Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Զինված ուժերում զինծառայողների մահացության դեպքերի վիճակի ուսումնասիրության շրջանակներում դիտարկում է զինծառայողների մահվան բոլոր դեպքերը՝ անկախ ծառայության հետ կապ ունենալ-չունենալու հանգամանքի։
Կազմակերպության կողմից զինծառայողների մահվան բոլոր դեպքերի ուսումնասիրության հիմքում ընկած է զինծառայողի՝ որպես համապատասխան կարողություններ ու հմտություններ ունեցող և զինվորական հաստիք զբաղեցնող անձի կորուստը, որը պաշպանական գերատեսչությունը պետք է լրացնի նոր անձով։
Զինվորական ծառայության հետ չկապված մահացության դեպքերի հավաքագրումն ու վիճակագրության վարումը կարևոր է նաև այն պատճառով, որ, համաձայն Կազմակերպության ուսումնասիությունների, բոլոր այն դեպքերում, երբ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողները մահանում են տանը, ազատ հերթափոխի կամ մահվան պահին զինվորական պարտականությունների կատարման մեջ չգտնվելիս, մահը պաշտոնապես դասակարգվում է զինվորական ծառայության հետ չկապված։ Կարելի է ենթադրել, որ նման դեպքերում վարույթն իրականացնող մարմինը չի իրականացնում զինծառայողի մահվան և զինվորական ծառայության պայմանների միջև պատճառահետևանքային կապը բացահայտելու հաստատում, և առողջական խնդրի առաջացման կամ դրա սրման հետևանքով մահացությունների դեպքում չի ուսումնասիրվում զինվորական ծառայության պայմանների հնարավոր ազդեցությունը։
ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐԸ
2024 թվականին ՀՀ զինված ուժերում արձանագրվել է մահացության 40 դեպք հետևյալ պատճառներով․
Զինծառայողների մահացության դեպքերի պատճառներն ու հանգամանքները ամփոփված են ՏԵՂԵԿԱՆՔ-ում, ստորև ներկայացնում ենք դեպքերի կանխարգելմանն ուղղված առաջարկությունները․
Ինքնասպանության և սպանության հետևանքով մահացության դեպքերը նվազեցնելու նպատակով՝
զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների բոլոր դեպքերով անցկացնել արդյունավետ ծառայողական քննություններ դեպքերի հանգամանքները, ծառայության կազմակերպման ընթացքում արձանագրված թերությունները պարզելու համար և քայլեր ձեռնարկել հետագայում դրանց պատճառների վերացման ու դեպքերի բացառման ուղղությամբ,
խթանել ՀՀ զինված ուժերոմ սպա-հոգեբանի ինստիտուտի դերի բարձրացումը՝ ՀՀ ՊՆ բոլոր զորամասերում ծառայության ներգրավելով որակավորված հոգեբանների, ովքեր պլանային կարգով և ըստ անհրաժեշտության առավել հաճախակի կաշխատեն զինծառայողների, այդ թվում նաև հրամանատարական կազմի հետ։
Առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերը նվազեցնելու և բացառելու նպատակով
զորակոչի շրջանակներում իրականացվող առողջական վիճակի հետազոտություններն իրականացնել ամբողջ ծավալով, պատշաճ և համալիր,
զինվորական ծառայության ընթացքում համարժեք արձագանքել զինծառայողների առողջական վիճակի գանգատներին, ժամանակին կազմակերպել վերջիններիս տեղափոխումը զինվորական բժշկական հաստատություններ և ապահովել արդյունավետ բուժման կազմակերպումը,
օրենքով սահմանել զինվորական ծառայության հետ կապված առողջական խնդիրների հետևանքով տուժած զինծառայողներին և նրանց ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու կարգը՝ զինծառայողների առողջական վիճակի վատթարացման դեպքում,
զինծառայության ընթացքում զինծառայողներին ենթարկել պատշաճ և որակյալ պլանային բժշկական զննությունների՝ առողջական խնդիրները վաղ փուլում հայտնաբերելու և դրանց զարգացումը կանխելու նպատակով,
պարտադիր ժամկետային զինծառայողներին զինվորական ծառայությունից զորացրելուց առաջ ապահովել զիծառայողների արդյունավետ բժշկական սպասարկումն ու իրականացնել առողջական վիճակի համալիր և ամբողջական հետազոտություններ՝ նույն ծավալով, ինչ նախատեսված է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում։ Զորակոչի ընթացքում հետազոտությունների որակյալ իրականացումը և հետագայում՝ զորացրվելուց առաջ զինծառայողի առողջական վիճակի համեմատությունը հնարավորություն կտա հստակ արձանագրել առողջական խնդրի պատճառահետևանքային կապը զինվորական ծառայության հետ։
Ավտովթարի հետևանքով մահվան դեպքերը նվազեցնելու և բացառելու նպատակով
ապահովել ՀՀ ԶՈւ-ի համար ձեռք բերված տրանսպորտային միջոցների ժամանակին և որակյալ տեխնիկական սպասարկումը՝ ելնելով զինծառայողների անվտանգության, կյանքի և առողջության պահմանման առաջնահերթությունից։
զինվորական ծառայության ավարտի՝ անձնակազմի և բավարարման ցուցակներից հանելու օրը օրենքով սահմանել զորացրվելուց հետո զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը։ Մինչև զինկոմիսարիատ հասնելու և համապատասխան ցուցակիներից հանվելու պահը անձին համարել զինծառայող, ով դեռևս գտնվում է պետության իրավասության ներքո,
ավտոտրանսպորտային միջոցի շահագործումը թույլատրել միայն վարորդների պատշաճ ուսուցումից հետո։
գործնականում պահպանել օրենքով ամրագրված դրույթը և «D» կարգի և «D1» ... ենթակարգի համար նախատեսվածտրանսպորտային
միջոց վարելու թույլտվություն տալ ՀՀ զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված լինելու
դեպքում միայն 19 տարին լրացած, և «B» կամ «C» կարգի կամ «C1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի
վկայական ունեցող անձանց»։
Սույն ՏԵՂԵԿԱՆՔը պատրաստվել է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Զեկույցի մեջ արտահայտված տեսակետները, մեկնաբանություններն ու եզրակացությունները հեղինակներինն են և հնարավոր է, որ չհամապատասխանեն ֆինանսավորող կազմակերպության տեսակետներին: