Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՄԻՊ-ը եւ իրավապաշտպան կազմակերպությունները բողոքի ակցիաների քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից բազմաթիվ խախտումներ են արձանագրել

Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ այսօր կայացավ քննարկում «Բարեփոխված» ոստիկանությունը ձեռագիրը չի փոխում. բիրտ ուժ կիրառելու ավանդույթները շարունակվում են» խորագրով:

 

ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ իրենք այս օրերին  24-ժամյա ռեժիմով  մշտադիտարկել են գործընթացները, հատուկ արագ արձագանքման խմբերը ամեն օր Երեւանում եւ մարզերում այցելել են ոստիկանության բաժանմունքներ, իրականացրել նաեւ մամուլի եւ սոցիալական մեդիայի հարթակների մշտադիտարկում: «Եթե փորձենք ամփոփ ներկայացնել, այս օրերին բերման ենթարկման ընթացքում շարունակական բնույթ են կրել անհամաչափ ուժի կիրառման դեպքերը: Ոստիկանության բաժանմունքներում իրենց իրավունքները ներկայացնելու պրակտիկան հետեւողական չի կատարվել: Շարունակական խախտում ենք արձանագրել անձանց ստիպողաբար նույնականացնելու գործընթացում: Այդ թվում եղել են շատ կոպիտ դեպքեր: Մենք նույնիսկ իրազեկում տարածեցինք քաղաքացիների համար:

 

Անգամ արձանագրել ենք անչափահաս անձանց բերման ենթարկելու  դեպքեր: Հասկանալի է, որ որոշ տարիքային շեմերում դժվար է տարբերակել, բայց եղել են դեպքեր, որ բաժնում նրանք մեր միջամտությամբ են ազատ արձակվել: Խախտումների շարքում նաեւ արձանագրել ենք ոստիկանության նկատմամբ բռնության եւ վիրավորանքի դեպքեր:

 

Արձանագրել ենք նաեւ որ բերման են  ենթարկվել քաղաքացիներ, որոնք բողոքի գործողություններին որեւէ կերպ չէին մասնակցում, կամ ըստ իրենց պնդումների այդ վայրում պատահական էին հայտնվել: Ունեցել ենք նաեւ պատգամավորներին բերման ենթարկելու փորձեր»,-ասաց Քրիստինե Գրիգորյանը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ասաց, որ իրենք արդեն 30 տարբեր դրվագներով երեք հաղորդում ուղարկել են գլխավոր դատախազություն, որոնք արձանագրված են առնվազն տեսանելի նյութերով: «Ինչ վերաբերում է վերջին հինգ օրերին, գտնում եմ, որ ոստիկանությունը խաղաղ հավաքների, հատկապես հանրային միջոցառումների ժամանակ, երբ կան բողոքի ցույցեր, դեռեւս պատշաճ պատրաստ չէ՝  իրեն դրսեւորել ընդհանրապես խաղաղ ցույցի կանոնները պահպանելու առումով: Երբ ցուցարարներն են բռնության կոչեր հնչեցնում, այդտեղ էլ պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն, բռնություն կամ սպառնալիք հնչեցնողներին առանձնացնեն եւ ոչ պատահական, մայթին կանգնածներին: Մյուս կողմից էլ ինքը քաղաքացիների նկատմամբ պետք է համաչափ լինի: Այստեղ քանակը չի կարեւոր: Մինչդեռ, երկու կողմերից էլ կան խնդիրներ»,-ասաց նա:

www.aravot.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ