Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վեթինգ. ո՞ւր հասավ իրականացումը

October 19, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո սկսեց ակտիվորեն քննարկվել անցումային արդարադատության անհրաժեշտության, իսկ 2019-ի մայիսից՝ դատական համակարգում վեթինգի հրատապության հարցը։ Թեպետ դատական համակարգում վեթինգի իրականացման մասին ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով էր բարձրաձայնվում, այդ հայտարարություններից ավելի քան երեք տարի անց դատական համակարգի վեթինգ չի իրականացվել, իշխանությունները բավարարվել են դատավորների նկատմամբ միայն կարգապահական վարույթներ հարուցելու ու նրանց գույքի, ունեցվածքի, եկամուտների, շահերի հայտարարագրերն ուսումնասիրելու գործողություններով։

 

Ի՞նչ է վեթինգը և ինչպե՞ս այն մտավ Հայաստանի օրակարգ

 

Վեթինգը անցումային արդարադատության գործիք է, որի նպատակը հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության, տարբեր շրջանակների հետ փոխկապակցվածության ստուգումն է ու դրա արդյունքներով պաշտոնատար անձի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը որոշելը։ Վեթինգի նախնական պատկերացումն այն էր, որ դրա կիրառմամբ Հայաստանի դատական համակարգում կզտվեն բարեվարքությամբ աչքի չընկած ու կոռուպցիոն կապեր ունեցող դատավորները։ 2019-ի մայիսի 20-ին դատական համակարգի խնդիրների մասին իր հայտնի ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»։ Բացի այդ, նույն ելույթում Փաշինյանը հայտարարեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված, քաղաքացիների իրավունքները կոպիտ խախտած դատավորները պիտի հեռանան կամ հեռացվեն իրենց պաշտոններից։

 

 

Հետագա ամիսներին արդարադատության նախարարությունն աշխատում էր «հայկական վեթինգ»-ն իրականացնելու ուղղությամբ, սակայն նախագիծը, որ շրջանառվեց արդարադատության նախարարության կողմից, լիովին հակասում էր Փաշինյանի ուրվագծած գործողություններին։ 2020-ի մայիսին Նիկոլ Փաշինյանն ու արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ուղիղ եթերում թվարկում էին պատճառները, թե ինչու Հայաստանում վեթինգ հնարավոր չէ իրականացնել։ Ռուստամ Բադասյանը ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց՝ միանգամից բոլոր դատավորներին համատարած, կարճ ժամանակում ստուգելը կարող է բացասական հետևանքների բերել, բացի այդ, դա իրականացնելու համար պետք են սահմանադրական փոփոխություններ, ուստի անհրաժեշտ է գնալ «դատական համակարգի աստիճանական առողջացման»։

 

 

Փոխարենը, Փաշինյանն ու Բադասյանը առաջարկում էին վեթինգին փոխարինող այնպիսի տարբերակներ, ինչպիսիք էին Բարձրագույն դատական խորհրդի կողմից և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից դատավորների գույքային վիճակի ուսումնասիրությունը, անհամապատասխանությունների հայտնաբերումը և այլն։ Բացի դրանից, նախարարությունն առաջարկում էր ստեղծել դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով, որը բաղկացած էր հինգ անդամներից, հանձնաժողովի նպատակը պիտի լիներ գնահատել դատավորների աշխատանքը, ծառայողական առաջխաղացման ցուցակը կազմելիս նպաստել լավագույս թեկնածուների առաջմղմանը, մատնանշել դատավորների արդյունավետ աշխատանքի ուղիները և այլն։ Այս սկզբունքների հիման վրա էլ խորհրդարանը 2021-ին ընդունեց նոր դատական օրենսգիրքը։

 

2022-ի հուլիսին կառավարությունն ընդունեց դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարությունը, որտեղ վեթինգի իրականացման գաղափարն իսպառ բացակայում էր, փոխարենը կառավարությունը որպես ռազմավարական նպատակ որդեգրել է անցումային արդարադատության գործիքակազմի ներդրումը։ Որպես նման գործիք արդարադատության նախարարությունը ֆիքսել է փաստահավաք գործունեության համար անհրաժեշտ կառուցակարգերի ներդրումը։ Այս ռազմավարության գործողության ծրագրով էլ արդարադատության նախարարությունն ամեն ինչ սկսում է զրոյից, ռազմավարությունը որևէ կերպ չի շոշափել դատավորների զտմանը կամ ՄԻԵԴ վճիռներով փաստված, ներպետական ատաններում անարդար որոշումներ կայացրած դատավորներից ազատվելուն վերաբերող հարցեր։

 

Ի՞նչ էր առաջարկում քաղաքացիական հասարակությունը

 

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները 2018-ից ի վեր խոսում են անցումային արդարադատության անհրաժեշտության, մասնավորապես, դրա գործիք վեթինգի կիրառման հրատապության մասին։ Կառավարության հետ համագործակցությամբ քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ ու մասնագետներ աշխատում էին վեթինգի իրականացման հնարավոր ուղիների շուրջ, բայց Բադասյանի և Փաշինյանի՝ վերը հիշատակված զրույց-քննարկումից հետո, երբ պարզ էր, որ վեթինգի իրականացումը սպասվածի նման չի լինելու, յոթ կազմակերպություններ, ինչպես նաև փաստաբաններ իշխանությունից պահանջեցին դատաիրավական ոլորտի բոլոր մարմիններում իրականացնել «խորքային վեթինգ»։ Կազմակերպությունները շեշտել էին, որ անհրաժեշտ է ԲԴԽ-ն ներառել որպես վեթինգի առաջնային թիրախ։

 

2020-ի մայիսին քաղաքացիական հասարակության կազմակերպությունները իրենց մշակած փաթեթը ներկայացրին կառավարությանը՝ արդյունավետ վեթինգ իրականացնելու համար։ Նրանք առաջարկում էին եռափուլ վեթինգի գործողություններ՝

 

  1. դատավորների, դատախազների գույքի ստուգում՝ առանց ժամանակային սահմանափակման

  2. կապերի ստուգում՝ պարզելու, թե արդյոք դատավորը, դատախազը հակումներ է ունեցել հարելու հանցավոր խմբերին կամ գործել է նման խմբերի ճնշման ներքո

  3. արհեստավարժության գնահատում. սրա շրջանակում ստուգվելու էին, թե արդյոք պաշտոնյան կարող է անաչառ ու արհեստավարժ որոշումներ ընդունել, թե ոչ

 

ՀԿ-երը առաջարկում էին նաև, որ վեթինգն իրականացնեին «Անկախ որակավորման հանձնաժողովն» ու «Վերաքննիչ հանձնաժողովը»։ Նրանք փաթեթում ներկայացրել էին վեթինգի իրականացման միջազգային փորձը՝ հիմնված Ալբանիայի, Քենիայի, Բոսնիա և Հերցեգովինայի օրինակների վրա։ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ներկայացուցիչ Տաթևիկ Խաչատրյանը, ներկայացնելով Ալբանիայի օրինակը, ասաց՝ նախ այնտեղ առանց նոր դատավորների թեկնածուների պատրաստման գործող դատավորների զտում է իրականացվել, որը բերել է կադրային խնդիրների, այդտեղից էլ՝ դատավորների թափուր տեղերի խնդրի ու արգելակել դատարանների աշխատանքը, իսկ Հայաստանում իրենք առաջարկում են դատավորների զտմանը զուգահեռ իրականացնել դատավորի թեկնածուների վերապատրաստում. «Մենք առաջարկել ենք մի քանի գործողություն անել միաժամանակ՝ նոր կադրերի պատրաստում, որ կոլապս համակարգում չառաջանա, համակարգն աշխատի։ Առաջարկում ենք իրականացնել զտում, միաժամանակ մշակել օրենսդրություն, թե կոնկրետ դատավորի ինչն ենք ուզում ստուգել։ Ալբանիայում շատ ընդհանրական էին դրել չափորոշիչները ու շատ դատավորներ ուղղակի չէին բավարարում դրանց»,- ներկայացրեց Խաչատրյանը։ Այնուհանդերձ, ներկայում ալբանական հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ բարձրացել է, բիզնես հատվածն էլ ավելի ազատ է դարձել ու դա, Խաչատրյանի խոսքով, միմյանց հետ խիստ կապակցված գործընթացներ են։

 

Քաղհասարակության ներկայացրած առաջարկների փաթեթում ներկայացվել է նաև Բոսնիա և Հերցեգովինայի օրինակը։ 2001-ին այնտեղ ստեղծված Անկախ դատական և դատախազական հանձնաժողովը առաջարկեց տեղի ունեցող վերանայման/ստուգման գործընթացը փոխարինել բոլոր դատավորների և դատախազների վերանշանակման գործընթացով.

 

Վերանշանակման մոդելը բաղկացած էր երկու բաղադրիչից՝

 

  1. Օրենսդրական փոփոխությունների արդյունքում բոլոր դատավորների և դատախազների հաստիքները հայտարարվել են թափուր, և բոլոր այն որակյալ մասնագետները, ովքեր ցանկանում էին նշանակվել դատավորի կամ դատախազի պաշտոնում, կարող էին դիմել և մասնակցել բաց մրցույթին։ Սա վերաբերում էր նաև նախկին դատավորներին և դատախազներին, ովքեր ցանկանության դեպքում պետք է կրկին դիմեին այդ պաշտոնում նշանակվելու համար։

  2. Բացի գործող դատավորների անձնային կամ որակական հատկանիշներից, Հանձնաժողովը նաև խնդիրներ էր արձանագրել դատական համակարգի կառուցվածքի և արդյունավետության վերաբերյալ։ Այսպիսով, սկսվեցին կառուցվածքային փոփոխություններ, որոնք իրականացվում էին երեք հիմնական չափանիշի հիման վրա՝ դատավորների ծանրաբեռնվածություն, տվյալ դատարանի կողմից «սպասարկվող» ազգաբնակչության թիվ և հեռավորություն մեկ այլ մեծ դատարանից և այլն։

 

Տաթևիկ Խաչատրյանի խոսքով՝ այս երկրներում օլիգարխները և համակարգի մաս կազմող այլ շրջանակներ տարբեր մեդիա ընկերությունների ձեռքբերմամբ փորձել են հանրային տրամադրություններ ձևավորել վեթինգի իրականացման հետ կապված.

 

«Հայաստանում համակարգի ներսում կար հզոր դիմադրություն վեթինգի իրականացմանը, արդարադատության ոլորտը փոքր է, անգամ քաղաքականություն մշակողներն ունեն շահեր, դատական համակարգը ընդհանրապես կարծրացած է ու շատերը զգում էին, որ չեն անցնի այդ ստուգումները»,- կարծիք հայտնեց փորձագետը։

 

Նա առանձնացրեց մեկ այլ գործոն էլ, որը խանգարեց վեթինգի իրականացմանը. դա, ըստ Խաչատրյանի, գիտելիքի պակասն էր, պատասխանատուները համապատասխան կամք ու պատրաստակամություն չդրսևորեցին գտնելու, պրպտելու լավագույն լուծումը։

 

Անդրադառնալով վեթինգի գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի դերին՝ Տաթևիկ Խաչատրյանը շեշտում է, որ վերջին շրջանում ԲԴԽ-ում նախագահ և անդամներ են փոխվել, ուստի գործող ԲԴԽ կազմը սկզբունքորեն տարբերվում է մեկ տարի առաջ եղած կազմից։ Այժմ ԲԴԽ նախագահ է Կարեն Անդրեասյանը, իսկ ԲԴԽ անդամ է դարձել արդարադատության նախարարությունում նրա տեղակալ Երանուհի Թումանյանցը։ Տաթևիկ Խաչատրյանը շեշտում է՝ այս անձինք նախկինում վեթինգի իրականացման կողմնակիցներ են եղել, բայց դատողություններ անելը դեռ վաղ է։ Նա կարծում է, որ այնուհանդերձ ԲԴԽ-ն ևս պիտի անցնի վեթինգի գործընթացի միջով. «Վեթինգը ավելի խորքային բարեփոխումների գործընթաց է, որտեղ ԲԴԽ-ն կարևոր, բայց ոչ կենտրոնական դեր ունի։ ԲԴԽ-ն պետք է վեթինգ անցնի, որպեսզի մյուս դատավորներին սկսի ստուգել, հակառակ դեպքում պետք է ԲԴԽ-ից դուրս նոր անկախ մարմին ստեղծվի վեթինգ անելու համար։ Այդպես է եղել, օրինակ, Ալբանիայում»։

 

Ի՞նչ է պատմում վիճակագրությունը

 

Ինչպես վերը նշեցինք, իշխանությունները դատավորներին հատուկ հանձնաժողովի միջոցով քննության ենթարկելու ու զտման միջոցով փոփոխելու փոխարեն գնացին վերջիններիս ունեցվածքի հայտարարագրերը ստուգելու, ինչպես նաև ԲԴԽ-ի միջոցով ըստ անհրաժեշտության նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու ճանապարհով։ ՍիվիլՆեթը ԲԴԽ-ից և արդարադատության նախարարությունից որոշ վիճակագրական տվյալներ է ստացել այս գործողությունների մասին։

 

Ըստ ԲԴԽ-ի՝ 2018-ից մինչև 2022-ի սեպտեմբերի 1-ը ԲԴԽ է ներկայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու 53 միջնորդություն, որից բավարարվել է 24-ը։ Բարձրագույն դատական խորհուրդ համապատասխան միջնորդություններ կարող են հասցեագրել չորս մարմիններ՝ արդարադատության նախարարը, դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, իսկ մյուս տարբերակն էլ այն է, որ ԲԴԽ-ն ինքը սկսի նման գործընթաց։

 

Անցած տարվա ամփոփիչ տվյալներով՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ԲԴԽ է հասցեագրվել դատավորին պատասխանատվության ենթարկելու վեց միջնորդություն, որի կեսը մերժվել է, երկուսի քննության արդյունքում դատավորին հայտարարվել է նախազգուշացում, իսկ մեկի դեպքում՝ խիստ զգուշացում։

 

Անցած տարվա ընթացքում արդարադատության նախարարի կողմից ԲԴԽ է ներկայացվել տասնութ միջնորդություն, որից ութը մերժվել է, երեքի դեպքում վարույթը կարճվել է։ Մնացած յոթ դեպքերում եղել է նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն։ Այդ միջնորդություններից միայն մեկ դատավորի դեպքում է լիազորությունների կասեցում եղել՝ էական կարգապահական խախտման հիմքով։

 

Նույն ժամանակահատվածում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը լիազորություն ունի ստուգելու դատավորների գույքի, ունեցվածքի, եկամուտների, շահերի հայտարարագրերը, ԲԴԽ է ներկայացրել երեք միջնորդություն, որոնցից մեկը մերժվել է, իսկ երկուսի վարույթները կարճվել են։ Հանձնաժողովը նաև մեկ դատավորի պաշտոնավարման անհամատեղելիության մասին եզրակացություն է ներկայացրել ԲԴԽ, որը բավարարվել է, դատավորի լիազորությունները կասեցվել են։

 

ՍիվիլՆեթը արդարադատության նախարարություն գրավոր հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե այս տարվա ինն ամիսների կտրվածքով քանի՞ միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ։ Նախարարությունից պատասխանել են՝ այս տարվա ընթացքում ԲԴԽ է ներկայացվել 13 միջնորդություն, որոնցից 5-ը մերժվել է, 4-ը բավարարվել, ևս 4-ի հետ կապված դեռևս որոշումներ ԲԴԽ-ի կողմից առկա չեն։

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սիվիլնեթին հայտնել է, որ այս տարվա ինն ամիսների ընթացքում ուսումնասիրել է 86 դատավորների և նրանց հետ փոխակապկցված 242 անձանց հայտարարագրեր։ 86-ից միայն 15-ի դեպքում է հարուցվել վարչական վարույթ։ ԿԿՀ-ից նաև հայտնել են, որ 83 դատավորից և 86 փոխկապակցված անձացից պարզաբանում են հայցել, եթե չստանան վստահելի պարզաբանումներ, վարույթը կկասեցվի ու կուղարկվի դատախազություն։

 

Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, որը պաշտոնավարեց 2021-ի օգոստոսից մինչ 2022-ի հոկտեմբերը, վեթինգ չիրականացնելը պատճառաբանում է սահմանադրական արգելքով,ու պնդում՝ «գրեթե չկա ողջամիտ մասնագետ», որ վիճի սրա հետ։ Նախարարը պատմում է՝ կար վեթինգի մի ուրիշ ճանապարհ, որը ձախողվել է. «Դա պիտի լիներ գործադիրի ու ԲԴԽ-ի համագործակցության արդյունքում, դա մի վեթինգ կլիներ, ճիշտ է, չէր լինի այն, ինչ ուզում էր իրականացներ հեղափոխական իշխանությունը, որը չկարողացանք անել սահմանադրական պատճառով։ Այդ վեթինգը պիտի լիներ այսպես՝ նախարարությունը պիտի բացահայտեր դատավորների բոլոր խախտումները, դա պիտի տանեինք ԲԴԽ, ԲԴԽ-ն պիտի դա արդար քններ, ու դատավորները պիտի պատասխանատվության ենթարկվեին՝ մի մասը դուրս գար պաշտոններից, մի մասը նկատողություն ստանար։ Սա մաքրման, ֆիլտրման գործընթաց էր լինելու։ Պիտի անկեղծ խոստովանեմ, որ պետական համակարգը չկարողացավ սա իրականացնել, գոնե իմ սպասած մեկ տարվա ընթացքում, բայց ես էի միամտորեն սպասում, որ տեղի կունենա»,- վեթինգ չիրականացնելու իր պատճառները ներկայացրեց նախարար Անդրեասյանը։

 

Վեթինգի իր ներկայացրած տարբերակի տապալման մեջ նա մեղադրում է ԲԴԽ-ին։ Անդրեասյանն ասում է՝ «մի ձեռքով ծափ չես տա», արդարադատության լավ նախարարությունը պիտի համագործակցի լավ ԲԴԽ-ի հետ, այնինչ վերջին մեկ տարվա ընթացքում արդարադատության նախարարությունն է մեկ ձեռքով փորձում ծափ տալ։ Որպես մեկ ձեռքով ծափ տվող կառույց Անդրեասյանը առանձնացնում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, բայց նրանք էլ «ճիշտ ձեռք չեն ստացել ԲԴԽ-ում ու դատախազությունում».

 

«Մենք երկու մարմիններով, մեր թերություններով արել ենք, բայց դրան ի պատասխան դատախազության ու ԲԴԽ-ի կողմից չի եղել ճիշտ արձագանք, էլ չեմ ասում ամբողջ իրավապահ համակարգից»,- հայտարարեց նախարարը՝

 

շեշտելով, որ մեծ հույսեր է կապում սեպտեմբերի 15-ից պաշտոնավարող Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։

 

 

Արդարադատության նախարարը խոստովանում է, որ դատական համակարգում կար դիմադրություն վեթինգի հարցով, տարբեր դատավորներ աշխատել են «իրենց կոլեգաների նախկին թիմային հարաբերությունների տրամաբանության մեջ» ու դրա պատճառով նաև դատավորների զտում չի եղել, բայց նախարարը այստեղ դիտավորություն, կոռուպցիա չի տեսնում. «Սա այն ոլորտն է, որ իմ լավատեսությունը չի արդարացել, բայց կարծում եմ, որ հաջորդ մեկ տարում կարդարանա»,- հույս հայտնեց Անդրեասյանը։

 

Լևոն Բարսեղյան. «Վեթինգ չարվեց գիտելիքի ու կամքի բացակայության պատճառով»

 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին՝ անհնազանդության գործողությունների ժամանակ ու դրանից հետո բախվել է իրավապահ ու դատական համակարգերի կամայականություններին և նշված համակարգերը մաքրելու միակ տարբերակ տեսնում է վեթինգը։ Ապրիլի 16-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, երբ քաղաքացիները փորձում էին մոտենալ ԱԺ շենքին, բախում սկսվեց ոստիկանների հետ, կիրառվեցին հատուկ միջոցներ։ «Ես էլ էի ժողովրդի մեջ, երբ սկսվեց հրմշտոց, դրա մյուս օրն ինձ մեղադրանք առաջադրվեց, իբր ես խփել եմ ոստիկանի, Հատուկ քննչական ծառայության քննիչն էր՝ Վազգեն Ավետիսյանը ինձ մեղադրանք ներկայացրեց։ Ասում են՝ դու խփել ես ոստականին, ասում եմ՝ դուք տեսագրությոն ցույց կտա՞ք, դա պիտի լինի մեղադրականի մեջ։ Կալանքի նիստի ժամանակ տեսանյութի վայրկյան-րոպեն բացում-նայում են, երևում է, որ մի պարսպի վրա կանգնած եմ ես, կողքս ջահելներ կային, պայթուցիկներից վիրավորված մարդկանց էին վիրակապում։ Կադրում երևում է, որ մի հատ աղյուս կար, կողքիս տղան վերցնում է, որ շպրտի ոստիկանների ուղղությամբ, ես ձեռքը բռնում եմ, աղյուսը դնում գետնին, ոտքս էլ վրան, որ էլ չվերցնի շպրտի։ Մեղադրող կողմը կադրը վերցնում է, ասում է՝ Լևոն Բարսեղյանը քար է շպրտում։ Ասում եմ՝ մի հատ ցույց տվեք շպրտելու դրվագը, պատասխանում են՝ էս վիդեոյում չկա, երևի շփոթել ենք, ասում եմ՝ լավ, շփոթել եք, 10-րոպեանոց վիդեո է, առաջ կամ ետ տվեք, էդ դրվագը ցույց տվեք։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նայում է, չի գտնում, չկա, ասում եմ՝ տեսնում եք, որ չկա նման կադր, մեղադրանքդ հանի, գնանք մեր գործերով, պատասխանում է՝ չէ, թող դատավորը որոշի։ Դատավորին ասում եմ՝ տեսնու՞մ ես, որ էս մարդը ապացույց չունի։ Արտուշ Գաբրիելյանը գնում է խորհրդակցական սենյակ, վերադառնում ու որոշում ինձ կալանավորել»,- հիշում է Բարսեղյանը։ Մեղադրանքում եղել է մեկ այլ դրվագ էլ, ըստ որի, Բարսեղյանը բռնություն է կիրառել ու մահակով հարվածել ոստիկանին։ Տեսանյութերում նման դրվագ ևս չի հաստատվել։

 

Ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից մի քանի ժամ անց, դատախազությունը որոշում է փոխել գյումրեցի իրավապաշտպանի խափանման միջոցն ու ազատ արձակում նրան։ Ըստ Բարսեղյանի՝ Վազգեն Ավետիսյանն այժմ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի տեղակալն է, իսկ դատավոր Արտուշ Գաբրիելյանը շարունակում է պաշտոնավարումը։ «Այս ողջ պատմությունը ես պատմել եմ նախկին նախարարներ Բադասյանին, Զեյնալյանին, պատմել եմ Կարեն Անդրեասյանին, էլ ի՞նչ անեմ»,- հարցնում է Բարսեղյանը։

 

2019-ից ի վեր վեթինգի իրականացման հարցում Բարսեղյանը իշխանության գործողություններում տեսնում է վճռականության ու գիտելիքի պակաս, վախ և այլն։ Սրանք էլ, ըստ նրա, պատճառ են հանդիսացել, որ վեթինգը ձախողվի. «Պատճառներից մեկը համակարգային գիտելիքի բացակայությունն է, դա էլ բերում էր նրան, որ տարբեր պաշտոնյաներ, գործիչներ վեթինգի հետ կապված խառը, տարբեր բաներ էին ասում։ Նախկին նախարար Բադասյանի ազդեցությունն իր վրա ակնհայտ էր, նստած բացատրում էր, որ համակարգը կարող է վնասվել, Հայաստանը հեղինակազրկվել և այլն։ Սաբոտաժը չեմ բացառում։ Կամքի, համոզմունքի նահանջի դրսևորումներ տեսանք. դիտավորյալ անելուն չեմ հավատում, գիտելիքի պակաս է»,- ասաց Բարսեղյանը՝ կասկած հայտնելով ներկայում վեթինգի իրականացման Փաշինյանի վճռականության հարցում։

 

Նա կարծում է, որ վեթինգը պիտի ծավալվեր չորս ուղղություններով՝ ոստիկանական համակարգ, քննչական համակարգ, դատախազություն և դատավորներ։ Բարսեղյանի խոսքով՝ բնական է, որ տարբեր համակարգեր պիտի փորձեին դիմադրել, բայց հեղափոխական կառավարության պարտքն էլ դիմադրությունը չեզոքացնելն էր.

 

«Հետհեղափոխական բարեփոխումները պիտի լինեն կոշտ, վճռական, արագ ու օրինական։ Անշուշտ, դատական ու իրավապահ համակարգի դիմադրությունը դեր ուներ»,- շեշտեց վերջինս։

 

Լևոն Բարսեղյանի տպավորությամբ՝ իշխանությունը վեթինգի գաղափարից դեռ լրիվ չի հրաժարվել, պարզապես փորձում է «ոչ ամենագնաց մեքենայով բարձր սար բարձրանալ»։ Միևնույն ժամանակ, իրավապաշտպանը կարծիք է հայտնում, որ վեթինգի ֆիլտրերով դատավորների 60-70 տոկոսը կկարողանար անցնել ու շարունակեր պաշտոնավարումը։

 

civilnet.am

Դիտումներ՝ 21

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????