Լրատվականները մեր մասին | Տեսադարան
«Պետք է հանձնառություն ու ռազմավարություն ԵՄ-ին ինտեգրվելու համար։ Դրա երկու տարբերակ կա։ Առաջինը՝ երբ իշխանությունն է ծրագիր մշակում բոլոր բնագավառների խնդիրների լուծման միջոցով գալու և հասնելու այնպիսի ստանդարտների, որ արդեն անդամության հարցը դառնում է ձևական, բայց մենք նույնիսկ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշակիություն չենք տեսնում, այլ տեսնում ենք զգուշավորություն։ Եվ երկրորդը հանրաքվեն է, որը պահանջ է լինելու իշխանություններից ԵՄ-ին ինտեգրվելու համար, ու ժողովրդի պահանջը կարող է ամրագրվել հանրաքվեի միջոցով։ Այսինքն՝ իշխանությունը պետք է ռազմավարություն մշակի ժողովրդի կամքը իրականացնելու համար»: Այս մասին ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, անդրադառնալով հարցին, թե ինչու պետք է անցկացվի հանրաքվե ԵՄ-ին անդամության հայտ ներկայացնելու համար։
Սաքունցը նշեց, որ ռիսկեր միշտ էլ լինում են, բայց ժողովրդի կամքի արտահայտման իմաստը այն է, որ ժողովուրդը դրա հետ կապված պատրաստակամ է ռիսկերը դիմագրավելու համար։ Հարցին, թե ինչու պետք է ԵՄ-ն հետաքրքրվի մեր պետությամբ, որը ունի շատ խնդիրներ, Սաքունցը ասաց. «ՀՀ-ն, որպես սուբյեկտ, արդյոք կարողանալո՞ւ է իր շահերը այնպես ձևակերպել, որ ներդրում ունենա այդ կարևոր կառույցում։ Խնդիրը ոչ միայն այն է, թե ԵՄ-ն ինչ շահ ունի ՀՀ-ի ինտեգրմամբ, այլ ՀՀ-ն ինչ ունի ԵՄ-ին առաջարկելու։ Եթե մեր պետությունում ապահովված է իրավունքը, ապահով է պետությունդ, ու պետությունը պատասխանատու է մարդկանց անվտանգության համար, ապա ԵՄ-ն կտեսնի իր շահը, բայց եթե դու գլխացավանք ես, ապա ԵՄ-ն իր շահը չի տեսնի։ Ոչ միայն ԵՄ-ում պետք է տեսնես հնարավորություններ, այլև ԵՄ-ն ևս պետք է տեսնի հնարավորություններ իր խնդիրները այս տարածաշրջանում լուծելու համար։ Սա փոխադարձ է»։
Մանրամասն՝ տեսանյութում