«Չի եղել էդպիսի բան, որ նախկին նախագահի նկատմամբ քրեական հետապնդում լինի իր նախագահության օրոք կատարված խախտումների կամ հանցագործությունների հիմքով: Երևան քաղաքում հիմա տեղի է ունենում մի դատավարություն, որը աննախադեպ ազդեցություն ունի ոչ միայն մեր հետագա զարգացումների համար, այլ նաև հետխորհրդային տարածաշրջանի երկրների, բացառությամբ մերձբալթյան երկրների, ընդհանրապես քաղաքական զարգացումների համար: Մասնավորապես իշխանության պատասխանատվության, արդարության տեսակետից», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Խոսելով նախորդ չորս օրերի դատավարության ընթացքից՝ Սաքունցն ասաց, որ չնայած դատարանում մթնոլորտը բավականին լարված էր, կողմերը կաշկանդված չէին․ - «Պաշտպանական կողմը ազատ էր իր կարծիքները ներկայացնելու, մեղադրող կողմը՝ նույնպես: Դատավորը բավական անկաշկանդ էր իրենց զգում: Չնայած պաշտպանական կողմի մի քանի հորդորներին կամ այն արտահայտություններին, որ հասկանում է դատավորի հոգեկան վիճակը՝ իմ համոզմամբ, դատավորի պահվածքը ամենևին լարված չէր, հանգիստ էր»:
Սաքունցի կարծիքով, դատարանի մատչելիության սկզբունքի խախտում է եղել։ Դահլիճում հիմնականում Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն էին, սակայն դահլիճը պետք է հարմարավետ լիներ՝ դատավարությանը մասնակցելու ցանկություն ունեցող մնացյալ անձանց համար ևս․ - «Հանրային ճնշումը մի կողմից միայն Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից է տեղի ունենում, այն էլ՝ դատարանի դահլիճում: Սա իհարկե բավական մտահոգիչ հարց է»:
Սաքունցն ասաց, թե այս դատավարությունը ցույց է տալիս, որ անցումային արդարադատության համակարգը առավել քան անհրաժեշտ է․ - «Գոյություն ունեցող գործիքներով և իրավական կարգավորումներով և ինստիտուտներով նման էական, հանգուցային նշանակություն ունեցող քրեական գործերով դատավարությունները բավական դժվարությունների են հանդիպելու: Անցումային արդարադատության համակարգը ենթադրում է նաև դատական իշխանության զտում, իրավապահ համակարգի զտում, նոր գործիքակազմի ձևավորում»:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նկատում է, որ 11 տարի նախագահ Քոչարյանը չի խոսել արյունալի իրադարձությունների մասին, հիմա նրան տրված է այդ հնարավորությունը. - «Հիմա մեծ հնարավորություն ունի ասելու, անկեղծանալու: Ինձ թվում է, ավելի մարդկային կլինի նրա նկատմամբ, եթե նա մի քիչ թուլանա և ասի այն, ինչ որ իրականում եղել է: Մենք պետք է տեսնեինք այդ ափսոսանքը, զղջումը: Հրապարակային առաջին անգամ նա առնչվում է, առերեսվում է հանրության հետ, և հազարավոր մարդիկ հետևում են այդ դատավարությանը, և գուցե նրանցից շատերը սպասում էին, որ մեղա էր գալու: Թողնենք մի կողմ, որ համակիրները բոլորն ասում են՝ բա թող սպանության մեջ մեղադրեն նրան: Դեռ թողնենք դա, քննությունը դեռ շարունակվում է: Բայց ցավակցական կեցվածք, և մենք լսեցինք, որ նրա տղան վերջապես էդպիսի մի արտահայտություն արեց, ցավեց: Ես գնահատում եմ դա»:
Իրավապաշտպանները կարևորում են նաև դատարանի դահլիճից դուրս իրավիճակը։
Ժաննա Ալեքսանյան․ - «Բավականին առաջին օրը ագրեսիվ տրամադրությամբ, և ոստիկանությունը զսպող քայլեր չարեց: Տեսանք, որ Վարդգես Գասպարին հարված ստացավ դեմքին: Բռնություն գործադրվեց հենց էդ նույն կողմնակիցների կողմից Վարդգես Գասպարիի նկատմամբ, ինչը անթույլատրելի էր: Փառք Աստծո, քրեական գործ է հարուցվել, հույս ունենք, որ կգտնեն բռնություն գործադրողին»:
Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման հարցով որոշումը դատարանը կհրապարակի վաղը։