Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի իրավունքների խախտումները վերացնել պարտավորեցնող որոշումը կմնա ուժի մեջ

July 7, 2021

Արթուր Քոչարյան | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Հրապարակումներ | Նորություններ

Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա․ Մուրադյանի վերաքննիչ բողոքը՝ դատական ստուգման ենթարկելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Արթուր Քոչարյանի իրավունքների խախտումները վերացնելու մասին որոշումը։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Անի Չատինյանը և Արայիկ Զալյանը ստանձնել էին Ա․ Քոչարյանի իրավունքների պաշտպանությունը։

 

Հիշեցնենք, որ  դեռևս 2004 թվականի սեպտեմբերի 21-ին Ա․ Քոչարյանին իր հետ միևնույն զորամասում ծառայող Արթուր Մեսրոպյանի դին հայտնաբերելուց հետո տեղափոխել են Ստեփանակերտի ռազմական մեկուսարան, որտեղ ռազմական ոստիկանության աշխատակիցները փայտով և ռետինե մահակով ծեծել են՝ պահանջելով ցուցմունքներ տալ Ա. Մեսրոպյանի սպանության վերաբերյալ քրեական գործով։  Հոկտեբերին նա տեղափոխվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչություն, որտեղ նրա նկատմամբ կրկին  բռնություն է գործադրվել`  քննիչի թելադրանքով ցուցմունք գրելու պահանջով, որից Ա․ Քոչարյանը հրաժարվել է։ Այնուհետև՝ 2004 թվականի նոյեմբերի 3-ին, Ա․ Քոչարյանը և մի քանի զինծառայողներ ձերբակալվել են, իսկ նոյեմբերի 5-ին՝ կալանավորվել՝ Ա․ Մեսրոպյանի սպանության գործում  ներգրավվելով որպես մեղադրյալներ։

 

Գործի քննության ողջ ընթացքում, չնայած նրան, որ Արթուր Քոչարյանը և մի քանի զինծառայողներ նշել են, որ իրենց բռնության են ենթարկել, այդ հանգամանքը բավարար ուշադրության չի արժանացել։

 

Այնուամենայնիվ, 2018 թվականի նոյեմբերի 5-ին հարուցվել էր քրեական գործ պետական ծառություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններին անցնելու մասին․ Ա․ Քոչարյանը սույն գործով ճանաչվել էր տուժող։ 

 

Սակայն, 2019 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կայացված «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշմամբ ռազմական ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել․ որոշումը բողոքարկվել է դատախազին, որը, սակայն, մերժվել է։

 

2020 թվականի օգոստոսի 28-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Անի Չատինյանի և Արայիկ Զալյանի բողոքը՝ պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնել Ա․ Քոչարյանի իրավունքների արձանագրված խախտումները։ 

 

2020 թվականի նոյեմբերի 19-ին դատախազ Ա․ Մուրադյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել այդ որոշման դեմ։

 

Բողոքին ի պատասխան՝ Ա․ Քոչարյանի պաշտպաններ Անի Չատինյանը և Արայիկ Զալյանը գտնում են, որ դատարանի որոշումը օրինական է և հիմնավոր և բողոքը ենթակա է մերժման, քանի որ դատահոգեբանական փորձաքննություն չանցկացնելը վկայում է քննության ոչ ամբողջական լինելու մասին և բացի դրանից՝ հարկ է նշել, որ վարույթն իրականացնող մարմինը չի ձեռնարկել բոլոր քայլերը, շատ ցուցմունքների չեն տրվել համարժեք գնահատականներ, ինչը թույլ կտար նոր ապացույցներ բացահայտել, որոնք էական ազդեցություն կունենային գործում։

 

Անդադառնալով  բողոքին` Վերաքննիչ դատարանը  արձանագրել է մի քանի փաստ. նախ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ քննությունը պետք է բազմակողմանի իրականացվի. տվյալ դեպքում քննություն իրականացնող մարմինը լրիվ քննություն չէր իրականացրել, հաշվի չէր առել Արթուր Քոչարյանի` խոշտանգման մասին ցուցմունքները, ինչի արդյունքում խախտվել էին նրա իրավունքները։ Դատարանը կարևորել է նաև հոգեբանական փորձաքննության անցկացումը, ինչը բաց է թողնվել գործի քննության ընթացքում։ Բացի դրանից՝ վերաքննիչ բողոքը պարունակում է ավելի շատ գնահատողական մոտեցումներ, քան փաստական հիմքեր. Առաջին ատյանի դատարանը գործը ճիշտ լուծող դատական ակտ է կայացրել։ Այսինքն՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը օրինական է և հիմնավորված, իսկ վերաքննիչ բողոքում ներկայացված հանգամանքները բավարար չեն դատական ակտը բեկանելու համար։ Հաշվի առնելով այս ամենը` Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազ Ա. Մուրադյանի բողոքը։

 

Խոշտանգման դեպքերին բավարար ուշադրություն չդարձնելու պատճառով է, որ  շարունակվում են արձանագրվել մարդու իրավունքների խախտումներ. քննության ընթացքում հաշվի չեն առնվում բռնություն գործադրելու մասին ցուցմունքները, անտեսվում են ապացույցներ, որոնք որոշիչ և էական նշանակություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

Դիտումներ՝ 393

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????