Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը վերադարձնելու համար իրավապահ մարմնին խնդրանքով դիմելը միջամտություն է դատական գործունեությանը, իսկ խնդրանքն իրավական կատեգորիա չէ։
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, որով անդրադարձել է Ռ․ Քոչարյանին Մոսկվա մեկնելու համար անձնագիր վերադարձնելուն․ «․․․ Պարզվեց՝ հարցը Ռ. Քոչարյանի անձնագիրն է, որը դատարանում է: Ասացի՝ թող միջնորդություն ներկայացնեն դատարան, ես կխնդրեմ, որ մեղադրանքի կողմը չառարկի անձնագիրը վերադարձնելուն: Այդպես էլ եղավ. դատարանը վերադարձրեց Քոչարյանի անձնագիրը, բայց Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը Մոսկվա այդպես էլ չմեկնեցին»:
Արդյոք պատերազմական իրավիճակն ու պետական հրատապ հարցի համար դատարանին խնդրանքով դիմելը կարող է դիտվել օրինական քայլ, այս հարցին ի պատասխան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն Aravot.am-ին ասաց․ «Ընդհանրապես, որեւէ հանգամանք, որեւէ իրավիճակ չի կարող հիմնավոր համարվել դատական իշխանության գործունեությանը միջամտելու համար՝ անկախ նրանից՝ դա պատերազմական կամ արտակարգ իրավիճակ է, թե՝ ոչ։ Դատական իշխանությունն անկախ է եւ դա սահմանադրական դրույթ է, դատավորն անկախ է իր որոշումների կայացման հարցում»։
Իրավապաշտպանին հետաքրքրում է՝ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը վերադարձնելու համար դատարանին ինչ ընթացակարգով են դիմել՝ արդյոք իրավական գործընթաց է տեղի ունեցել, թե՞ պարզապես զանգ է կատարվել․«Հետաքրքիր կլիներ իմանալ եւ այդ մասին պետք է Նիկոլ Փաշինյանն ասի՝ թե այդ միջնորդությունը՝ անձնագիրը վերադարձնելու, ինչպես է կատարվել։ Որովհետեւ դա կարող է կատարվել փաստաբանի կողմից, կարող էր կատարվել նաեւ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ որպես վարչապետի միջնորդություն, որը պետք է նույնպես փաստաբանը ներկայացնի։ Այո, վարչապետը կարող է միջնորդություն ներկայացնել, բայց այդ միջնորդությունը պետք է լինի գրավոր եւ այդ միջնորդությունը պետք է ներկայացվի դատավարական մասնակիցների կողմից կամ ասենք՝ դատախազությունը կամ Քոչարյանի փաստաբանները պետք է գրավոր ներկայացնեին։ Եվ միայն այդ միջնորդության ներկայացումից հետո դատարանն իր որոշմամբ պետք է ցույց տա՝ ինչի՞ հիման վրա է միջնորդություն ներկայացվել։ Նկատի ունեմ, որ այդ միջնորդության ներկայացման ընթացքը եւ միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված եւ հիմնավորված, որպեսզի մենք ունենանք իրավական ընթացակարգ եւ կասկածներ չլինեն, որ վարչապետն անմիջապես կամ իր ներկայացուցիչը չէ հեռախոսազանգով լուծել հարցը։ Եթե հեռախոսային զանգով է արել, դա կլինի ուղղակի միջամտություն»։
Իրավապաշտպանն ուզում է տեսնել հենց դատարանի որոշումը, թե այն ինչպես է հիմնավորել անձնագիրը վերադարձնելը, երբ կա ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին՝ խափանման միջոցի փոփոխության մասին, որի ապահովման միջոց է լինում օրինակ՝ անձնագիր վերցնելը։
«Չնայած, ես գտնում եմ, երբ կա դատարանի որոշում, անձը իր ստորագրությունն է տալիս բնակության վայրից չհեռանալու մասին կամ ՀՀ տարածքից, ապա այդ որոշումը ծանուցվում է համապատասխան սահմանային ծառայությանը, որոնք դատարանի որոշման հիման արգելում են դուրս գալ երկրից, եթե անգամ անձնագիրը մոտն է։ Նկարագրած այս իրավական ընթացակարգից դուրս ցանկացած այլ գործողություն ոչ իրավական է։
Վարչապետն ասում է՝ կխնդրեմ, խնդրելն իրավական կատեգորիա չէ։ Ես գտնում եմ խնդրելը միջամտություն է դատարանի գործունեության մեջ, դատավորի անկախության խաթարում է տվյալ դեպքում եւ պետք է ունենան իրավական ընթացակարգեր։ Որեւէ իրավիճակ հիմնավոր չէ ինքնին, որպեսզի նման գործողություններ կատարեն, եթե նույնիսկ ելնելով պետության ճակատագրի համար նման բան է արվում։ Բոլոր դեպքերում դա պետք է ունենա իրավական հիմնավորում, դա պետք է դատարանի որոշման մեջ արձանագրված լինի։ Այն հիմնավորումը, որը ներկայացրել է վարչապետը, քրեական դատավարության օրենսգրքի որեւէ հոդվածով սահմանված չէ։ Վարչապետի ձեւակերպումն ինձ հիմք է տալիս պնդելու, որ ոչ իրավաչափ է եղել եւ միջամտություն է եղել դատարանի գործունեությանը։ Կներեք, հո կոլխոզ չէ, վաղն էլ մեկ ուրիշը կարող ասի՝ խնդրում եմ վերադարձրեք անձնագիրը»,-ասաց պարոն Սաքունցը։
Այսօր վարչապետը հանդիպել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, որին ներկա են եղել նաեւ դատավորներ։ Այս հանդիպումն ու քննարկումն էլ իրավապաշտպանը դիտարկում է, որպես միջամտություն այս համակարգի գործունեությանը։ Պարոն Սաքունցն իր դիտարկումը հիմնավորում է այն տեսանկյունից, որ եթե գլխավոր դատախազը հաշվետու է ԱԺ-ին, ապա օրենսդրությամբ քննչական մարմինների կողմից հաշվետվություն ներկայացված չէ, բայց քանի որ վարչապետն է ներկայացնում այդ կառույցների ղեկավարների թեկնածուներին, ապա չգրված կանոններով, նրանք, ով իրենց նշանակել է, նրան էլ հաշվետու են, սակայն օրենքով հաշվետվության դրույթ սահմանված չէ։
«Երբ խոսքը վերաբերում է դատավորներին, ապա նրանք այնտեղ անելիք չունեն։ Սա նույնն իրավիճակն է, որի մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք 2015 թվականին պարտադրված Սահմանադրությունից հետո, որ պետք է իշխանության թեւեի տարանջատման եւ փոխզսպման սկզբունքը երաշխավորված լինի Սահմանադրությամբ։ Դրա համար ենք ասում ՝ պետք է փոխել Սահմանադրությունը։ Եվ հետո՝ որպեսզի կախվածությունը իրավապահ մարմիների բացառվի, այո կարող են հաշվետվություններ ներկայացնել եւ պետք կառավարությունը ընթացիկ իրավիճակից, ասենք՝ հասարակական կարգի պահպանում, հանցագործություններ, տեղյակ լինի։ Բայց դա չպիտի այսպիսի բնույթ կրի, որ քաղաքական մարմնի ղեկավարն ունենա միջամտություն իրավապահ մարմինների գործունեությանը՝ասենք քննչական գործերի վարույթի, քրեական գործերի հարուցման, դատական գործերի ուղղությամբ։ Ամբողջ խնդիրը մնացել է նույն իրավիճակում, երբ Սերժ Սարգսյանին պարբերաբար զեկուցում էին այս բոլոր մարմինները»,-նշեց իրավապաշտպանը։
Պարոն Սաքունցը հիշեցրեց՝ առաջարկում էին ինստիտուցիոնալ փոփոխություններ՝ վեթթինգ, Սահմանադրական կարգավորումներ, խորհրդարանական հաշվետվություն, բարեվարքության թափանցիկություն եւ այլն, երբ այդ մեխանիզմներն ամրագրված չեն ոչ Սահմանադրությամբ, ոչ օրենսդրությամբ, ապա գործում է այն արատավոր մեխանիզմն, որն ի սկզբանե դրված է եղել այս Սահմանադրական կարգավորումների հիմքում, եւ այստեղից էլ անվստահությունն է գալիս․«Քանի որ այդ փոփոխությունները չեն արվել, ապա չարածների հետեւանքով ունես այս իրավիճակը, եւ հիմա էլի մենք չենք տեսնում, որ կա ինչ-որ ծրագիր կամ դիրքորոշում, մոտեցում՝ իրականացնելու այդ արմատական փոփոխությունները եւ սա շատ մտահոգիչ է, որովհետեւ այն նույն համակարգը, որը գործել է, գործել է համակարգային կոռուպցիայի շրջանակում, եթե այդ մեխանիզմները չունես, դու չես կարող վարչարարական մեխանիզմով լուծես խնդիրը»։
Ճշտող հարցին՝ այսինքն՝ այս հանդիպումն ինչ-որ ձեւով փորձ էր ազդե՞լ այդ մարմիների գործունեության վրա, պարոն Սաքունցը պատասխանեց՝ այո, որովհետեւ այլ ուրիշ ձեւ չկա․«Այսինքն, պետք է գործեին իրավական մեխանիզմները՝ հաշվետվողականության տեսակետից կամ կարգապահական վարույթների տեսակետից, բայց եթե դրանք չկան, մնում է միայն վարչարարության մեթոդը, որը արդյունավետ չի կարող լինել։ Սա պետական կառավարման համակարգային ճգնաժամի մասին է խոսում»։
aravot.am