Լրատվամիջոցները մեր մասին | Պետական կառույցներ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
2018 թ. ձմեռային և 2019 թ. ամառային զորակոչերի ժամանակ տարբեր իրավական հարցերով ՀՀ 105 քաղաքացի դիմել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ. նրանց 61 տոկոսը բողոք է ներկայացրել առողջական խնդիրների հետ կապված: Այս մասին այսօր ասուլիսում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը: «Սրանք այն դեպքերն են, երբ քաղաքացիները համաձայն չեն իրենց նկատմամբ կայացված որոշումների հետ. ի վերջո, նրանք կա՛մ հաշտվում են, կա՛մ բողոքարկում: Նշեմ, որ ներկայումս ավելի շատ են բողոքարկողները»:
Բանավոր և գրավոր ընթացակարգով իրավական աջակցություն ցուցաբերելուց հետո 32-ի՝ մոտ 30 տոկոսի դեպքում որոշումների փոփոխություն է տեղի ունեցել, 14 հոգի ճանաչվել է ոչ պիտանի, 4 հոգի՝ ժամանակավորապես ոչ պիտանի՝ ստանալով 3 տարի տարկետում, 13 հոգի առողջական խնդիրների մասով տարկետում են ստացել տարբեր ժամանակահատվածներով՝ 5 ամսից մինչև 1 տարի, 1 հոգու տարկետում է տրամադրվել ոչ թե առողջության, այլ ընտանեկան դրության առումով: 11 հոգին, որ համաձայն չեն եղել, պիտանի են ճանաչվել և մեկնել ծառայության, 9 հոգին պիտանի են ճանաչվել, բայց չեն մեկնել ծառայության. նրանց գործերը դեռ վիճարկվում են՝ վերադասության կամ դատական կարգով: Եղել են նաև դիմողներ, որոնց նկատմամբ կայացված որոշումները, ըստ էության, օրենքին համապատասխան են եղել: Եղել են նաև մարդիկ, ովքեր իրենք չեն ցանկացել ինչ-ինչ պատճառներով շարունակել իրավական գործընթացը:
Ըստ ՀՔԱՎ-ի դիտարկումների՝ հիվանդությունները պատշաճ չեն գնահատվում, հաճախ հիվանդությունների մի համախումբ, որ տանելի է քաղաքացիական կյանքում, չի դիտարկվում զինծառայության ծանրաբեռնվածության տեսանկյունից:
Արմինե Սադիկյանը նշեց, որ մտավոր հետամնացությամբ զորակոչված մեկ տղայի խնդրի բարձրաձայնումից հետո օրենքում փոփոխություն է մտցվել, և մտավոր հետամնացության ցանկացած աստիճան ունեցող ՀՀ քաղաքացիներն այլևս չեն զորակոչվելու: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այդ պահին զինծառայության մեջ գտնվող 150 քաղաքացի վաղաժամ զորացրվել է:
Ընդհանուր խնդիր է այն, որ բուժզննության ընթացում չի պահպանվում զորակոչիկների անձնական գաղտնիության սկզբունքը. զորակոչիկները կանչվում են փորձաքննությունների կամ բուժզննության, և այդ գործընթացին ներկա են լինում այլ քաղաքացիներ: Նման պարագայում կաշկանդվելով այլոց ներկայությունից՝ զորակոչիկները հաճախ չեն ներկայացնում իրենց գանգատները, որ կարող էին շատ կարևոր լինել, քանի որ որոշ հիվանդությունների բացահայտումն սկսվում է հենց գանգատի արդյունքում հետազոտություն իրականացնելուց:
Կան հիվանդություններ, որոնց դեպքում, ըստ իրավական ակտի, քաղաքացիներին պետք է առաջարկվի վիրահատական միջամտություն. փոխարենը քաղաքացուն համոզում են, որ նրա վիրահատությունը կկազմակերպվի զորակոչից հետո, մեծ մասամբ դրանք չեն կազմակերպվում ծառայության 24 ամիսների ընթացքում, հազվադեպ իրականացվում են: «Օրենքն ասում է, որ մարդը պիտի անցնի վիրահատությունը, այնուհետև պետք է փորձաքննություն նշանակվի հետվիրահատական շրջանն անցնելուց հետո»,- նշեց Սադիկյանը:
Թեպետ բժշկական հաստատությունները պարտավոր են զորակոչիկներին տրամադրել փաստաթղթեր, սակայն հրաժարվում են տրամադրել առողջության վերաբերյալ կայացված ակտերը: Սա կարևոր է, քանի որ բողոքարկումն ընդհանրապես ունի ժամկետներ, և բողոքարկելու համար արդյունավետ է, որ քաղաքացիներն այդ փաստաթղթերը ստանան հնարավորինս շուտ, քան սպասեն՝ մինչև այդ փաստաթղթերը կհասնեն համապատասխան զինկոմիսարիատ:
Բողոքների երկրորդ մասնաբաժինը քաղաքացիության հետ կապված հարցերն են, երբ մարդիկ ինչ-ինչ պատճառներով գտնվել են արտերկրում, ձեռք են բերել այլ երկրի քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն, սակայն պարզվել է, որ հաշվառված են՝ որպես ՀՀ քաղաքացի:
Մյուս խումբը զինվորական ծառայության կամ տարկետում ստանալու հիմքերի հետ կապված հարցերով է դիմել: Փոքր հասակում արտերկիր մեկնած քաղաքացիները տեղյակ չեն լինում՝ ինչ ընթացակարգեր են կիրառվելու իրենց դեպքում:
Արմինե Սադիկյանի խոսքով՝ առկախված է ևս մի հարց. այլևս կառավարությունը չի հաստատել սահմանված կարգի խախտմամբ ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենսդրության կարգի երկարաձգումը, և այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է, այլևս չեն կարող պետական պարտադիր վճարները կատարել և ազատվել քրեական պատասխանատվությունից. «Դեռևս որևէ այլընտրանք այս օրենքին չկա: Խոսվում է նախագծերի մասին, սակայն դրանք թղթի վրա դեռևս չենք տեսնում»,- ասաց նա:
Խնդիր է նաև այն, որ երբ քաղաքացին փորձում է փոխել բնակության վայրը, խոչընդոտների է հանդիպում զինկոմիսարիատների կողմից: