Իրավապաշտպան Արթուր Սաքունցն արձանագրում է՝ Քննչական կոմիտեն զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան առթիվ հարուցված քրգործի շրջանակում 3 ձերբակալված զինվորների մասին հայտնեց միայն նրա հարազատների երեկվա բողոքից հետո:
Զինվորի ծառայակիցները ձերբակալվել են զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար։
«Հայտարարությունն, իհարկե, ավելի շուտ նպատակ ուներ կարծես թե հույզերը հանդարտացնելուն, և պաշտպանության նախարարի հանդիպումը և արդեն երթի մասնակիցների հետ ճանապարհի կեսին հանդիպելը նույնպես նպատակ ուներ արդեն անարդարության և այդ զգացմունքներով ապրող կամ այդ վիճակում գտնվող մարդկանց հանդարտացնելու», - ասաց Սաքունցը։
Հունվարի 30-ին՝ զինծառայողի մահվան օրը Քննչական կոմիտեն հայտարարել էր՝ շարքային Ավագյանը իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ արձանագրվել է կենսաբանական մահը: Քրեական գործը հարուցվել էր ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Երեկ առավոտյան Ավագյանի հարազատները նրա դագաղը ցանկանում էին մայրաքաղաք բերել, պնդելով՝ 20-ամյա տղան ինքնասպան չի եղել, նրան սպանել են։ Ոստիկանները նրանց չէին թողնում Երևան շարժվել, հարազատներին լսելու գնաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, և վերջինիս հորդորով հավաքվածները վերադարձան Հայթաղ գյուղ՝ Ավագյանին հուղարկավորելու։