Իրավապաշտպան Արթուր Սաքունցը պնդում է, որ հեղափոխությունից հետո իրավապահ մարմինների բացահայտումները տասնամյա վաղեմության՝ 2008 թվականի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ հիմք են պնդելու, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներգրավել է պետական բոլոր ռեսուրսները իշխանությունն ապօրինաբար պահելու համար:
«Ժամանակին մարտի 1-ի դեպքերի հետ կապված և հատկապես Փաստահավաք խմբի կողմից ձեռք բերված տեղեկությունները արդեն իսկ բավարար հիմքեր էին տալիս հարցեր առաջադրելու մահացածների մահվան հանգամանքների վերաբերյալ, նաև Զինված ուժերի ներգրավման և նաև առանձին հատվածներում՝ Լեո, Պարոնյան փողոցների հատվածում գործողությունների վերաբերյալ, դիպուկահարների առկայության մասին, սպառազինության մեջ Զինված ուժերի եղած զենքերի օգտագործման վերաբերյալ: Այսինքն, կային բազմաթիվ փաստեր, որոնք այդպես էլ մնացին չքննված անցած 10 տարիների ընթացքում», - ընդգծեց իրավապաշտպանը:
Ավելին, ըստ Սաքունցի, «իշխանությունների կողմից և հատկապես Ռոբերտ Քոչարյանի կողմից բերված բազմաթիվ փաստերը, ընդհակառակը, որևէ հիմնավորում կամ որևէ հիմնավորումներ դրանց առկայության մասին չկային»:
«Կարծում եմ, որ մեզ համար չպետք է զարմանալի լինի, որ Հատուկ քննչական ծառայության կողմից, թեկուզ՝ 10 տարի հետո, բավարար հիմքեր են ձեռք բերվում, որոնք վկայում են այդ սարսափելի հանցագործության մասին՝ այն է, որ ամբողջ պետական ռեսուրսները, այդ թվում նաև՝ Զինված ուժերը, ներգրավվել են ընդդիմության և ժողովրդի, բողոքող ժողովրդի դեմ, զուտ միմիայն մեկ նպատակով՝ որպեսզի պաշտպանեն իրենց իշխանությունը, որպեսզի իշխանափոխություն տեղի չունենա», - ընդգծեց իրավապաշտպանը:
Սաքունցը կարծում է, որ «դեռևս մնացած 9 հոգու սպանության հանգամանքների վերաբերյալ էլ մենք կունենանք շատ հստակ տեղեկություններ՝ նրանց սպանության հանգամանքների մասին, կատարողների մասին»: «Իսկ դա ընդամենը ապացուցում է մի բան՝ որ «Մարտի 1»-ի գործով քննությանը զուգահեռ ձևավորվում են նաև հիմնավորումները՝ մեղադրանք առաջադրելու թե՛ Սերժ Սարգսյանին, մեղադրանք առաջադրելու թե՛ նախորդ ժամանակահատվածում գլխավոր դատախազի, Հատուկ քննչական ծառայության ղեկավարների նկատմամբ», - շեշտեց իրավապաշտպանը:
Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը երեկ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ համատեղ ասուլիսիժամանակ մի շարք բացահայտումներ արեց «Մարտի 1»-ի գործով՝ հայտարարելով, մասնավորապես, որ 2008-ի այդ արյունալի իրադարձությունների ժամանակ բանակը կրակել է մարդկանց, բնակարանների ուղղությամբ, և որ ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:
Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:
Այս տարի Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունից հետո Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց «Մարտի 1»-ի քրեական գործին նոր գործեր միացնելու մասին, սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանք՝ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին:
Leave a Reply