ենք տեսնում՝ արդեն մտահոգիչ է, և հարցեր են առաջանում այն մասին, թե արդյոք նախաքննության ընթացքի մասին տեղեկությունների արտահոսք չի՞ լինում, և պայմանավորված գործողություններ չե՞ն կատարվում գործով մեղադրյալների հետ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները այս պահին չունենք, բայց նույնաբնույթ փաստերի համադրությունը նման կասկածները դարձնում է հիմնավոր»։

 

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը, երբ նշանակվեց գլխավոր դատախազ, մեկ անգամ ընդունել էր Մարտի 1-ի զոհերի հարազատներին և խոստացել բացահայտել գործը։ Կոստանյանը նաև կոչով դիմել էր քաղաքացիներին Մարտի 1-ի գործով ունեցած ցանկացած տեղեկատվություն, տեսանյութ ներկայացնել նախաքննական մարմնին։ Հիմա նա նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունի, և ըստ նախաքննական մարմնի՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաև 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը այցելել են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի աշխատասենյակ և մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակից նստացույցի մասնակիցներին բռնությամբ տարհանելուն, ցույցը ցրելուն ուղղված գործողություններին օրինական տեսք տալու նպատակով ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց դրդել են հետին ամսաթվով կազմել «Տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ փաստաթղթեր: Այնուհետև կազմվել և շրջանառության մեջ են դրվել պաշտոնական կեղծ փաստաթղթեր:

aravot.am

Դիտումներ՝ 635

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????