Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ էր դիմել զորակոչիկ, որը 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում ճանաչվել էր սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար՝ առանց առողջական վիճակի պատշաճ և համապարփակ հետազոտության։
Զորակոչիկը դեռ նախորդ տարեվերջին ստացել էր վնասվածք, որից հետո բազմիցս դիմել էր տարբեր բուժհաստատություններ՝ սեփական միջոցներով անցնելով մի շարք մասնագիտական հետազոտություններ։ Բժշկական եզրակացությունները փաստում էին վիրահատության անհրաժեշտության , ինչպես նաև զինվորական ծառայությանն անհամապատասխանության մասին, սակայն զորակոչի շրջանակներում իրականացվել էր միայն ռենտգեն հետազոտություն, ինչը բավարար չէր առողջական վիճակի ամբողջական գնահատման համար։
Թերի հետազոտությունների հիման վրա Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից կայացվել էր զինվորական ծառայությանը սահմանափակումով պիտանիության մասին որոշում՝ առանց հաշվի առնելու արդեն իսկ առկա բժշկական հետազոտությունների արդյունքները և վիրահատական միջամտության ցուցումները։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարություն՝ զորակոչիկին պատշաճ հետազոտությունների ուղեգրելու հարցով։ Արդյունքում զորակոչիկը կրկին հետազոտվել է, և այս անգամ զորակոչային բժշկական հանձնաժողովի կողմից արձանագրված առողջական խնդիրների հիման վրա նա ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար։
Այս դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է այն հիմնախնդիրները, որոնք բազմիցս վերհանվել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ( տե՛ս 2024 թվականի ամառային և ձմեռային զորակոչերի վերաբերյալ պատրաստված զեկույցը)։ Մասնավորապես, զորակոչի գործընթացում շարունակվում է թերի և ոչ համալիր բժշկական հետազոտությունների իրականացումը, ինչը հանգեցնում է զորակոչիկների առողջական վիճակի ոչ լիարժեք գնահատման։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վերահաստատում է իր հանձնառությունը՝ պաշտպանելու զորակոչիկների առողջության իրավունքը և կոչ է անում պետությանը ձեռնարկել անհետաձգելի քայլեր՝ ապահովելու բոլոր զորակոչիկների օբյեկտիվ, ամբողջական և անկախ բժշկական հետազոտություն՝ բացառելով ընտրողական, թերի կամ առողջական վիճակի վատթարացման տեսանկյունից ռիսկային որոշումների կայացումը։