Լրատվամիջոցները մեր մասին | Տեսադարան
Նախօրեին ՀՀ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթաց սկսելու վերաբերյալ օրենքի նախագիծը։ Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։
Ա․Սաքունցը այս գործընթացը դրական քայլ է համարում, միևնույն ժամանակ նշում, որ համաձայն չէ ԱԺ մեծամասնության որոշ ներկայացուցիչների այն մոտեցումներին, որ սա ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց չէ. վերջինս դա համարում է սոփեստություն և հակադարձում, որ սա հենց ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց է։
Սաքունցի խոսքով՝ եթե դու հանձնառություն ես վերցնում ԵՄ-ի անդամության գործընթացի, ապա այդ գործընթացը հնարավոր չէ իրականացնել, եթե զուգահեռ չես իրականացնելու ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց։
«Ինչպես անմիջապես չէ ԵՄ անդամություն լինելը, այնպես էլ անմիջապես չէ ԵԱՏՄ-ից դուրս գալը։ Այո, բնության մեջ և կյանքում չի լինում, որ մի կետից մյուս կետը միանգամից թռիչքաձև տեղափոխվես, բայց չես կարող միաժամանակ երկու կետում գտնվել, դա քվանտային մեխանիկա չէ։ Այսինքն՝ պետք է ազնվորեն և ճշգրտորեն ասել՝ այո, ԵՄ անդամության գործընթացի այս պրոցեսն անխուսափելիորեն առաջացնելու է խնդիրներ ԵԱՏՄ անդամության հետ, և դա նշանակում է, որ ԵՄ անդամության գործընթացը անխուսափելիորեն պետք է հանգեցնի ԵԱՏՄ անդամությունից դուրս գալու գործընթացի իրականացմանը և հետևաբար ինչ-որ մի պահի՝ դադարեցմանը»,- ասաց Արթուր Սաքունցը։
Դիտարկմանը՝ երբ ԱԺ-ն ընդունեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթաց սկսելու վերաբերյալ օրենքի նախագիծը, առաջինն արձագանքեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ասելով, որ դա ՀՀ ինքնիշխան իրավունքն է՝ տողատակերում խոսելով նաև վտանգների մասին, մեր զրուցակիցն արձագանքեց. երբ ՌԴ-ի կամ Կրեմլի խոսնակների շուրթերից հնչում է «ինքնիշխանություն» հասկացությունը մեկ այլ պետության նկատմամբ, իհարկե դա անհեթեթություն է, որովհետև հատկապես հետխորհրդային տարածաշրջանի պետությունները իրենք ընդհանրապես չեն համարում, որ կարող են լինել ինքնիշխան, ավելին՝ նրանք դիտարկում են, որ այդ պետությունները պետք է հպատակվեն կամ Կրեմլին, կամ ԵՄ-ին, կամ ԱՄՆ-ին։
Մանրամասն՝ տեսանյութում
Civic.am
Լիլիթ Թադևոսյան