Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ռուսական բազայի ռազմական ոստիկանությունը Գյումրիում ՌԴ քաղաքացու է ձերբակալել

December 11, 2023

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Լրատվամիջոցները մեր մասին | Տեսադարան

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ահազանգում է՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողներն օրերս ձերբակալել են Գյումրիում ապաստանած Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Սեդրակովին։

 

Սեդրակովն, ըստ Սաքունցի, Ռուսաստանում պայմանագրային զինծառայող է եղել, սակայն Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո հրաժարվել է ծառայությունից ու տեղափոխվել Հայաստան՝ իր հազարավոր հայրենակիցների նման։ Օրերս, սակայն, նրան ձերբակալել ու Գյումրիի ռազմաբազա են տեղափոխել, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված՝ զորամասն ինքնակամ լքելու հիմքով։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ղեկավարող Սաքունցն ասում է՝ ահազանգն իրենք ստացել են Ռուսաստանում գործող մի իրավապաշտպան կազմակերպությունից, որին դիմել է Սեդրակովի կինը։ Նրան զանգահարել են 102-րդ ռազմաբազայից ու տեղեկացրել ամուսնու ձերբակալման մասին։ Սաքունցը հենց այդ նույն համարին է զանգահարել՝ իրեն ևս հաստատել են, որ տղամարդը ձերբակալված է։

 

«Հայտնեցին, որ 27 օր նա կենթարկվի հաուպտվախտի, և քրեական գործի քննությունը կիրականացվի 519 ռազմաօդային ինչ-որ ստորաբաժանման ռուսական, որը տեղակայված է Հայաստանի Հանրապետության տարածքում, քննչական բաժնի կողմից, և այնուհետև կդատապարտվի հանցագործության այդ առաջադրված հիմքով: Իսկ իմ այն հարցին, թե իսկ որտե՞ղ է նա պատիժը կրելու, եթե դատարանը ճանաչեց նրան մեղավոր, հայտնեցին, որ Ռուսաստանի Դաշնությունում», - «Ազատությանը» փոխանցեց Արթուր Սաքունցը:

 

Մինչ ռուսական կողմի հետ կապ հաստատելը Սաքունցը ճշտել է, որ Սեդրակովին հայաստանյան իրավապահները չեն ձերբակալել։ Մինչդեռ, ըստ իրավապաշտպանի, ռուսական ռազմական ոստիկանները Հայաստանի տարածքում թեկուզ ՌԴ քաղաքացու ձերբակալելու իրավունք չունեն՝ դա վերապահված է միայն հայաստանյան իրավապահներին. ըստ կարգի՝ ռուսական կողմը հետախուզվող քաղաքացու հայտնաբերման համար պետք է նրանց դիմի։ Ռազմաբազայի գործողություններն այս հարցում, իրավապաշտպանի գնահատմամբ, անօրինական են։

 

«Ես գտնում եմ, որ սա ոտնձգություն է Հայաստանի իրավական համակարգի դեմ, Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության դեմ, որովհետև չի կարող նման բան լինել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ այլ պետության իրավապահ մարմինները նման կերպ գործեն այնպես, ինչպես իրենց սեփական պետության տարածքում կարող են գործել», - ընդգծեց իրավապաշտպանը:

 

Ի դեպ, հենց այսօր Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվող մի 20-ամյա տղամարդու ձերբակալության մասին։ Այս դեպքում էլ նշվում է, որ նա մեղադրվում է զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Հայկական կողմն արդեն տեղեկացրել է Ռուսաստանին տղամարդու հայտնաբերման մասին։

 

Ինչ վերաբերում է Դմիտրի Սեդրակովին, ապա իրավապաշտպան Սաքունցը նրա հարցով արդեն դիմել է գլխավոր դատախազին. - «Որպեսզի քրեական վարույթ հարուցվի, և ձեռք առնվեն բոլոր միջոցները Ռուսաստանի Դաշնության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված ապօրինի գործողությունների հիմքով, փաստով, և նաև ջանքեր գործադրվի, որպեսզի արգելվի կամ կանխվի Դմիտրի Սեդրակովի հնարավոր տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածքից Ռուսաստանի Դաշնություն»:

 

Դատախազությունից «Ազատությանը» միայն փոխանցեցին, որ Սաքունցի դիմումը ստացել են և սահմանված կարգով ընթացք կտան։

 

Սաքունցը ռազմաբազայից նաև հետաքրքրվել է, թե ինչ հիմնավորմամբ են Սեդրակովին ձերբակալել. - «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանն է, որ նման բոլոր հրաժարվողներին ձերբակալեն: Այսինքն, դուրս է գալիս՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում»:

 

Չի կարող մեկ այլ երկրի նախագահի հրամանը տարածվել մեկ այլ սուվերեն պետության վրա, ընդգծում է Սաքունցը։ Այս պարագայում վտանգված է Հայաստանում ապաստանած հազարավոր ռուսաստանցիների անվտանգությունը, ու սա լուրջ մարտահրավեր է հենց Հայաստանի իշխանությունների համար, ովքեր Եվրախորհրդի հանդեպ ստանձնած պարտավորություններ ունեն։

 

«Որովհետև Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, ունի պարտավորություն՝ իր տարածքում գտնվող յուրաքանչյուր անձի իրավունքի պաշտպանության առումով, և եթե թույլ տրվի նման գործողություն, ապա մեծ է ռիսկը, որ Դմիտրի Սեդրակովը կարող է ենթարկվել Ռուսաստանի Դաշնությունում արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, խոշտանգումների: Այնպես որ, այստեղ բավական լուրջ մարտահրավոր ունենք մեր պետության իրավական համակարգի», - ընդգծեց իրավապաշտպանը:

 

Հինգ տարի առաջ, երբ ռուսական բազայում ռազմական ոստիկաններ տեղակայվեցին, ռուսական կողմը վստահեցնում էր, որ նպատակը զորամասերի ներսում զինվորականների ներքին կարգապահությանը հետևելն է։ Հետևաբար՝ նրանք Հայաստանի տարածքում չպետք է մարդ ձերբակալեն ու պատասխանատվության ենթարկեն, ընդգծում է իրավապաշտպանը։

 

Ռուսական 102-րդ ռազմաբազայից կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն «Ազատությանը» չի հաջողվել ստանալ։

Դիտումներ՝ 157

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????