Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կներեք, որ նման նյութ եմ տեղադրում պատիս, բայց այլ կերպ հնարավոր չէ:
Այս ամբողջ "ստեղծագործության" հիմնական մեխը այս պարբերության մեջ է.
" Պետք է հնարավորություն տալ՝ երկրի կայացած տնտեսական ընտանեկան «կլաններին»՝ Հայաստանում խաղի նոր կանոններով բիզնեսի զարգացման համար։ Քրեական և այլ հետապնդումների փոխարեն պետք է խրախուսել նրանց կողմից նոր նախագծերի, նոր ներդրումների նախաձեռնությունը։ Միայն այս ճանապարհը կբերի աշխատատեղերի բացմանը և մուծվող հարկերի ավելացմանը։ Ցանկացած օտարերկրյա ներդրողի երկար ժամանակ է անհրաժեշտ լինելու՝ իրավիճակը հասկանալու, հաշվարկներ կատարելու համար, իսկ տեղական կապիտալի համար ամեն ինչ ավելի հեշտ է՝ ունեն բոլոր գործնական կապերը և իրենց ձեռնտու է բիզնեսի առավելագույն օրինականացում՝ թե՛ ի շահ իրենց, թե՛ ի շահ պետության։ Մոտավորապես այս մոդելով է նախորդ դարի կեսերին շարժվել Հարավային Կորեան":
Ուրեմն ինչ է առաջարկում պետությունը զավթած ռեժիմի կարկառունը:
Տղերք, դե մինչև հիմա ոչ մի ամբողջական վերաբերմունք, դիրքորոշում չեք կարողացել մշակել, ներկայացնել, թե ինչ է լինելու մեր թալանածի հետ, մեր հետ, բացի պետություն զավթածների կլանի մեկ երկու ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործերից:
Մանավանդ, որ պետության զավթմանն այդպես էլ չհամարձակվեցիք քաղաքական գնահատական տալ, որում անխուսափելիորեն արձանագրվելու էր նաև մեր թալանածի ամբողջական պատկերն ու դրա քաղաքական ազդեցությունը պետության այսօրվա թշվառ իրավիճակի համար, անհայտ է մեր հետագա ճակատագիրը։
Ուրեմն եկեք քարը փեշներիցդ թափեք, ու ճանաչեք օրինական այն ինչ ունենք։ Դե ոչինչ արդեն ժամանակն էլ անցնում է, հետո մեկ ու մեջ եք ճանաչում մեր կլանի ներկայացուցիչներին որպես թալանողներ։
Ասենք, ինչու Ծառուկյանը մեծահարուստ է համարվում, իսկ ես թալանչի, կամ Ալեքսանյանի հետ "շոկոլադնի օտնոշենիյ" ունեք, իսկ մեր հետ ոչ:
Ի վերջո այդ Ալեքսանյանին էլ, ՍԱՍ-ի Արտակին էլ, մնացածին էլ / մեկ առ մեկ չթվարկենք, հանկարծ մոռացած լինեք, չհիշեցնենք, տեղները ցուց չտանք, իմանաք, մեղք են մարդիկ, հետո դեռ պետք կգան մեզ/ մենք ենք այդպիսին դարձրել, հիմա դարձրածների հետ եթե կարողանում եք լավ լինել, ապա դարձնողներն ինչ պակաս են:
Համ էլ, լավ ժամանակին թալանել ենք, դե հիմա մի երկու կոպեկով կօգնենք այս վիճակից դուրս գալու համար։ Համ Դուք գոհ կլինենք, համ մենք գոհ կլինենք, ու համ էլ ժողովուրդը մի բան կհասկանա կամ թե չի հասկանա. Բայց դա արդեն այլ պատմություն է, դրան հետո կանդրադառնանք:
Սա կոչվում է բացարձակ լկտի ու հրապարակային գործարքի առաջարկ ներկա քաղաքական իշխանությանը:
Սա բացառիկ ցինիկ պահվածք է, և դրանում թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն ներկա իշխանությունն է:
Երբ հեղափոխության օրերին, հեղափոխությունից հետո ժամանակահատվածում` օրերին, ամիսներին սրա նմանները ամեն մի մկան ծակին տասը չէ, այլ հազար թուման էին պատրաստ տալու, հիմա ոգևորվել են, համարձակվում են նման ցինիկ ու լկտի գործարքով հանդես գալ:
Ինչու՞:
Որովհետև այդպես էլ որևէ քաղաքական գնահատական չստացան, ինչպես քաղաքական ու իրավական ոչ մի պատասխանատվություն չկրեցին, մնացին անպատիժ, այնպես էլ շարունակում են մնալ որևէ քաղաքական ու իրավական պատասխանատվություն չկրած ու անպատիժ՝ պետությունը բռնազավթելու և թալանելու համար:
Խելքի եկեք.»: