Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պետությանը չպետք է սպանելու իրավունք տրվի, անձի կյանքը հետ բերել չի լինի․ իրավապաշտպանը՝ մահապատիժը վերականգնելու մասին

November 16, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Օրերս Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում տեղի ունեցած մոր և վերջինիս երեխաների սպանության զարհուրելի դեպքը ոչ միայն պեմզաշենցիներին է ցնցել, այլ ամբողջ հանրապետությունը։

 

Ընտանիքի սպանդը հանրության շրջանում նաև տարբեր տրամադրություններ է առաջացրել․ քաղաքացիներից շատերի կարծիքով՝ ՀՀ-ում սպանության հատկանիշներով քրեական հոդվածը պետք է խստացնել, մասնավորապես՝ վերականգնել մահապատիժը։ Պնդումներ կան, որ եթե օրենքը խիստ լինի նման հանցագործներին պատժելու մասով, ապա դա էական ազդեցություն կունենա նման ծանր հանցագործությունների նվազեցման գործում։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, սակայն, նկատում է՝ պատժի խստությունը երբեք չի նպաստել հանցագործությունների նվազմանը։ Պետությանը չպետք է իրավունք տրվի՝ մարդու կյանքի դեմ ոտնձգություն կատարելու։

 

«Յուրաքանչյուր նման դեպքից հետո փորձում են օրակարգ բերել մահապատիժը՝ որպես պատիժ սահմանելու գործիք։ Հասկանալի է մարդկանց զայրույթը, բայց կան հստակ սկզբունքներ, որոնք չպետք է մոռացության տրվեն։ Պետությունը չպետք է երբևէ սպանելու իրավունք ունենա, որովհետև պետությունը ևս կարող է սխալվել։ Այս դեպքում նախաքննություն է ընթանում, ու դեռ հայտնի չեն սպանության շարժառիթները»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

 

Ըստ Սաքունցի՝ եթե դատարանը որոշում է անձին ճանաչել մեղավոր հանցագործության կատարման համար, եւ նրան ենթարկեն մահապատժի, ու մահապատժի ենթարկված անձի իրավահաջորդները որոշ ժամանակ անց հնարավորություն ունենան բողոքարկելու կայացված վճիռը, այստեղ արդեն անձի կյանքը վերականգնել հնարավոր չի լինի։

 

Իրավապաշտպանի խոսքով՝ շատ հաճախ որոշ հանցագործությունների կատարման համար պետությունը նույնպես մեղավորության բաժին ունի․ «Պետությունը պատշաճ չի կատարել իր պարտականությունները, և դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով երբեմն տեղի են ունենում նման հանցագործություններ։ Սա է պատճառը, որ հանցագործին պատժելով՝ օրակարգից կամ տեսադաշտից դուրս է մնում պետության՝ իր հանձնառությունների կատարումը»։

 

Մի շարք պարտավորություններ կան, որոնց կատարման դեպքում հնարավոր է խուսափել նման հանցավոր գործողություններից, երբ պետությունը այդ ուղղությամբ կատարի իր պարտականությունները, կարծում է նա։ Ըստ Սաքունցի՝ այս պարագայում հանցագործների թիվը չնչին կլինի, կամ այսպիսի դրսևորումներ չեն արձանագրվի. «Ազատազրկումն անձի ամենամեծ պատիժն է։ Մենք պետք է հասկանանք, որ հանցագործության կատարման դաժանությամբ չպետք է պայմանավորենք դաժան վերաբերմունքը հանցագործությունը կատարող անձի նկատմամբ։ Նույնիսկ հանցագործության կատարման համար մեղադրվողն է զոհ»:

 

Վերջինս ընդգծում է՝ կան երկրներ, որոնց օրենսդրությամբ մահապատիժը կիրառման մեջ է, սակայն եթե որևէ մեկին ենթարկել են մահապատժի, և դրան նախորդել են այլ ծանր դեպքեր, պարզ է դառնում, որ մահապատիժը կանխարգելիչ բնույթ չի կրում։

 

«Պետություններ կան, որոնք, օրինակ, մահապատիժը ներառում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար, սակայն պետք է պայքարել թմրաբիզնեսի դեմ, ոչ թե թմրամոլների։ Ուշադրություն դարձնել մարդկանց կրթական, առողջապահական, տնտեսական խնդիրներին․ չէ՞ որ կյանքի դժվարին փուլում հայտնված մարդիկ են հիմնականում օգտագործում թմրանյութ»,- նշում է նա։

 

Սաքունցը նաև կարծում է, որ նման դաժան հանցագործությունների ժամանակ վրեժխնդրության զգացումը քաղաքակիրթ հասարակության ու պետության համար անհամատեղելի է․ «Հանցագործությանը հանցագործությամբ չի կարելի պատասխանել։ Այս առումով անթույլատրելի են ու անմարդկային հանցագործություն կատարած անձանց ընտանիքի հանդեպ սպառնալիքները։ Ոչ մեկը մյուսի փոխարեն պատասխանատու չէ»։  

 

armtimes.com

Դիտումներ՝ 42

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????