Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զինված ուժերում մահերի մեծ մասը որպես կանոն որակվում են ինքնասպանություն. Նազելի Մովսեսյան

February 21, 2023

Լրատվամիջոցները մեր մասին

Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորումից 19-ամյա ժամկետային զինծառայող է մահացել, այս մասին երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց՝ առանց որևէ այլ մանրամասների։

 

Այսօր արդեն Քննչական կոմիտեից հայտնում են՝ նախնական տվյալով՝ շարքային Հայկ Արամի Պետրոսյանը մահացել է գլխի շրջանում իրեն ամրակցված ինքնաձիգի կրակոցից։ Թե ինչպես է դա տեղի ունեցել, ի՞նչ հանգամանքներում, դեռ հայտնի չէ՝ քննություն է ընթանում, «Ազատությանն» ասաց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

 

«Այս պահի դրությամբ քրեական հետապնդման ենթարկվող անձինք չունենք, կատարվում են անհրաժեշտ գործողությունները քննչական-վարույթյան՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», - ասաց Աբրահամյանը:

 

Մարտական հերթապահության կամ մարտական ծառայության ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով է Քննչական կոմիտեն քրեական վարույթ հարուցել։ Մեղադրյալներ դեռ չկան։

 

«Քննության հիմնական նպատակներից մեկը զինծառայողների շրջանում ոչ կանոնադրային հարաբերությունների հնարավոր դրսևորումները պարզելն է և զինծառայողի մահվան առումով մահվան և նման հարաբերությունների պատճառահետևանքային կապի պարզումն է», - ընդգծեց ՔԿ խոսնակը:

 

Վիճակագրությունը փաստում է՝ տարիներ շարունակ բանակում մահացության դեպքերի մեծ մասը ոչ մարտական պայմաններում է արձանագրվում։ Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալի՝ անցած տարի Հայաստանի զինված ուժերում ու Արցախի պաշտպանության բանակում 64 մահվան դեպքերից միայն 14-ն է հրադադարի խախտման հետևանքով եղել, այս վիճակագրության մեջ ներառված չեն ադրբեջանական լայնածավալ հարձակման 200-ից ավելի զոհերը։ Մյուս դեպքերը, պաշտոնական վարկածով, ավտովթարների, առողջական խնդիրների, ինքնասպանության, սպանության, ականի պայթյունի հետևանքով են եղել։

 

Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանն ասում է՝ զինված ուժերում մահերի մեծ մասը որպես կանոն որակվում են ինքնասպանություն. - «Տարօրինակ մի բան կա, որ ինքնասպանություն որակվող դեպքերը հենց միանգամից են որակվում ինքնասպանություն՝ առանց քննչական գործողությունների կատարման: Մինչև համապատասխան, համապարփակ քննչական գործողությունների իրականացնելը արդեն քրեական գործը որակվում է որպես ինքնասպանություն և մեծամասամբ հոդվածը հետագայում չի փոխվում»:

 

2010-ից 2020 թվականների հարուցված մահվան դեպքերն ուսումնասիրել ու պարզել են՝ այդ գործերը որոշ դեպքերում կարճվում են կամ կասեցվում՝ հանցակազմի բացակայության պատճառով։

 

«Տարիներ շարունակ ասում էին, որ կանոնադրային հարաբերությունների խախտումները զինված ուժերում նվազել են կամ իսպառ վերացել են, բայց փաստացի եթե մահվան դեպքը իրապես որակվում է որպես ինքնասպանություն, բնականաբար, այստեղ գործ ունենք կանոնադրային հարաբերությունների խախտման հետ», - նշեց Մովսեսյանը:

 

Պաշտպանության նախարարությունն այսօր էլ հաղորդեց՝ մեկ այլ դժբախտ դեպքի մասին, որը կրկին երեկ է տեղի ունեցել։ Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով նախարարության «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Արզումանյանը և Զորակ Երանոսյանը: 2 զինծառայողներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են կայազորային հոսպիտալ։ Ըստ նախարարության՝ վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

 

Այս դեպքի առիթով էլ է քրեական վարույթ հարուցվել մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոնը խախտելու հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ։

 

«Կոնկրետ ավտովթարի հետևանքով դեպքերը բավականին մեծ թիվ են կազմում, որը վկայում է տեխնիկական անսարքության, մեքենաների անսարքության մասին, վկայում է նաև եթե դեպքը տեղի է ունեցել ժամկետային զինծառայողների կողմից մեքենան վարելու կանոնների խախտման հետևանքով, այստեղ խոսքը գնում է նաև իրենց՝ համապատասխան 18-ամյա երիտասարդների համապատասխան կարողությունների մասին: Բազմիցս առաջարկել ենք այդ ուղղությամբ իրականացնել համապատասխան վերապատրաստում», - ասաց Նազելի Ավանեսյանը:

 

Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպանները տարիներ շարունակ բարձրաձայնում են զինված ուժերում արմատական բարեփոխումների մասին, արձանագրում՝ այս ոլորտում պետությունն անգամ հեղափոխությունից հետո լուրջ փոփոխություններ չի իրականացրել, ինչի հետևանքով պարբերաբար են դարձել հաղորդագրությունները ինքնասպանությունների, դժբախտ դեպքերի մասին։ Այս վիճակագրությունն այլ կլիներ, եթե կառավարությունը հստակ բարեփոխումներ սկսեր, համոզված են իրավապաշտպանները։

Դիտումներ՝ 201

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????