Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

2018թ.-ին բանակում 63 զինծառայող է մահացել. նախարարը բացատրում է, իրավապաշտպանները` մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

January 28, 2019

Տեսադարան

Զինվորական դատախազության տվյալներով՝ 2018 թվականին Զինված ուժերում մահացել է 63 զինծառայող, ինչը 16%-ով պակաս է 2017թ.-ի ցուցանիշից։ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այս ցուցանիշը հետևյալ ձևով է մեկնաբանում․ «Անմիջապես մարտական ծառայության հետ կապված կորուստների քանակի պակասումը 56% է: Այդ 63-ի մեջ մտնում են 20-ից ավելի մահվան դեպքերը, որոնք կապված չեն ծառայության հետ՝ հիվանդություններ են, ավտովթարներ։ Մեզ մոտ մեծ փոփոխություններ կատարվել են մարտական հերթապահության կազմակերպման կարգի մեջ, ինչի շնորհիվ արդյունավետությունն ու անվտանգության աստիճանը բարձրացել է»։

 

Չնայած զինծառայողների մահվան դեպքերի որոշակի նվազմանը, Հայաստանի և Արցախի Զինված ուժերում զինծառայողների իրավունքների պաշտպանվածության մակարդակը իրավապաշտպանները համարում են մտահոգիչ․ «63-ը շատ մեծ թիվ է Հայաստանի նման փոքր երկրի համար, որ ամեն տարի 63 զինվոր գնա ու բանակի կրիմինալ մթնոլորտում զոհ դառնա։ Թող փոխեն, դա շատ հեշտ է, նախարարը թող վազելով գնա զորամասեր, տեսնի, թե էնտեղ ինչ է կատարվում, որ զինվորն ինքնասպան է լինում, զինվորներին սպանում են, բայց նա չի էլ մոտեցել զորամասերին։ Կանչե՞լ ա նա հրամանատարներին, ցուցումներ տվե՞լ ա, ի՞նչ ա ասվել, որ տեղի չունենան, ի՞նչ են որոշել։ Շարքային զինծառայողը լավագույնս հիշվում է կենացներում»,- նշում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

 

Զինված ուժերի 27-ամյակի առթիվ նախագահական նստավայր պարգևատրման այցելած պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնաբանեց բանակում 63 զինծառայողի մահվան ցուցանիշը։ Որպես նախարար ի՞նչ է անում, որ զինծառայողների՝ կյանքի իրավունքը պաշտպանվի բանակում և զոհ չգնան տարբեր իրավիճակներում, Factor.am-ի այս հարցին ի պատասխան նա ասաց․ «Բարձրացնում ենք կարգապահությունը, կատարում ենք զինծառայողների անվտանգությանը միտված բոլոր գործողությունները, միջանձնային հարաբերությունների վրա ուշադրություն ենք դարձնում»։

 

Մինչդեռ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ շարունակվում է նախկին տարիների պրակտիկան, երբ բարձրաստիճան զինվորականությունը խուսափում է քրեական պատիժներից․ «Բանակում ոչ մի միջոցառում չի արվում կանխարգելելու կրիմինալ վիճակը։ Հեղափոխությունից հետո 12 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, ինչը ցույց է տալիս, թե ինչքան բարձիթողի վիճակ է զորամասերում։ Եթե անգամ ինքնասպանություն է, դա խոսում է կրիմինալ մթնոլորտի մասին»։ ՀՔԱՎ տվյալներով՝ 2018 թվականին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով բանակում մահացությունների թիվը 3 անգամ նվազել է։ Եթե 2017-ին հակառակորդի գնդակից 23 զինծառայող էր մահացել, 2018-ին այդ ցուցանիշը եղել է 7։ Սակայն 2018 թվականին մեծ է ավտովթարներից մահացածների թիվը, որը նախորդ տարվա նկատմամբ կրկնակի աճ է գրանցել։ ՀՔԱՎ- ի հաշվարկներով՝ անցած տարի զինծառայողների մահվան հանգեցրած մյուս գլխավոր գործոնը առողջական խնդիրներով զինծառայողներին բանակ զորակոչելն էր։ 2018-ին գրանցվել է առողջականի հիմքով 13 մահ՝ 2017-ի 8 մահվան դեպքի դիմաց։

 

Factor.am-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է․ «Այս երկու գործոնների՝ ավտովթարների և առողջական խնդիրների հետևանքով մահացության դեպքերը երկու խնդիր են բարձրացնում, առաջինը՝ ՊԲ-ում և Զինված ուժերում ավտոմոբիլային տեխնիկայի տեխնիկական կամ շահագործման հետ կապված հարցերն են։ Մենք գործ ունենք բժշկական ծառայության որակի հետ, որ որակը դեռ անհրաժեշտ մակարդակի վրա չի գտնվում։ Այսինքն՝ չնայած հրադադարի ռեժիմի խախտումների նվազմանը, չնայած դրանց հետևանքով մահացության դեպքերի կտրուկ նվազմանը, բժշկական սպասարկման և տեխնիկական  ծառայությունների խնդիրների ոչ պատշաճ մատուցման հետևանքով մենք ունենում ենք մահացության դեպքեր և ԶՈՒ-ում մահացությունների դեպքերի մակարդակը մնում է մտահոգիչ»։

 

Արցախի Մարտակերտի զորամասում վերջին շրջանում մահվան ելքով պատահարների  ու բռնությունների 5 դեպք է գրանցվել։ Ըստ Ժաննա Ալեքսանյանի՝ վերջին թարմ դեպքը ազգությամբ եզդի Յուրիկ Բրոյանի դաժան ծեծն է գումարտակի հրամանատարի կողմից. «Զորակոչվելուց 10 օր հետո նրան բռնության է ենթարկել հրամանատարը, ընդ որում՝ անընդհատ քացիներով գլխին է խփել»։ Ժառանգաբար հոգեկան հիվանդություն ունեցող զինծառայողին բռնության ենթարկելու առթիվ հարուցված է քրեական գործ։ Տուժողի կարգավիճակ ունեցող Բրոյանը ինքն է հայտնվել խոցելի վիճակում։ Հոսպիտալ տեղափոխելու փոխարեն նրան 40 օր պահում են Ռազմական ոստիկանությունում, պատմում է տիկին Ալեքսանյանը․ «Նա ո՛չ կարողանում է տեղաշարժվել, ո՛չ ուտել, ո՛չ հագնվել։ Փաստաբանը նամակ է գրել նախարարին, որ գոնե տեղափոխեն Ռազմական ոստիկանությունից հոսպիտալ կամ արձակուրդ տրամադրեն։ Մի շաբաթից ավել մենք պատասխան չունենք։ Սա խոսում է նախարարի վերաբերմունքի մասին զինծառայողի նկատմամբ»։

 

Դավիթ Տոնոյանը Factor.am-ի խնդրանքով ներկայացրեց Յուրիկ Բրոյանի նկատմամբ Պաշտպանության նախարարության տեսակետը․ «Մենք ունենք սկզբունքային մոտեցում նշված զինծառայողի նկատմամբ, հուսով եմ՝ մենք սխալվում ենք։ Մենք հասկանում ենք մեկ բան, մենք դժվարություններ ունենք այդպիսի զինծառայողներ հետ, իրենք ոչ ծառայում են, ոչ առաջընթաց է ապահովում։ Ես կողմնակից չեմ հիվանդներին բանակ զորակոչելուն»։ Նկատեցինք՝ այնուամենայնիվ 13 զինծառայող մահացել է առողջական խնդիրներով պայմանավորված, ինչին ի պատասխան պարոն Տոնոյանն ասաց․ «Այո, և մենք անելու ենք ամեն ինչ, որ էդպիսի դեպքերը նվազեն»։ Ժաննա Ալեքսանյանն այսպես է հակադարձում նախարարին․ «Եթե նախարարը դեմ է սահմանափակումներով զինծառայողներին զորակոչել, ինչո՞ւ են պահում այս տղային ՌՈ-ում։ Ռազմական ոստիկանությունը ՊՆ-ի տարածքն է»։

 

Իրավապաշտպանները խոստովանում են՝ թավշյա հեղափոխությունից առաջ հույս են ունեցել, որ բանակում մարդու իրավունքների պաշտպանվածության աստիճանը կտրուկ կբարձրանա։ Իշխանափոխությունից 9 ամիս անց, սակայն, ստիպված են արձանագրել դրական առաջընթացի բացակայության մասին։

 

Արթուր Սաքունցն ասում է․ «Ցավոք սրտի, Զինված ուժերում համակարգային փոփոխություններին ուղղված գործողություններ դեռևս չեմ տեսնում։ Ճիշտ է, խոսվում է զինծառայողների սննդի որակի փոփոխման, հագուստի մասին, բայց շատ ավելի կարևոր է անպատժելիության վերացմանն ուղղված գործողությունները»։

 

Ժաննա Ալեքսանյանի դիրքորոշումը ևս քննադատական է․ «Բանակում փոխվել է միայն պաշտպանության նախարարը, այլ փոփոխություն բանակում տեղի չի ունեցել։ Եվ լավ կլիներ՝ վարչապետը խիստ հետաքրքրվեր բանակով, անպատժելիության մթնոլորտով, որ չեն բացահայտվում հանցագործությունները, և դեպքերը շարունակաբար կրկնվում են»։ Ի դեպ, ՀՔԱՎ տվյալներով՝ 2017 թվականին Զինված ուժերում մահացել է 64 զինծառայող, 2016 թվականին՝ ապրիլյան պատերազմի տարում՝ 162, որից 77-ը պայմանավորված պատերազմով։ 2015-ին բանակում 76 զինծառայող է մահացել, 2014-ին՝ 46։ Վերջին 6 տարվա նվազագույն ցուցանիշը գրանցվել է 2013 թվականին, երբ մահացած զինծառայողների թիվը եղել է 31։ 



factor.am

Դիտումներ՝ 915

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????