Հայաստանում վերջին շրջանում առավել ակտիվորեն են կազմակերպվում պահեստազորայինների վարժական հավաքներ։ Սրանք այն միջոցառումներն են, որոնցով նախկինում պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիները կրկին ներգրավվում են զինվորական պատրաստության կարճաժամկետ ծրագրերում։ Սակայն ինչպես քաղաքացիները, այնպես էլ հասարակական կազմակերպությունները պարբերաբար բարձրաձայնում են դրանց անցկացման գործընթացում առկա լուրջ խնդիրների մասին։
Այս ֆոնին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կատարել է ուսումնասիրություն և հանրային ու մասնավոր հանդիպումների ընթացքում արձանագրած դեպքերի հիման վրա ներկայացրել է առաջարկությունների փաթեթ՝ ուղղված վարժական հավաքների գործնական և օրենսդրական գործընթացների բարելավմանը։
🔍 Ի՞նչ խնդիրներ են բարձրացվել։
- Քաղաքացիներին հավաքին մասնակցելու մասին ծանուցումներն ուղարկվում են վերջին պահին կամ՝ աշխատավայր, ինչը խախտում է անձնական տվյալների պաշտպանությունը և մարդու մասնավոր կյանքի իրավունքը։
- Վարժական հավաքներին ներգրավվում են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ որևէ ռազմական պատրաստություն չեն անցել, սակայն հավաքների անցկացման ընթացքում օրեր անց ուղարկվում են մարտական հերթապահության, ինչը լուրջ ռիսկեր է պարունակում թե՛ իրենց, թե՛ մյուսների անվտանգության համար։
- Բժշկական զննությունները թերի կամ ոչ պատշաճ ձևով են իրականացվում, ինչի հետևանքով առողջական խնդիրներ ունեցող անձինք հայտնվում են իրենց առողջության համար վտանգավոր կամ անբարենպաստ պայմաններում։
- Բարձր վարձատրվող մասնավոր հատվածի աշխատակիցների և անհատ ձեռներեցների ներգրավումը վարժական հավաքներին հանգեցնում է եկամտի զգալի կորստի, ինչի հետևանքով նրանք հաճախ հայտնվում են վարկային և հիփոթեքային պարտավորությունների չկատարման վտանգի առաջ։ Սա հատկապես լուրջ խնդիր է այն անձանց համար, ովքեր միակ եկամտաբերն են ընտանիքում կամ ունեն գործող բիզնես։
- Որոշումը, թե ով պետք է մասնակցի հավաքին, կայացվում է ոչ հստակ և ոչ թափանցիկ սկզբունքներով՝ ստեղծելով կոռուպցիոն ռիսկեր։
🛠 Ի՞նչ է առաջարկում ՀՔԱՎ-ը։
- Օրենսդրորեն ամրագրել քաղաքացիներին պահեստազորայինների վարժական հավաքներին ներգրավելու վերաբերյալ ծանուցումները նախատեսված մեկնարկից առնվազն 20 օրացույցային օր առաջ վերջիններիս տրամադրելու վերաբերյալ դրույթը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան կազմակերպել իրենց այլ գործունեությունը։
- Քաղաքացիներին տրամադրել հնարավորություն՝ տարվա ընթացքում ընտրելու իրենց հարմար ժամկետը վարժական հավաքներին մասնակցելու համար։
- Բացառել մարտական հերթապահության պարտադիր բաղադրիչը նրանց համար, ովքեր չունեն բավարար զինվորական պատրաստություն։
- Հստակ և իրավական կարգով սահմանել հավաքներին մասնակցող քաղաքացիների ընտրության չափորոշիչները՝ բացառելու կամայական և կողմնակալ որոշումների ռիսկը։
- Ապահովել ամբողջական և անվճար բժշկական զննություն նախքան քաղաքացու վարժական հավաքների մասնակցության մասին որոշում կայացնելը։
- Ապահովել, որ վարժական հավաքների ընթացքում տրամադրվող դրամական փոխհատուցումը համապատասխանեցվի քաղաքացիների փաստացի եկամտին՝ կանխելով սոցիալապես վտանգավոր հետևանքները, այդ թվում՝ վարկային պարտավորությունների չկատարումը։
- Վարժական հավաքներին քաղաքացիների ներգրավման ժամանակ ելնել նրանց մասնագիտական կարողություններից և փորձառությունից, զիինվորական պարտավորությունների կատարման արդյունավետության ապահովման նպատակով։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած առաջարկություններն ուղղված են օրենսդրական և գործնական բացերի հաղթահարմանը, ինչպես նաև հավաքների ընթացքում ներգրավված անձանց իրավունքների երաշխավորմանն ու պաշտպանությանը՝ ի նպաստ թափանցիկ, կանխատեսելի և իրավունքների նկատմամբ հարգալից պետական գործելաոճի ձևավորման։
📞 Եթե ունեք հարցեր կամ կարծում եք, որ ձեր իրավունքները խախտվել են վարժական հավաքների կազմակերպման ընթացքում, կարող եք զանգահարել 077 34 22 68 կամ գրել info@hcav.am էլ. Փոստին։
Առաջարկությունների փաթեթը`