Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ովքեր ասում են՝ Հռոմի կանոնադրության վավերացումը Պուտինի դեմ է, ապացուցում են, որ թե՛ նախկինում, թե՛ այժմ հանդես չեն գալիս ՀՀ ինքնիշխանության, ժողովրդավարության և անվտանգության շահերի դիրքերից․ Սաքունց

March 29, 2023

Լրատվամիջոցները մեր մասին

Հռոմի ստատուտի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ  ՍԴ-ի որոշումը իրարանցում և  հիստերիա   է հարուցել  ՌԴ-ի իշխանական և մերձիշխանական  շրջանակների մոտ։  «Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում պաշտոնական Երևանի` Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի «օրդերների» ֆոնին»,- ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը` ուշադրություն  հրավիրելով այն փաստի վրա, որ «հայկական կողմին զգուշացվել է» երկկողմ հարաբերություններում Երևանի հնարավոր քայլերի «չափազանց բացասական» հետևանքների մասին։  

 

Հիշեցնենք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինին ու ՌԴ երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային հրաման էր տվել մարտի 17-ին։

 

Ինչո՞վ բացատրել ՌԴ-ից հնչող այս հիստերիկ արձագանքը,  արդյո՞ք այն թելադրված է միայն ՌԴ ղեկավարության հնարավոր ձերբակալման հանգամանքով, թե՞ ՌԴ-ն փորձելով կանխարգելել ստատուտի վավերացումը, փորձում է հեռահար մեկ այլ  խնդիր լուծել՝ խոչընդոտել  ՀՀ-ի կողմից Միջազգային քրեական դատարանում ընդդեմ  Ադրբեջանի գործընթացի սկսումը, որը հնարավոր կլինի, երբ ՀՀ-ն վերջնականապես միանա ստատուտին՝ վավերացնելով  ԱԺ-ի կողմից։   

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Civic.am-ի հետ զրույցում նախ ասաց՝ ՀՀ-ի ներսում ցանկացած քննադատություն Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ  «գործողություն է ընդդեմ ՀՀ-ի ինքնիշխանության, հօգուտ ՌԴ-ի կողմից ՀՀ-ի գաղութացման խորացման, և Իլհամ Ալիևի ռեժիմի պահանջների կատարման»։

 

«Երբ ՀՀ իշխանություններին ոմանք մեղադրում են Ալիևի պահանջները կատարելու մեջ, սակայն զուգահեռ քննադատում են ստատուտի վավերացումը, որի դեպքում  ՀՀ-ն ձեռք է բերում Միջազգային քրեական  դատարանում Ադրբեջանի դեմ քրեական հետապնդման գործիք, ապա հետաքրքիր է՝ ովքե՞ր են այդ դեպքում  Իլհամի ռեժիմի գործընկերներն ու քավորները»,- նշեց իրավապաշտպանը։

 

Նրա խոսքով՝  թավշյա հեղափոխությունից հետո  պուտինյան ռեժիմը  ոչ մի անգամ   հանդես չի եկել ՀՀ-ում ժողովրդավարության վերականգնման, իրավական պետության ձևավորման ուղղությամբ ջանքերը խրախուսելու, ինքնիշխանության պահպանմանն   աջակցելու  դիրքորոշմամբ։  «ՌԴ-ն միշտ հանդես է եկել այլ՝ արևմտյան պետություններին ուղղված՝  իբր թե հետխորհրդային պետությունների ներքին կյանքին միջամտելու մեղադրանքներով, մինչդեռ իր վերջին հայտարարությունները ցույց են տալիս, թե ով և ինչ աստիճան է թույլ տալիս իրեն կոպիտ միջամտել ինքնիշխան պետության ներքին գործերը։ Ստատուսի հնարավոր վավերացման,  փաստաթղթի վերաբերյալ ՍԴ-ի որոշման մասին  արտահայտված դիրքորոշումները ոչ միայն ոչ դիվանագիտական պահվածք են, այլև կոպտորեն ՀՀ  ներքին գործերին  միջամտելու գործողություն։  Երկրորդ․  մենք չենք տեսել, որ ՌԴ-ն հարգանք ունենա միջազգային իրավունքի և ինստիտուտների հանդեպ։ Եվ դա եղել է Պուտինի հայտնի՝ մյունխենյան (2007 թ.)  ճառից հետո։  2014-ին Ղրիմի անեքսիան, Ուկրաինայի արևելքում պատերազմի հրահրումը,  2022 թ փետրվարի 24-ի ռազմական ագրեսիան  Ուկրաինայի դեմ դրա վկայությունն են։ Մինչև հիմա, չնայած միջազգային մարդասիրական  իրավունքի բոլոր խախտումներին, ՌԴ-ն  որևէ դիրքորոշում չի հայտնել՝ պահանջի առումով,  Բաքվի ռեժիմի կողմից պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման մասին, այն դեպքում, երբ  հենց Պուտինի ստորագրությունն է նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության տակ, որի կետերից մեկը գերիների վերադարձի մասին է։  44-օրյա պատերազմի սանձազերծման, ՀՀ-ի նկատմամբ  սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիայի, Լաչինի միջանցքի՝ արդեն 100 օրից ավելի շարունակվող  շրջափակման հետ կապված էլ  չենք տեսնում կոնկրետ գնահատականներ ու գործողություններ դաշնակից պետության կողմից»։ 

 

Սաքունցը հավելեց նաև, որ ՀՀ-ն Հռոմի ստատուսին միանալով հետապնդում է իր ներպետական շահերը և այն վավերացնելու դեպքում որպես պատշաճ հայցվոր է հանդես գալու հենց  Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից պատերազմական հանցագործությունների, հայ զինվորների  գնդակահարությունների հետ կապված, որոնք մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են։ «Պուտինն ու Ալիևը ընդդեմ մարդկության գործած հանցագործությունների առումով  նույն հարթության վրա են, արժեքային նույն դաշտում են։  Եվ այս առումով  Կրեմլի  անհանգստությունը շատ պարզ է՝  մի հանցագործը պետք է մյուս հանցագործին աջակցի և  խոչընդոտի ընդդեմ մարդկության կատարված հանցագործությունների համար պատասխանատվություն կրելու գործընթացին»,- նշեց մեր զրուցակիցը։

 

Այսինքն՝  Ադրբեջանն ու ՌԴ-ն համաձայնեցվա՞ծ են գործում  ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը վիժեցնելու հարցում՝ մեր դիտարկմանն  ի պատասխան՝ Սաքունցն արձագանքեց․ «Անկասկած․ Ղարաբաղյան պատերազմի հետ կապված, ՀՀ-ի նկատմամբ ագրեսիայի հարցում մենք տեսել ենք այդ համաձայնեցված գործողությունները, դրանում կասկած չկա։ Եվ ՌԴ-ի այս մոտեցումը՝ ստատուտի վավերացման մասով,   գալիս է հերթական անգամ ապացուցելու, որ հենց պուտինյան ռեժիմը Ալիևի ռեժիմի հետ ունի ընդհանուր շահեր։ Բացի այդ,  ՌԴ-ն դաշնակցային հարաբերություններ ասվածը  որևէ պետության հետ՝ Բելառուսի, Հայաստանի, դիտարկում է ոչ թե որպես էությամբ դաշնակցային, այլ որպես իրեն ենթարկվող, իր պահանջները կատարող և իր շահերը սպասարկող սատելիտ պետությունների հետ հարաբերություններ։ Այնպես որ, ես չեմ էլ զարմանում Պուտինի և Ալիևի համագործակցությամբ, դա եղել է և շարունակվում է»։

 

Հաշվի առնելով  դաշնակից պետության  կեցվածքը՝ արդյո՞ք ՀՀ կառավարությունը պետք է ԱԺ-ի վավերացմանն  ուղարկի  խնդրո առարկա փաստաթուղթը և  ինչ զարգացումներ են հնարավոր վավերացումից հետո՝ հարցին Սաքունցը պատասխանեց․  «Կարծում եմ՝ պետք է ուղարկի, և ԱԺ-ն էլ պետք է վավերացնի։ Հասկանալով հանդերձ, որ կարող են տարբեր խնդիրներ ծագել, հարուցվել պուտինյան ռեժիմի կողմից։  Բայց, կներեք, մինչև Հռոմի ստատուտը այդ խնդիրները չէին առաջացե՞լ։ Անկախ նրանից՝ ՀՀ-ն կվավերացնի, թե՝ ոչ, ՌԴ-ն բացարձակապես չի կատարել իր դաշնակցային պարտականությունները մեր հանդեպ։ Եվ ոչ միայն 2018-ից հետո, այլ մինչ այդ էլ՝ հատկապես Պուտինի իշախանության գալուց հետո։  Իր բոլոր գործողություններով պուտինյան ռեժիմը խոչընդոտել է ՀՀ ժողովրդավարացման զարգացումները։  Պուտինահպատակները և նրա սպասարկուները ժամանակին ՀՀ բոլոր ստրատեգիական նշանակության օբյեկտները հանձնեցին ՌԴ-ին, ՌԴ-ի ճնշմամբ հրաժարվեցին ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերության ասոցացման համաձայնագրի ստորագրումից։  Եվ հիմա, երբ ասում են՝ Հռոմի կանոնադրության վավերացումը Պուտինի դեմ է,  ապացուցում են, որ թե՛ նախկինում, թե՛ այժմ հանդես չեն գալիս ՀՀ ինքնիշխանության, ժողովրդավարության և անվտանգության շահերի դիրքերից։  Իրենց պատկերացրած անվտանգությունը ՌԴ-ին ենթարկվելն է։ 2013-ին ՀՀ իշխանությունները հայտարարում էին, թե անվտանգության նկատառումներից ելնելով էր  Ասոցացման համաձայնագրի ստորագրումից  հրաժարումը և Մաքսային միությանը, այնուհետ՝ ԵԱՏՄ-ին անդամակցելը։ Կներեք, բայց 2016-ի պատերազմը սանձազերծվեց պուտինյան ռեժիմի թելադրանքից հետո, ուստի՝ այդ ռեժիմը ինչո՞ւ չապահովեց մեր անվտանգությունը։  Իսկ, առավել ևս թավշյա հեղափոխությունից հետո, երբ չկային վերազգային կոռուպցիոն մեխանիզմները և, հանձինս ՀՀ իշխանությունների, Պուտինը չէր կարող տեսնել իր  արժեքային հենքը, դաշնակից երկրի՝ մեզ հետ խոսելիս գործածվող «դիվանագիտական բառապաշարից»  ակնհայտ էր դառնում, որ  այլևս չկա վստահություն մեր նկատմամբ։ 

 

Այլ հարց է, որ ՀՀ իշխանությունները պետք է ավելի շուտ՝ հեղափոխությունից անմիջապես հետո  կատարեին կարևոր քայլերը՝  և՛ ՀԱՊԿ-ից դուրս գային, և՛ ԵԱՏՄ-ից ու վավերացնեին Հռոմի  ստատուտը։ Վստահեցնում եմ, որ շատ խնդիրներ, որոնք հիմա մենք փորձելու ենք լուծել և  դրանց  դիմագրավել, շատ ավելի լավ պայմաններում կարող էինք լուծել։ Բայց, ինչ արած,  հիմա թեև ուշ է, բայց պետք է անել, քանի որ սեղանի վրա դրված է ՀՀ-ի՝ որպես ինքնիշխան պետության գոյությունը»։ 



Սաքունցը անդրադարձավ նաև ռուսաստանաբնակ որոշ հայազգի օլիգարխների (մասնավորապես «Տաշիր Գրուպ»-ի ղեկավար Սամվել Կարապետյանի)՝ Հռոմի ստատուտի վերաբերյալ  հայտարարություններին՝ նշելով․ «Այդ գործարարները, որոնք բարբաջում են, լավ կլինի՝ տեղները նստեն։ Նրանց բոլոր կենսական շահերը ամրագրված են պուտինյան ռեժիմի շրջանակներում։ Իսկ ովքեր փորձում են ինքնուրույն լինել, հանձինս մեր վաղամեռիկ գործարար Լևոն Հայրապետյանի, հայտնվում են բանտում և փտում են այդտեղ  կամ էլ սպանվում։ Իրենք չէ, որ պետք է Հայաստանի մասին խոսեն»։ 

 

Սաքունցը չբացառեց, որ   ԱԺ-ի կողմից ստատուտը վավերացնելուց  հետո  տարատեսակ ոտնձգություններ կարող են լինել  ՀՀ-ի դեմ՝ (ի դեմս գործող իշխանության)  ահաբեկչական գործողություններ և այլն, նաև հավելեց՝  հույս ունի, որ իշխանությունները բոլոր ռիսկերը հաշվարկել են։  

 

Լրատվամիջոցը՝ Civic.am
Հեղինե Մանուկյան 

 

 

 

 

 

 

Դիտումներ՝ 40

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????