Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Այս գործողություններն, ըստ էության, փորձ են խմբագրելու ժողովրդի քվեարկության արդյունքները». Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Վանաձորի ավագանու ընտրություններում ամենաշատ քվե ստացած Մամիկոն Ասլանյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է որակում:

 

«Քրեական հետապնդման ժամանակահատվածի ընտրությունը, ձերբակալման, կալանավորման վերաբերյալ որոշումները, քանի որ համընկել են նախընտրական ժամանակահատվածին և նաև առավել կարևոր է՝ ավագանու նիստին, որի ընթացքում պետք է ընտրվեր քաղաքապետը, համարում եմ քաղաքական հետապնդում», – ասաց նա:

 

​Արթուր Սաքունցը տեղական ինքնակառավարման այս ընտրությունների ընթացքը դիտարկած «Անկախ դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչ է նաև, շեշտում է, հեղափոխությունից հետո այս ծավալի տեղական ընտրություններ առաջին անգամ էր և նախընտրական փուլի, ընտրական օրվա դիտարկումները ցույց տվեցին, որ մարդիկ սկսում էին հավատալ, որ իրենց ձայնը նշանակություն ունի:

 

«Ոգևորող էր, որ ըստ էության բազմակուսակցական մշակույթը որպես ժողովրդավարական կարևոր ինստիտուտ, արժեք, ինքը ձևավորման սկզբնավորումն էր, որովհետև ունեցանք փաստ, որ կենտրոնական ազգային իշխանությունը մի կուսակցությունն է ձևավորել մեծամասնությամբ, տեղերում այլ կուսակցություններ են հաղթել կամ մեծամասնություն ստացել, և սա հնարավորություն էր նաև քաղաքական համաձայնությունների մշակույթը ձևավորելու», – ընդգծեց իրավապաշտպանը:

 

Իսկ հիմա, ըստ Սաքունցի, իշխանությունը խեղաթյուրում է մարդկանց ընտրության արդյունքը. – «Այս գործողություններն, ըստ էության, փորձ են խմբագրելու ժողովրդի քվեարկության արդյունքները, ընդ որում, այնպիսի մեթոդներով, որոնք ակնհայտ իրենց բովանդակությամբ ժողովրդավարական չեն»:

Իրավապաշտպանը վստահ է՝ ընտրություններին հաջորդած այս ավտորիտար միտումները անհետևանք չեն մնա՝ իշխանության նկատմամաբ վերաբերմունք կփոխվի:

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ