19 նոյեմբերի, 2021
Հոգեբուժական հաստատություններում դիտորդական խումբը անհրաժեշտ է համարում ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ՄԻՊ անհապաղ միջամտությունը ՀՀ քաղաքացի Հ.Ս.-ի՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ոչ հոժարակամ հոսպիտալացման դեպքի առնչությամբ։
Անձի ոչ հոժարակամ հոսպիտալացման հարցով դատական նիստը կայանալու է ս.թ. նոյեմբերի 19-ին (այսօր), ժ. 11։00-ին։
Հարկ ենք համարում արձանագրել, որ անձի նկատմամբ դրսևորվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, ֆիզիկական ուժի գործադրում և ապօրինի ոչ հոժարակամ բուժման ռիսկ։ Անձը ենթարկվել է հոգեբանական ճնշումների, դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, հնչեցվել են խտրական և վիրավորական արտահայտություններ։
Անհրաժեշտ ենք համարում ՀՀ առողջապահության նախարարության և ՄԻՊ անհապաղ միջամտությունն անձի իրավունքների խախտումը վերականգնելու և Հաստատությունում բուժում և խնամք ստացող անձանց նկատմամբ անձնակազմի վերաբերմունքը քննության առնելու հարցով՝ ուշադրության կենտրոնում պահելով առկա դատական գործընթացը։
2021 թ․ հոկտեմբերի 31-ին Խումբը արագ արձագանքման այց է կատարել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, որի ընթացքում արձանագրվել է, որ անձը հոկտեմբերի 27-ին շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Հաստատություն, հրաժարվում է բուժումից, հոկտեմբերի 29-ին ոչ հոժարակամ հոսպիտալացնելու վերաբերյալ հայցով Հաստատությունը դիմում է ներկայացրել դատարան։ 2021 թ․ նոյեմբերի 4-ին դատարանը որոշում է կայացրել դիմումը վերադարձնելու մասին՝ Հաստատության կողմից ներկայացված հայցադիմումում առկա թերությունները շտկելու պատճառաբանությամբ։
Դեռևս 2021 թ․ հոկտեմբերի 31-ի այցի ժամանակ բուժանձնակազմի ներկայացուցիչները Խմբի անդամներին տեղեկացրել էին, որ անձը հանգիստ է և որևէ ագրեսիվ վարքագիծ չի դրսևորում։ Սակայն այցից ի վեր Խումբը պարբերաբար տեղեկություններ է ստանում բուժանձնակազմի կողմից իրենց հսկողության ներքո գտնվող անձի նկատմամբ անհարգալից և բացասական վերաբերմունքի դրսևորումների մասին։
2021 թ․ նոյեմբերի 12-ին անձը կրկին ահազանգել է Խմբին՝ հայտնելով, որ անձնակազմը վերցրել է իր բջջային հեռախոսը և որ նա նոյեմբերի 11-ից սկսած հացադուլ է հայտարարել՝ Հաստատությունից դուրս գալու պահանջով։ Բուժանձնակազմի հետ առանձնազրույցի ժամանակ վերջիններս պնդում էին, որ չեն վերադարձնելու անձի հեռախոսը մինչև վստահ չլինեն, որ նա բուժվել է։
Նույն օրը Խմբի ներկայացուցիչների հետ առանձնազրույցի ժամանակ անձը տեղեկացրել է բաժանմունքի ավագ բուժքրոջ՝ բուժում և խնամք ստացող անձանց, այդ թվում՝ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին։ Անձը նաև նշել է, որ մի քանի անգամ դիմել է բաժանմունքի աշխատակիցներին՝ բժշկի և տնօրենի հետ հանդիպելու խնդրանքով, որպեսզի տեղեկացնի հացադուլ սկսելու իր մտադրության մասին, սակայն հանդիպում այդպես էլ չի կազմակերպվել:
Նոյեմբերի 18-ից դրությամբ անձը դադարեցրել է հացադուլը:
Դեպքի առնչությամբ Խումբը ս․թ․ նոյեմբերի 15-ին հրատապ գրություն է ուղարկել ՀՀ առողջապահության նախարար Ա․ Ավանեսյանին, որտեղ ներկայացվել են դեպքի հանգամանքները՝ Առողջապահության նախարարության ուշադրությունը հրավիրելով անձի իրավունքների խախտումների վրա, խնդրելով անհապաղ միջամտություն։ Նշված գրությամբ նախարարությանը հաղորդվել է, որ Հաստատության բուժանձնակազմի ներկայացուցիչները բարեխիղճ մոտեցում չեն ցուցաբերում անձի նկատմամբ։
Գրության կապակցությամբ Խումբն առ այսօր Առողջապահության նախարարությունից որևէ արձագանք չի ստացել։ Խմբին նաև չի հաջողվել բազմակի հեռախոսազանգերի միջոցով կապ հաստատել նախարարության հետ։
Հետևողական լինելով անձի դեպքի մշտադիտարկմանը, Խումբը ս․թ․ նոյեմբերի 18-ին կրկին կապ է հաստատել վերջինիս հետ։ Անձը հայտնել է, որ «իրեն օրը մի քանի անգամ սրսկումներ են անում, քաշքշում են, քաշքշելով տանում են սրսկումների»։ Տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո Խումբը նախաձեռնել է հերթական հրատապ այցը Հաստատություն։ Այցի ընթացքում պարզվել է, որ անձի նկատմամբ միայն վերջին 5 օրերին 6 անգամ, այդ թվում՝ մեկ օրվա ընթացքում 2 անգամ, դեղորայքային հանդարտեցում է կիրառվել։ Այնինչ, ինչպես նշվեց, նախկինում որևէ միջամտության կարիք չի եղել։ Անձը Խմբին տեղեկացրել է, որ թեև ինքը հանգիստ վիճակում է գտնվել, սակայն իր նկատմամբ ֆիզիկական ուժ են գործադրել, բռնել են ձեռքն ու ոտքը և ցավեցրել, իր կամքին հակառակ ներարկում կատարել։ Անձը նաև հայտնել է, որ բուժանձնակազմի որոշ անդամներ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել իր հասցեին, պարբերաբար փորձել են հոգեբանորեն ճնշել, հնչեցրել են սեռականության հետ կապված խտրական և վիրավորական արտահայտություններ։
Փաստ է, որ առանց դատարանի որոշման՝ անձը իր կամքին հակառակ գտնվում է հոգեբուժական հաստատությունում արդեն 18 օր, որի ընթացքում նրա նկատմամբ կիրառվում են բժշկական միջամտություններ, որոնց հիմնավորվածությունը նույնպես հասկանալի չէ։
Վերոգրյալով պայմանավորված՝ ևս մեկ անգամ ընդգծում ենք ՀՀ առողջապահության նախարարության և ՄԻՊ անհապաղ միջամտության անհրաժեշտությունը՝ անձի իրավունքների խախտումը վերականգնելու, Հաստատությունում բուժում և խնամք ստացող անձանց նկատմամբ անձնակազմի վերաբերմունքը քննության առնելու հարցով՝ ուշադրության կենտրոնում պահելով առկա դատական գործընթացը։
Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների գործողությունների (ներառյալ՝ անգործության) նկատմամբ հասարակական մշտադիտարկում իրականացնող դիտորդների խումբ
mentalmonitoringgroup@gmail.com
077071421