Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մտահոգիչ է մնում անհայտ կորած անձանց ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի, գտնվելու վայրի, կորչելու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքի ապահովման վիճակը

August 30, 2022

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ

Օգոստոսի 30-ը անհայտ կորածների միջազգային օրն է։

 

Տարիներ շարունակ մենք հետամուտ ենք եղել անհայտ կորածների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ պետության պարտավորությունների պատշաճ իրականացմանը, և նրանց իրավունքների պաշտպանության նպատակով ավելի քան 15 տարի առաջ նախաձեռնեցինք «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը, որը սակայն մինչ օրս չի ընդունվել։ Պետությունը փորձում է տարբեր իրավական ակտերով հատվածական լուծումներ տալ խնդիրներին, սակայն խնդիրները համալիր լուծում կարող են ստանալ միայն օրենքի ընդունմամբ։

 

Անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները առաջացել են դեռեւս առաջին արցախյան պատերազմի ժամանակ։

 

Հիմա, երբ Հայաստանը հերթական անգամ բախվել է հարյուրավոր անհայտ կորածների խնդիրներին, շատ կարևոր է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ անհայտ կորածների և նրանց ընտանիքների հիմնախնդիրներին, որոնց լուծման և կարգավորման համար անհետաձգելի է  հիմնական  օրենքի ընդունումը։

 

Դեռևս 2007 թվականին ԵԽԽՎ-ն ընդունել է անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վերաբերյալ 1553 (2007) բանաձևը, իսկ Հայաստանը՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, ստանձնել է ԵԽԽՎ բանաձևերի ու հանձնարարականների իրագործման  պարտավորություն։ «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի օրենքի նախագիծը լավ հիմք կարող է դառնալ անհայտ կորածներին վերաբերող ՀՀ օրենսդրության մշակման համար»,-իր զեկույցում նշել էր ԵԽԽՎ զեկուցող Լեո Պլատվոյետը։ Սակայն դա էլ  անհրաժեշտ խթան չեղավ պետության կողմից անհայտ կորածների հանդեպ օրենսդրական մակարդակում իր պարտավորությունները կատարելու համար։ 

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, ելնելով պետության՝ իր քաղաքացիների կյանքի, առողջության եւ անվտանգության ապահովման եւ դրանց վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկման պարտականությունից,  2020 թ․-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը  ժամանակահատվածում իրականացրել է 44-օրյա պատերազմական գործողությունների հետեւանքով անհայտ կորածների, նրանց ընտանիքների խնդիրների հետազոտություն, որի արդյունքները ներկայացված են «2020 թ.  44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամների  իրավունքների վիճակը» զեկույցում:

 

Զեկույցում, բացի վիճակագրական տվյալներից, անդրադարձել ենք անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների իրավունքներին վերաբերվող օրենսդրությանը, օրենսդրական բացերին, ընտանիքների առջեւ ծառացած խնդիրներին, անհայտ կորածների և նրանց ընտանիքների հանդեպ պետության վերցրած պարտավորությունների կատարման վիճակին:

 

Մտահոգիչ է մնում անհայտ կորած անձանց ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի, գտնվելու վայրի, կորչելու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքի ապահովման վիճակը: Ընտանիքները բախվում են նաև իրավական կարգավիճակի բացակայության, սոցիալական, առողջապահական, հոգեբանական աջակցության եւ այլ խնդիրների:

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 2022 թ. օգոստոսի տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում, ըստ ՀՀ պետական մարմինների՝ 21.03.2022թ. դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Հրապարակված թվերի այս անհապատասխանությունը կապված է նույնականացման գործընթացի հետ։

 

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտանիքները մտահագություններ ունեն նաև նույնականացման գործընթացի հետ կապված․ նախ հստակ չէ, թե որ մարմինն է զբաղվում այդ հարցով, ընտանիքները տեղեկություններ են ստանում տարբեր մարմիններից։ Ընտանիքները մեզ հետ զրույցներում նշել են նաև, որ ամիսներ շարունակ ԴՆԹ նմուշների համընկնում չի գրանցվել, սակայն որևէ սոցիալական աջակցության ծրագրում ներգրավվելու համար դատարան դիմելու գործընթացում իրենց տեղեկացրել են, որ ունեն համընկնում, ինչը անվստահություն է առաջացնում գործընթացի նկատմամբ։ Նրանցից շատերը, մտավախություն ունենալով, որ պետությունը կդադարեցնի իրենց հարազատի որոնողական աշխատանքները, դադարեցրել են այդ գործընթացին իրենց մասնակցությունը։

 

Զեկույցով  հերթական անգամ անդրադարձել ենք անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության եւ նրանց հանդեպ պետության վերցրած պարտավորությունների կատարման վիճակին, ինչպես նաեւ պետական մարմիններին եւ միջազգային կազմակերպություններին ներկայացրել ենք անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ:

 

Այս տեղեկատվության հիման վրա ՀՔԱՎ-ը անհայտ կորած անձանց ճակատագրի, գտնվելու վայրի եւ կորչելու հանգամանքների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների խնդիրների վերաբերյալ գրությամբ դիմել է նաև Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ հրատապ համարելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այցելության կազմակերպումը Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ՝ գնահատելու համար հակամարտող երկրների կողմից 2007 թ. մայիսի 24-ին  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունած Անհայտ կորածների եւ նրանց ընտանիքի անդամների իրավունքների վերաբերյալ ԵԽԽՎ 1553 (2007) բանաձևի իրականացման, նշված բանաձևում ամրագրված մոտեցումներին անդրադառնալու և հակամարտության կողմերի պատասխանատվությունը ուսումնասիրության առարկա դարձնելու համար, ինչը կարող է խթանել մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումըը եւ հետագայում կոնֆլիկտի դե-էսկալացիայի նպաստմանը:

 

Ի պատասխան մեզ տեղեկացրել են, որ ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փ․ Գավանը 2021-ին եղել է Հայաստանում և Ադրբեջանում և իր այցի արդյունքներն ամփոփել զեկույցով, որի հիման վրա էլ ընդունվել է ԵԽԽՎ 2391 (2021) բանաձևը՝ կոնֆլիկտի հումանիտար հետևանքների վերաբերյալ։ Դրան հաջորդած նամակով ՀՔԱՎ-ը դիմել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցողին՝ բանաձևի կատարմանը հետամուտ լինելու հարցով և իր պատրաստակամությունը հայտնել աջակցելու բանաձեւում ամրագրված գործողությունների իրականացմանը:

Դիտումներ՝ 73

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????