Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հավանական է, որ կոլետիվները կազմակերպված բերվել են հանրահավաքի. անկախ դիտորդ

September 12, 2023

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Լրատվամիջոցները մեր մասին | Տեսադարան | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Իրավապահները դեռ չեն բացահայտում, թե արդյոք հարուցել են քրեական գործ պետական ու համայնքային աշխատողներին Տիգրան Ավինյանի հանրահավաքներին ենթադրաբար ցուցակագրելու ու տանելու համար։  

 

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին միայն, որ համացանցում շրջանառվող տեսանյութն այսօր ուղարկել են ոստիկանություն՝ ստուգելու համար։

 

Ակտիվիստ Արթուր Չախոյանի հրապարակած տեսանյութի հետքերով ընտրությունների ընթացքին հետևող «Անկախ դիտորդն» է դիմել դատախազությանը։ Ակտիվիստն անցած շաբաթ մոտեցել էր Նոր Նորքում «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքի մասնակիցներին՝ հարցեր տվել՝ որտեղի՞ց են, քանի՞ հոգով են եկել. մանկապարտեզների, դպրոցների, թաղապետարանների, պետական այլ կառույցների աշխատակիցներն էլ շտապել էին պատասխանել՝ 20, 50, 100 հոգով ենք։

 

Ջրաշխարհ՝ 100 հոգի, կանաչապատման հիմնարկ՝ 30-40 հոգի, գրադարան՝ 25 հոգի, մշակույթի կենտրոն՝ 141 հոգի, «Տորք անգեղ» սպորտի դպրոց՝ 25 հոգի։

 

Ակտիվիստի արձանագրածը պետք է դառնա իրավապահների քննության առարկա, ասում է դիտորդ Վարդինե Գրիգորյանը։ Նրա խոսքով, իրավապահները պետք է պարզեն՝ արդյո՞ք կոլեկտիվներով հանրահավաքի մասնակցելը պարտադրված չէր, ի՞նչ կլիներ մարդկանց հետ, եթե նրանք չմասնակցեին, արդյո՞ք կամավոր-պարտադիր այս մասնակցությանն ընդդիմացողների նկատմամբ ղեկավարները ինչ-որ միջոցներ կձեռնարկեին. - «Հաշվի առնելով, որ դրանք կոլեկտիվներ են, ու շատ ավելի հավանական է, որ նրանց կազմակերպված բերվել են հավաքի, ինչը նշանակում է, որ պարտադրվել է նրանց մասնակցությունը քարոզչական գործողություններին։ Այսինքն՝ զուտ կոլեկտիվների հանգամանքը, կազմակերպվածությունը, փաստացի ոչ իրենց համայնքում գտնվելը»։

 

Արդյո՞ք աղմկահարույց այս տեսանյութը հանցագործության տարրեր պարունակում է։ Դիտորդը պնդում է՝ վարչական ռեսուրսի չարաշահման կասկածը, երբ ղեկավարը ստորադասին հանձնարարում է աշխատանքային պարտականությունների հետ կապ չունեցող մի բան անել, հիմնավոր է։ Բացի դրանից, վարչական ռեսուրսի չարաշահում են նաև թաղապետարանների աշխատակիցների զանգերը կամ հարցումները, երբ բնակչից ճշտում են՝ ում են ընտրելու կամ ուղղորդում ում ընտրել։ Հենց քաղաքացիների տվյալները քարոզչության համար օգտագործելը ևս վարչական ռեսուրսի չարաշահում է. - «Եթե օրինակ, ցանկացած կոմունալ բաժնի ղեկավար օգտագործում է իր ունեցած, իր տիրապետության տակ գտնվող ցուցակները որևէ գործողության համար, քան իր պաշտոնով նախատեսված է, դա վարչական ռեսուրսի չարաշահում է, տվյալների ապօրինի օգտագործում։ Դրա բացառումը ինչի՞ է համար է։ Որպեսզի լինի հավասարություն թեկնածուների միջև։ Այն տեղեկատվությունը, որին դու տիրապետում ես ի պաշտոնե, փաստացի ստացվում է, որ ստեղծում է մեկնարկային առավելություն քեզ համար, որը բնական է, որովհետև դու աշխատում ես էդտեղ»։

 

Մինչդեռ ՔՊ-ի ընտրացուցակի 5-րդ համարը՝ Երևանի գործող փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հերքում է ուղղորդող զանգերը քաղաքացիներին ու պնդում, թե իշխող ուժը վարչական ռեսուրս չի չարաշահել. - «Եթե ի սկզբանե միտք լիներ էդ մարդկանց առհասարակ քարոզարշավին մասնակցելը արգելել, ես ենթադրում եմ, որ Ընտրական օրենսգրքով հենց էդպես էլ գրված կլիներ։ Բայց այդպես չի գրված»։

 

Գրիգոյանն ընդգծում է՝ հանրահավաքն աշխատանքային ժամից հետո էր, և ինչպես յուրաքանչյուր ոք, համայնքային աշխատողներն էլ իրավունք ունեն մասնակցելու քարոզարշավին։ Չի բացառում, որ մարդիկ մասնակցելով հավաքին իրենց աջակցությունն են հայտնում Երևանում կատարված աշխատանքների համար։ Մյուս կողմից էլ, մարդուն չեն կարող արգելել չմասնակցել հավաքներին։ Նման հրահանգն օրենքի խախտում է. - «Էդ անձանց արգելված չէր էդ հավաքին մասնակցել։ Այլ ա հարցը, երբ ինչ-որ մեկը, բնականաբար մեզ անհայտ պատճառներով, որովհետև մենք վստահաբար ոչ մեկին ոչ տենց հրահանգ, ոչ հորդոր, ոչ խնդրանք չենք ընչեցրել, երբ ինչ-որ մեկը հանկարծ իր գործողություններում ինչ-որ ստիպողաբար էլեմենտ ա պարունակել, բնականաբար, պետք ա պատրաստ լինի օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվություն կրի։ Եթե կհաստատվի, որ նման բան ա եղել։ Թող իրավապահները պարզեն»։

 

Արդյո՞ք նույնը կասեր ընդդիմություն եղած տարիներին, երբ նույն պետական ոլորտի աշխատողները տարվում էին իշխանության հանրահավաքներին։ Ժամանակին ՔՊ-ի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը անխնա քննադատում էր նախկին իշխող ուժին՝ Հանրապետականին հենց սրա համար։

 

Երևանի փոխքաղաքապետն ասում է՝ եթե կոլեկտիվով տեղ են գնում և չկա ապացույց, որ նրանց հարկադրել են, ապա դա նորմալ է. - «Հանրապետականի ժամանակ բացի նրանից, որ լինում էին էդ տեսանյութերը, մարդիկ իրար հետ խոսելով, իրենց անձնական կապերով և այլնով, բոլորը իրանց փոխանցում էին ու գիտեին, որ էդ ամեն ինչը ստիպողաբար ա արվել։ Էկեք նաև հիշենք, որ էն ժամանակ մարդկանց մոտ համոզմունք էր և այնպիսի մթնոլորտ էր, որ իրանք ուր էլ բողոքեն, անիմաստ ա, դատարան էլ դիմեն, անիմաստ ա, ընտրությունների ժամանակ ոնց էլ քվեարկեն-չքվեարկեն, մեկ ա արդյունքները լինելու են էնպես, ոնց որ նախատեսել ա էդ օրվա իշխանությունը։ Ի տարբերություն մեր օրերի»։

 

Մինչ գործող իշխանության ներկայացուցիչն ասում է, որ իրենց նախկինների հետ համեմատելը բոլորովին տեղին չէ, դիտորդները պնդում են՝ Նիկոլ Փաշինյանի թիմը ավելի ու ավելի է նմանվում է Հանրապետականին։

 

«Համոզված եմ, որ իրենք շատ լավ հասկանում են ինչ է վարչական ռեսուրսի չարաշահումը», - ասում է Վարդինե Գրիգորյանը։

 

Իրավապահները ուսումնասիրում են դիտորդների արձանագրած մյուս խախտումները ևս։ Օրինակ, Սպիտակի համայնքապետի ու վարչական շրջանների ղեկավարների ձայնագրությունը, որոնք, ըստ լրագրողների, ցուցակագրել էին Ավինյանի ընտրողներին, որոնք բնակվում են մարզերում, բայց ունեն Երևանի գրանցում։ Արդյունքների մասին նորություն, սակայն, չկա։

 

 

Դիտումներ՝ 24

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????